2019.09.17,

Քննադատ

Հանրայինը փակում է հաշիվները կանանց անունից

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսային ցանկացած արտադրանք, որտեղ կա խոսք, կարելի է և ցանկալի է վերլուծել մի հեշտ եղանակով. այն, ինչ ասվում է եթերից, պարզապես սղագրում ես:

Ընդ որում՝ սղագրում ես բոլոր հնչած բառերը ու ընթերցում որպես տեքստ, որպեսզի բառերի միջից ի հայտ գա միտքը ու ակնհայտ դառնան թերությունները: Սա անհրաժեշտ վարժություն է հանրային հարթակներում ելույթ ունեցողների ու առաջին հերթին՝ հեռուստաեթերով խոսք սփռողների համար:

Այն, ինչը չի երևում բանավոր խոսքում, հստակ է դառնում գրավոր շարվածքում:

Պարզ է, որ հեռուստահաղորդավարների խոսքում շատ է խոտանը՝ անպետք դարձվածքները, կրկնությունները, միջանկյալ տարբեր «գեղեցկությունները», տկար ու թերի կառուցվածքով նախադասությունները, անավարտ, բայց ժիր բառակույտերը: Սակայն մտքի ծիլ, ի վերջո, պետք է լինի: Թերևս: Երևի:

Տարիների ընթացքում հեռուսատեսությունը ընտելացրել է, որ եթերում  խոսող մարդիկ (լրատվական բլոկից դուրս), կոչված են աշխատելու կոնֆերանսյե-թամադայի ամպլուայում, այսինքն, լինելու դադար լցնողներ ու ուրախացնողներ, որպեսզի լսարանը չձանձրանա ու հանկարծ բառերի հոսքը չընդհատվի:

Իրականում, հաղորդում վարողները կարողանում են դառնալ ինքնաբավ ու իրապես հեղինակային դրոշմ ստեղծել, եթե նրանց տեքստում խոտանի չափաբաժինը քիչ է, ասելիքը կաղապարային ու քառակուսի չէ, իսկ միտք փոխանցելիս նրանք մտքում սղագրում են սեփական խոսքը:

Իհարկե, իդեալական է, երբ խոսքը մեկնաբանում ու ընդլայնում է պատկերը: Բայց դա բարդ է, պիտի լինես հակիրճ, խորը ու որքան էլ զարմանալի թվա՝ բարի: Իսկ երբ հաղորդման ընթացքում վիզուալը միայն խոսող մարդկանց դեմքերն են, օրինակ, ինչպես Հանրայինի «Կապրենք՝ կտեսնենք» նոր հաղորդաշարում, դիտողին մնում է միայն մեկ ճանապարհ՝ ոչ թե նայել խոսող չորս հաղորդավարներին, այլ սղագրել բառերն ու փորձել միտք որոնել:

Շաբաթական չորս անգամ եթերում հայտնվող այս հաղորդումն այն եզակի հետհեղափոխական հեռուստաարտադրանքն է, որից սպասում ես քաջություն: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ստանում ես այդ քաջությունը, քանի որ ծայրահեղ մաշված գլամուրային ոճով ու ահաբեկչական աստիճանի հասնող պարզունակ հարցադրումներով հաղորդում պատրաստելը 2019-ին մեծ քաջություն է պահանջում:

Ասենք, հաղորդման թեմա ընտրելը «Ո՞վ պիտի վճարի ընթրիքի համար», նկատի ունենալով կանանց ու տղամարդկանց դերային կաղապարները, նշանակում է, պիտի իսկական հերոս լինես:

Կամ առնվազն գործի դնես դարերի խորքից եկող հեգնանքը՝ նման ժամանակավրեպ հարցադրման դեպքում:

Բայց պարզվում է հեգնանք չկա, մարդիկ լուրջ քննարկում են, թե ով պետք է վճարի ուտելիքի համար, եթե ուտում են կինն ու տղամարդը:

Սա առաջին հաղորդավարական խոսքի սղագրումն է. «Փաստորեն լինել հմայիչ, ուժեղ, տաղանդավոր, հմայիչ, դա բավարար չէ, կանանց ավելի շատ հետաքրքրում են այլ հատկություններ տղամարդկանց մեջ, և այս հաղորդման մեջ պետք է բացահայտենք, թե որն է դա»:

Անհասկանալի՞ է: Դեռևս մի քիչ։

Մի կողմ դնենք տարբեր զարմանահրաշ կարծրատիպերը, որ կինը պիտի լինի կանացի ու խոցելի, իսկ տղամարդը որոշումներ կայացնող ու հաշիվ փակող («Ես ձեռքս մեկնում եմ մեքենայի դուռը բացելու համար, մոռանալով, որ կողքս կա տղամա՜րդ», «Ստացվում է, որ եթե շիշը ինքներս ենք բացում, վերցնում ենք տղամարդուց իր դերը», «Այո, դեռևս կան տղամարդիկ, որոնք ցուցաբերում են տղամարդկային հատկություններ… և մենք կանայք կարողանում ենք մեզ լիարժեք կին զգալ»):

Այս հաղորդման օրինակով կարելի է դասագիրք գրել, թե ինչպես է խոսքը հենց ծնվելու պահին դատապարտված լինել դատարկություն քողարկող:

