Գիր սիրե, ղալամ սիրե…

30.07.2018, Քննադատ

Արձակագիր

Վերջին օրերին օրինաչափորեն կամ պատահաբար զանգվածային լրատվամիջոցները հանգամանալից կերպով անդրադարձան գրականություն-իշխանություն թեմային, կամ ավելի ստույգ` գիրք-իշխանություն առնչություններին:  

Մեկը «Զանգակ» հրատարակչության հրաշալի գրախանութի բացումն էր Աբովյան փողոցի վրա, որին ներկա եղավ վարչապետն ընտանիքի հետ և գրքեր գնեց:

Դրանից ընդամենը օրեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո թվարկեց այն գրքերը, որոնք նվեր էր ստացել, բազմաթիվ գրողներ բուռն դժգոհությունների տարափ տեղացին հրատարակիչների գլխին, թե ինչու իրենք ու իրենց ստեղծագործությունները չեն հայտնվել այդ ցանկում:

Թեև Փաշինյանի հրապարակած գրքերի ցանկը փոքր չէր,  այնուհանդերձ ամբողջն էլ չէր:

Այն հիմնականում մեկ մատենաշարով` 21 դարի հայ գրականություն շարքով լույս տեսած գրքերն էին: Իրականում նրան նվիրել էին ավելի մեծ քանակությամբ գքեր:  Ինչո՞ւ էին վիրավորվել այն գրողները, որնք ցանկում չէին:

Անշուշտ հաճելի կլինի իմանալ, որ երկրի առաջին դեմքը թալանի ծավալներից ամեն օր շոկի մեջ հայտնվելուց զատ, քո գիրքը կարդալու ժամանակ է գտնում:

Եթե Հայաստանի առաջին դեմքերը անկախության բոլոր տարիներին, բացի մեդալ ու մրցանակ շնորհելուց , նաև փոքր ինչ հետաքրքրություն ցուցաբերած լինեին իրենց կողքին ապրող գրողի նկատմամբ ու նրա տքնանքի արդյունքով, այսօր անպայման նկատվելու` գրողների մղումն այդքան սուր չէր լինի:  

Ես էլ ուրախ կլինեմ` իմանալով, որ վարչապետին նվեր տրված գրքերիցս մեկը  նրա գրասեղանին է, բայց և դույզն իսկ չեմ վշտանա իմանալով, որ ժամանակ չի գտել ուշադրության արժանացնելու:

Ի վերջո, դրանք չեն գրվել հատկապես իշխանությունների ընթերցանության համար:  

Բնականաբար, հայ գրողները կուզեին, որ իրենց գրքերն ընթերցեր հատկապես վաչապետը, ոչ թե Նիկոլ Փաշինյանն առհասարակ:

Ինչ էլ լինի, Փաշինյանի վերոնշյալ երկու քայլերը գրքի, գրականության և առհասարակ մշակույթի և մտավոր աշխատանքի նկատմամբ մթնոլորտում արմատական փոփոխություն կարող են առաջացնել:

Անշուշտ, մեր մամուլը ծայրահեղացրել էր գրքի նկատմամբ երկրորդ և երրորդ նախագահների վերաբերմունքը և ստեղծել տպավորություն, որ նրանք առհասարակ գիրք չեն կարդում:

Նրանց այս մոտեցումն ավելի շուտ գեղարվեստական գրքին և ավելի շատ ժամանակակից հայ գրողի գրքին էր վերաբերվում:

Երբ Ռոբերտ Քոչարյանը հրապարակեց գրքերի ցանկը, որը նա կարդացել էր պաշտոնաթողությունից հետո, արձագանքները մամուլում ու սոցցանցերում հիմնականում թերահավատ էին:  

Այս ցանկում քիչ են գեղարվեստական գրքերը և բացակայում են առհասարակ հայերեն գրքերը, սակայն ցանկից զատ, նշված են էլի մի քանի հեղինակներ, որոնիցի մեկը ոչ այլ ոք է, քան Դոնալդ Թրամփը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի հարցազրույցում ասում է, թե Նարեկացի ու Քուչակ է կարդում, Չարենց և Սևակ և ամենասիրելի բանաստեղծությունը «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է և կարդում այն ուսուցիչների ու աշակերտների համար:

Այնուհանդերձ մամուլում շատ ավելի մեծ արձագանք ունեցավ և հիմնականում հեգնական վերաբերմունքի արժանացավ նախագահական նստավայի մի լուսանկարը, որում  գրասեղանին մեծաքանակ գրքերը շարված էին այնպես, որպեսզի հուշեին, թե ամենօրյա ընթերցանության, ձեռքի տակի գրքեր են:

Բնականաբար Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ինքն է շուրջ երեսունհինգ գրքի հեղինակ, մասնագիտության բերումով ավելի շատ գիտական գրականություն է կարդում, սակայն խոստովանում է, որ պաշտոնից հրաժարվելուց հետո ավելի շատ է գեղարվեստական գրքեր կարդում, որպեսզի լրացնի այն բացը, որ առաջացել էր նախագահության շրջանում: Նա թվարկում է ժամանակակից հեղինակների անունններ, որոնց ից ոչ մեկը հայ չէ:

Բացի այս թվարկումներից, համադրելով մամուլում տեղ գտած առանձին հրապարակումները, նկատում ենք մի հետաքրքիր, բայց և բացատրելի օրինաչափություն:

Ըստ դրանց, երկրորդ և երրորդ նախագահները միաժամանակ կարդում էին Դարոն Աճեմօղլուի աշխատությունը: Դրանից կարճ ժամանակ առաջ արդեն երեք նախագահները գրեթե միաժամանակ կարդացել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը:

Երկու դեպքն էլ միանգամայն հնարավոր են, քանի որ ինչպես Աճեմօղլուի տնտեսագիտական հայացքները կայծակնային արագությամբ տարածվեցին աշխարհում ու թափանցեցին Հայաստան, այնպես էլ Այլիսլիի գիրքը երկար ժամանակ հայկական գրաշուկայի գլխավոր բեթսելերն էր: Գիրքը, որ քիչ մնաց ադրբեջանցի գրողին կյանք արժենար իր հայրենիքում, Հայաստանում մի քանի  թարգմանություն ու հրատարակություն ունեցավ:

Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն երեք նախկին նախագահների, իր իսկ պնդման համաձայն, կարդում է նաև ժամանակակից հայ գրողների գործերը: Սա նրան որոշ առավելություն է տալիս ավելի խորքային կերպով ճանաչել երկիրն ու ճիշտ ժամանակին ընկալել նրա ժողովրդի տրամադրությունները:

Գրողները շատ հաճախ առաջ են ընկնում ժամանակից և բնազդորեն կանխատեսում գալիք դեպքերն ու խոշոր իրադարձությունները:

Այս պատճառով է, որ որոշ պետություններ այլ երկրների հետ կոնֆլիկտային իրավիճակների կամ հարաբերություններն առավել սերտացնելու մտադրության դեպքում մասնավոր ֆոնդերին դրամաշնորհներ են հատկացնում ու պատվիրում թարգմանել այդ երկրի ժամանակակից գրողների գործերը:

Սերժ Սարգսյանն էլ կարող էր ժամանակակից մի քանի հայ գրողների գործերում տեսնել մոտեցող հեղափոխության շնչառությունը:

 

Հովհաննես Երանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?