Երբ վուայերիզմը խառնվում է լրագրությանը

01.07.2015, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Հայաստանյան ամենամեծ լսարան ունեցող կայքերից մեկը՝ «1in.am»-ը, այսօր ««Սեքս»՝ Բաղրամյան պողոտայում» վերնագրով մի տեսանյութ հրապարակեց: Կադրում Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ #ElectricYerevan բողոքի ցույցին մասնակցող զույգ է: Տղան ու աղջիկը ծածկոցի տակ գուցե համբուրվում են, բայց ոչ մի կերպ սեքսով չեն զբաղվում: 

«1in.am»-ի այդ տեսանյութը հրապարակելու նպատակահարմարությունը օրվա ընթացքում քննարկում էին սոցիալական ցանցերի օգտատերերը: Կարծիքները միանշանակ էին՝ կայքը «սիրուն չէր վարվել»: 

Հիմա արդեն «1in.am»-ի տեսանյութը հասանելի չէ Youtube-ում, կայքում էլ համապատասխան հղումը չի աշխատում: Պետք է հասկանալ՝ խմբագրությունում հետեւություններ են արել սոցիալական կայքերում իրենց քննադատողների խոսքերից: 

Այս պատմության մեջ հարցեր են մնում, որոնցից մի քանիսը կձեւակերպեմ:

- Կայքը հեռացրել է տեսանյութը, սակայն բացատրե՞լ է իր լսարանին ինչու էր որոշել հրապարակել երկու երիտասարդների անձնական կյանքի այդ մի քանի րոպեն: Բացատրե՞լ է լսարանին, թե ինչու է հեռացրել տեսանյութը: 1in.am-ի կայքում եւ ֆեյսբուքյան էջում, առնվազն երեւացող տեղում, տեսանյութի հեռացման վերաբերյալ բացատրություն չկար: 

- Ինչու՞ են կայքի աշխատակիցները տեսանկարահանել երկու երիտասարդների անձնական կյանքը: Դա ի՞նչ վուայերիզմի դրսեւորում է, այն էլ չեղած սեռական ակտի հանդեպ:

- Տեսանյութում տղայի եւ աղջկա դեմքը փորձել են ծածկել: Սակայն նախ տեսանյութի ընթացքում պահ կար, որ դեմքերը երեւում էին, հետո` այս դեպքում անգամ ծածկած դեմքերը զույգի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում է: Ո՞վ է թույլ տվել նրանց նկարահանել անձնական, ինտիմ պահը եւ տեղադրել YouTube-ում, ի՞նչ հասարակական նշանակություն ուներ այդ տեսանյութը, որ կայքը այն հրապարակում էր:

- Հասարակական նշանակության մասին: Կարծիքներ կային, որ տեսանյութը #ElectricYerevan-ը վարկաբեկելու համար է: Գուցե: Ես վստահ եմ, որ տեսանյութը ուղղակի լրացուցիչ դիտումներ ապահովելու համար է տեղադրվել562 կայքում: Դե, թեման կրկնակի շահեկան է՝ համ սեքս, համ էլ Բաղրամյան պողոտա: 

- Չնայած 1in.am-ը հեռացրել է տեսանյութը, բայց ««Սեքս»՝ Բաղրամյան պողոտայում» վերնագրով վերահրապակված հոդվածները, առանց տեսանյութի, ցանցում դեռ ապրում են: Ու դժվար է ասել՝ ինչ-որ մեկը տեսանյութը հասցրե՞լ է ներբեռնել YouTube-ից համակարգիչ: Տեխնիկապես եւ տեսականորեն լրիվ հնարավոր տարբերակ է:

Այնպես որ, տեսանյութը հեռացնելով 1in.am-ը խնդիրը չի լուծել: 

1in.am-ի կայքում լրագրողական էթիկական կանոնակարգի, նորմերի մասին տեղակատվություն չկա: Այս կայքը չի միացել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնին, սակայն կարծում եմ` ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը կքննարկի այս դեպքը: Բացի սոցիալական մեդիայում՝ ամոթանքի տեսքով արձագանքից` այս դեպքը նաեւ մասնագիտական կարծիքի ու հակազդեցության կարիք ունի:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?