Լավ հաղորդավարը որպես կանոն խոսելով՝ ոչ թե դադար է լցնում, այլ դադար է ստեղծում: Դա բարձրագույն վարպետություն է խոսքի հետ աշխատողների մասնագիտության մեջ: Դա ենթադրում է, որ դադարը լսարանի հետ երկխոսելու համար է, թեկուզ՝ ուղղված լսարանի ներքին խոհերին:

Արագ-արագ, թերի-աշխույժ ու ուրախ-գլամուրային խոսելաոճը ոչ միայն հեռանկարային չէ այօրվա մեդիայում, որտեղ խոսելու մենաշնորհը վաղուց արդեն չի պատկանում հեռուստատեսությանը, այլև պարզապես մոդայից դուրս է, քանի որ առանց սեփական միտքը հղկելու (սղագրելով, մշակելով, նորից սղագրելով) չես կարող հաշվի նստել լսարանի հետ:

Այն լսարանի, որը հաստատ այս հաղորդաշարի հարցադրումների կարևորությունը ընդունելու է որպես խայծ՝ ավելի լուրջ մակարդակի զրույց լսելու համար: Ասենք, ինչպե՞ս խոսել կնոջ գեղեցկության մասին, ամուսնության անհրաժեշտության, միայնակ մայր լինելու խաչի, պլաստիկ միջամտությունների ու խոցելիությունը զենք սարքելու մասին, առանց հաշվի առնելու, որ գործ ունես ոչ անգրագետ, ոչ կույր, ու ոչ խուլ լսարանի հետ:

Պարզունակ զրույցները՝ արված առանց հեգնանքի, ամենամեծ կարծրատիպն են:

Ընդհանրապես կանանց մասին այս հաղորդաշարը տեղով մի մեծ կարծրատիպ է, որը այսօրվա Հանրային հեռուստատեսությունը քաջությամբ տարածում է:

Օրինակ, այս խոսքը. «Ինձ թվում է, որոշակի իրավունքներ դեռ պետք է տալ տղամարդուն: Եվ ես համարվելով նեոֆեմինիստ, կարելի է այդպես ասել, բայց այսուամենայնիվ ես սիրում եմ տղամարդու առջև դնել ափսե, սեղան գցել տղամարդու առջև, հանձինս իմ շատ սիրելի պապայի: Եվ կարծում եմ, որ որոշակի բաներ կան, որ կինը պետք է շարունակի կատարել իր դերը, տղամարդն էլ իր դերը: Պետք չի միմյանցից դերեր խլել, քանզի եթե դերերը խլենք, ներկայացումը չի ստացվի»:

Եվս մեկ սղագրում. «Գիտե՞ք ինչ, ես առաջինը ուզում եմ, որ այս հաղորդման ընթացքում մենք բացենք շատ չակերտներ: Եվ ամենակարևոր խնդիրը հասկանանք, այսինքն մեր մեր գնահատականը դրվում է տղամարդը որպես այսպիսին, եթե հաշիվը չփակի, ուրեմն տղամարդ չի՞: Մի հատ հասկանանք, էլի: Եթե տղամարդը այդ վայրկյանին կամ րոպեին չունի այդ գումարը, ուրեմն ի՞նչ»

Այլ մեջբերումներ. «Ասում են, կանայք սեքսուալ են համարում այն տղամարդուն, ով զարմացնում է՝ ռեստորանում երեկոյան մեծ հաշիվ փակելով»:

«Հարգելով ու գնահատելով կանանց արժանապատվությունը, բայց միևնույն ժամանակ կին լինելը հաճելի է»:

«Իհարկե, հաճելի է, երբ բոլոր ջենթլմենական հնարքները կատարվում են»:

Եվս մեկը. «Կարծում եմ, մեղավորը ինչ-որ տեղ մենք ենք: 21-րդ դարում փորձել ենք հասնել եզրագծի, որտեղ սահմանում ենք ինչ-որ խնդիրներ, առաջ ենք բերում վիճակներ, որտեղ անընդհատ բերում ենք խնդիր, որ մենք հավասար ենք՝ կարող ենք աշխատել, կարող ենք գումար վաստակել և ընդհանրապես մեզ պետք չի տղամարդ, կարող ենք երեխա էլ ունենալ առանց տղամարդու և ահա տեսեք, թե ուր ենք հասնել»:

Բառերը շատ են, ծեծված ու մեծ հաշվով՝ անիմաստ, քանի որ հաղորդման փորձագետի դերում հանդես եկողը կարող է ասել, թե որտեղ կինը կարող է մրցել տղամարդու հետ և որտեղ չի կարող մրցել:

Ըստ Հանրային հրավիրված փորձագետի՝ կինը կարող է մրցել հումորով ու դաստիարակությամբ, բայց նյութական միջոցների վաստակի առումով, ոչ: Հասկացա՞ք:

Ընդհանրապես այս հաղորդաշարը ցնցոտիներին նման մտքերի խտացում է, որը հստակ երևում է, եթե տպագրվի որպես տեքստ: Եվ առաջին դեպքն է, երբ տղամարդկանց հանդեպ խտրականությունը ներկայացվում է որպես գլամուրային կանանց խաղ և հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանի քաջ հավելում:

Օրինակ, այս մտքի օրինակով. «Կարծում եմ, կինը պետք է թևեր տա տղամարդուն, որ նա դառնա կայացած ու ունենա լավ վարձատրվող աշխատանք, որպեսզի հետո այդ տղամարդը նրան հրավիրի ռեստորան ու հաշիվը փակի»:

Փող չունես, տղամարդ չես: Իսկ հաշիվը փակելու համար դաստիարակություն պետք չի:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *