2019.10.01,

Ստուգված է

ԱԱԾ պետի հրաժարական․ կեղծ լուրեր և ապացույց չունեցող ենթադրություններ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին լուրը մեդիայում հայտնվել էր դեռ սեպտեմբերի 11-ին, բայց կառավարությունից տեղեկությունը հերքում էին։ Սեպտեմբերի 16-ին լուրը հաստատվեց․ ԱԱԾ պետը հրաժարական տվեց։ Սա դարձավ սեպտեմբերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Քննարկումը ուղեկցվեց կեղծ լուրերով, մանիպուլյատիվ հոդվածներով և բազմաթիվ չհիմնավորված ենթադրություններով։

Միքայել Մինասյանի հետ կապերի մասին

Արթուր Վանեցյանի հրաժարականից կարճ ժամանակ անց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանեց հրաժարականի տեքստը՝ ակնարկելով Վանեցյանի կապը նախկին իշխանությունների հետ։

Այս մեկնաբանությունը սկիզբ դրեց Վանեցյանի՝ նախկին իշխանությունների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապ ունենալու մասին քննարկումներին։

Վանեցյանը հերքեց Միքայել Մինասյանի հետ առնչությունը․ «Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը ինձ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև»։

Ճնշումներ և շանտաժ

Արթուր Վանեցյանի հրաժարականի թեման դարձավ մեդիայում ամենաքննարկվողներից մեկը․ շատ լրատվականներ այս թեմային տասնյակ հոդվածներ նվիրեցին։

Օրինակ, սեպտեմբերի 16-ից 27-ը Hayeli.am-ը ավելի քան 120 հոդված էր հրապարակել Արթուր Վանեցյանի մասին։ Դրանց մի մասը չճշտված տեղեկություն էր պարունակում։ Օրինակ, կայքը գրում էր, որ «Փաշինյանը ձերբակալված անձանց որդիների հետ փորձում է գործարք կնքել՝ ընդդեմ […] Վանեցյանի։ Նա առաջարկում է ցուցմունք տալ Վանեցյանի դեմ եւ այդ գործարքի արդյունքում խոստանում ազատել հայրերին»։

Այս հոդվածը շատ կարճ էր, այն հայտնում էր միայն այս տեղեկությունը։ Ու թեև սա ծանրակշիռ մեղադրանք է, թերթը չէր բերում որևէ ապացույց։ Hayeli.am-ը նաև չէր մանրամասնում, թե ի՞նչ ձերբակալվածների մասին էր խոսքը, ե՞րբ էր դեպքը տեղի ունեցել և այլն։

Նույն կերպ մի շարք հոդվածներում կայքը գրել էր, որ Վանեցյանի հրաժարականի պատճառը Փաշինյանի ոչ իրավական պահանջներն էին․ «Փաշինյանը պահանջել է, որ Վանեցյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացնելուց առաջ ճնշում գործադրի դատավոր Աննա Դանիբեկյանի վրա»:

Մեկ այլ հոդվածում կայքը պնդում է, որ «հակաօրինական հրահանգներ է իջեցվել կառույցին», և Վանեցյանը փորձել է դիմակայել։

Իր հրապարակումների որևէ ապացույց կամ այլ հիմնավորում կայքը չէր բերում։

Քոչարյանների հետ բիզնես կապերի մասին

Hayeli.am-ը նաև վերատպել էր «Ժամանակ» թերթի հոդվածը այն մասին, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը բիզնես կապեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։ «Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում «փայատեր» է եղել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը», – հայտնում է թերթը։

Այս տեղեկությունը ստանալու և ապացուցելու համար հարկավոր կլիներ լրագրողական հետաքննություն իրականացնել, սակայն կայքերից ոչ մեկը որևէ ապացույց չէր ներկայացրել։

Նույն օրը Վանեցյանը հերքեց այս տեղեկություն՝ը այն անվանելով «աբսուրդ»։ Նա նաև հերքեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ գաղտնի պայմանավորվածություն ունենալու մասին լուրը։

Վանեցյանի հրաժարականը կապեցին Հայկ Հարությունյանի մահվան հետ

Մի շարք կայքեր ենթադրեցին, որ ԱԱԾ պետի հրաժարականը կարող էր կապված լինել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ։

Օրինակ, Zham.am-ը գրել էր, որ «Վանեցյանի հրաժարականը հավանաբար խիստ մտահոգել էր Հայկ Հարությունյանին»: Այս ենթադրության վրա հիմնվելով, լրատվականը արել էր մեկ այլ ենթադրություն․ «Վանեցյանից հետո սկսելու էին ճնշել նաև իր [Հարությունյանի] ընտանիքի անդամներին: Եվ որպեսզի նա ազատի իր ընտանիքին այդ վտանգներից հավանաբար գնացել է այդ քայլին»:

Տարածվեցին Վանեցյանին կալանավորելու մասին լուրեր

5-րդ ալիքը վերատպեց «Ժողովուրդ» թերթի «Արթուր Վանեցյանին կկալանավորեն» վերնագրով հոդվածը։ Այս վերնագիրը մոլորեցնող էր․ չնայած դրանում արված պնդմանը, հոդվածը միայն մեջբերում էր քաղաքագետ Կարեն Քոչարյանի ենթադրությունը․ «[…] ինչ-որ բաներ են կատարվում, եւ Վանեցյանն ասում է՝ պայմանավորվածություն է խախտվել: Չի բացառվում, որ այս պայմաններում, հնարավոր է, գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին: Չի բացառվում»:

Հեռուստաալիքի կայքը նաև վերատպեց «Հրապարակ» թերթի հոդվածը այն մասին, որ «ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ»։ Հոդվածի հեղինակը նաև ենթադրում էր, որ «չի բացառվում, որ քրեական գործ հարուցվեր նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ» (ուղղագրությունը պահպանված է)։

Որևէ պաշտոնական տեղեկություն Վանեցյանի ձերբակալության մասին չկա։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *