Պրոդյուսերական աշխատարան հայաստանցի կինոգործիչների համար

11.01.2018, Հայտարարություն

Մեկնարկում է Հայաստանում գործող, համատեղ կինոարտադրությամբ հետաքրքրված պրոդյուսերների աշխատարանը:

«EAVE ON DEMAND ՀԱՅԱՍՏԱՆ 2018» եռօրյա ինտենսիվ աշխատարանն անցկացվելու է «Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնողներ» (EAVE) կազմակերպության միջազգային որակավորում ունեցող մասնագետների կողմից: Այն տեղի կունենա Հայաստանում ապրիլի 12-16-ը և կընդգրկի 6 հայաստանցի պրոդյուսերների:

EAVE-ը զբաղվում է պրոդյուսերների մասնագիտական վերապատրաստմամբ, նախագծերի զարգացմամբ և աշխատում է գործընկերների համաշխարհային ցանցի հետ՝ խրախուսելով փորձի և հմտությունների փոխանակումը:

Այս աշխատարանը նախաձեռնել է նորաստեղծ «Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը»՝ նպատակ ունենալով աջակցել անկախ կինոարտադրողների լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերին:

Այդ ակումբը սկզբունքորեն չի ձևակերպել իր կարգավիճակը՝ գերադասելով բաց ու անկախ աշխատող ակումբի ձևաչափը:

Պրոդյուսերները հայաստանյան կինոյի ամենաթույլ օղակն են, քանի որ շատ հաճախ կինոպրոցեսի կարգավորումն ու համատեղ արտադրողների հետ շփումը արգելակվում է հենց պրոդյուսերների թերի պատրաստվածության պատճառով:

Այս աշխատարանը կօգնի լրացնել բացը:

Աշխատարանի ֆինանսավորումն ապահովում է  «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը, որը կինոլորտը դիտարկում է որպես փոքր ու միջին բիզնեսի զարգացման հնարավորություն:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և նշված փաստաթղթերի հետ միասին այն ուղարկել [email protected] հասցեին:

Առավել մանրամասն ծրագրին հնարավոր է ծանոթանալ այստեղ և ներբեռնել դիմում-հայտը: Աշխատանքային լեզուն անգլերենն է, իսկ դիմումների վերջնաժամկետը հունվարի 22-ը: