2019.10.04,

Ստուգված է

Սպառնալիքներ և արգելք. Տիկնիկային թատրոնը չեղարկել է մետալ խմբի համերգը ճնշումների պատճառով

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Երեկ հայտնի դարձավ, որ Տիկնիկային թատրոնը հրաժարվել է դահլիճը տրամադրել լեհական Vader խմբի համերգի համար։ Այս որոշումը կայացվել է հասարակական ճնշման պատճառով, որին սկիզբ դրեց ԱՄՆ-ում բնակվող կրոնական ակտիվիստը։ Համերգի դեմ հանդես եկավ ավագանու նախկին անդամը, այն կապվեց «Սորոսի» հիմնադրամի հետ։

Համերգի չեղարկումը քննադատեցին Սերժ Թանկյանը և Տիգրան Համասյանը։

Համերգը քննադատեցին Երևանի ավագանու նախկին անդամը, կրոնական և ազգայնական հասարակական գործիչներ

Հոկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում բնակվող կրոնական ակտիվիստ Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատեց Տիկնիկայինում կայանալիք death metal ժանրի երաժշտություն կատարող Vader խմբի համերգը։ Հարեյանի այս գրառումը Ֆեյսբուքի շուրջ 250 օգտատեր կիսեց իր պատին։ Կրոնական ակտիվիստի ֆեյսբուքյան էջը շուրջ 20,000 հետևորդ ունի։ Հենց նա էր կազմակերպել «Միասնական Աղոթք Ընդդեմ Ստամբուլյան Կոնվենցիայի» ֆեյսբուքյան միջոցառումը։

Հարեյանի քննադատությանը միացավ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։ Նա Vader-ի համերգը կապեց Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեության հետ։ Խաչատրյանը առիթը օգտագործեց նաև շնորհակալություն հայտնելու համար «Կամք» հասարակական նախաձեռնությանը՝ ավանդական արժեքների պաշտպանության համար։

«Կամք» նախաձեռնությունը հիմնադրվել է Վահագն Չախալյանի կողմից, որը հայտնի դարձավ 2009-ին, երբ Վրաստանում դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ անօրինական զենք կրելու, խուլիգանության, զանգվածային անկարգությունների և ոստիկաններին դիմադրելու մեղադրանքով։

Vader-ի համերգի վերաբերյալ «Կամք» նախաձեռնության էջում գրառումները շատ չէին՝ միայն հոկտեմբերի 3-ին նախաձեռնությունը կիսվել էր սունկ կայքում հրապարակված հոդվածով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նույնպես քննադատեց համերգը, սակայն հետո ջնջեց իր գրառումը (Media.am-ը ունի գրառման սքրինշոթը)։

Թեմային ֆեյսբուքյան մեկնաբանություններում արձագանքեց նաև պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը («Իմ Քայլը»)։ Մի քանի շաբաթ առաջ էլ «սատանիզմի» քննադատությամբ էր հանդես եկել  ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը․ այս դեպքում պատճառը Analitik.am կայքի հրապարակումն էր Կոնսերվատորիայում ուսանողների կազմակերպած միջոցառման մասին։

Տիկնիկայինը չեղարկեց համերգը։ Թատրոնը համերգի հետ կապված սպառնալիքներ է ստացել

Media.am-ի հետ զրույցում Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ «եղել են բազմաթիվ սպառնալիքներ»։ Նա ասաց․ «Շատ հավանական էր, որ համերգը պարզապես չկայանար, որովհետև մենք ունենք շատ խավարամիտ, ագրեսիվ որոշակի հատված, որը գնալով ավելի ու ավելի է ակտիվանում և ագրեսիվանում»։

Չնայած որ Տիկնիկայինում երկար տարիներ անցնում են ամենատարբեր ռոք համերգներ, այդ թվում՝ death metal ժանրի, սա առաջին դեպքն է, երբ բարձրացել է դժգոհության նման ալիք։

Բաբայանը այդ դժգոհության ալիքը կապեց նաև իր՝ «Բաց հասարակություն» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ լինելու հետ։

Նրա խոսքով հիմնադրամի դեմ ծավալուն գրոհ է իրականացվում և արդյունքում միայն Տիկնիկայինը չի թիրախավորվում․ «Այն դեպքը, որ եղավ երկու շաբաթ առաջ Կոնսերվատորիայում, այս վերջին ճնշումները, որ տեղի էին ունենում զուտ մարդկանց, [հիմնադրամի] գրասենյակի աշխատողների վրա․․․»։

Բաբայանը նշեց․ «Կարծում եմ` խնդիրը շատ նպատակային է․ խաղալ նուրբ ազգային զգացմունքների վրա՝ մեզ ուզում են կործանել, մեզ ուզում են այլասերել և այլն, և կառավարել հանրությունը»։

Նա նաև հավելեց, որ Տիկնիկայինը երբեք չի ստացել դրամաշնորհ հիմնադրամից․ «Սա կապված է միայն իմ անձի հետ, և, կարծում եմ, նպատակին հասան․ իմ անձը հիմա բացասական է ընկալվում բոլոր կողմերի մոտ»։

Կազմակերպիչները վստահեցնում են, որ համերգը կկայանա ամեն գնով

Vader-ի երևանյան ելույթը կազմակերպել է Zhesht Events ընկերությունը, որն արդեն 10 տարի է համերգներ և փառատոններ է կազմակերպում Հայաստանում։ Չեղարկման վերաբերյալ Zhesht Events-ը հայտարարություն տարածեց, դեպքը բնութագրելով որպես գրաքննություն։

«Հայաստանը աշխարհիկ պետություն է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն լսելու այն երաժշտությունը, որը ցանկանում են։ Հայաստանում պետք է ստեղծագործեն ամենատարբեր ժանրերի երաժշտական խմբեր և արտիստներ՝ ունենալով ստեղծագործելու ազատություն, առանց գրաքննված լինելու վախի։ Նման նախադեպերը մեծ խնդիրներ են առաջացնում կազմակերպիչների համար և Հայաստանի նկատմամբ վատ նախատրամադրվածություն առաջացնում արտասահմանյան շոուբիզնեսի ներկայացուցիչների մոտ» – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ «համերգը կայանալու է ամեն գնով»։

Կազմակերպության տեսակետը կիսող օգտատերերը սկսեցին գրառումներ կատարել Ֆեյսբուքում #StandForMusic հեշթեգով։ Համերգը սատարեցին Սերժ Թանկյանը և Տիգրան Համասյանը։

Հետաքրքիր է, որ հրապարակումների շղթայի մեջ իրենց տեսակետը լսելի դարձնելու համար #StandForMusic հեշթեգը օգտագործում են նաև համերգը քննադատող օգտատերերը։


Ակնարկ արվեստում դիվային պատկերների մասին

Հայաստանում լայն լսարանը մետալ երաժշտությանը ծանոթ է, օրինակ, System of a Down-ի կատարմամբ։ Այս ժանրը շատ բազմազան է։ Դրա տեսակներից է death metal-ը, որն ունի տարբերվող էսթետիկա՝ մուգ գույներ, կմախքներ, դժոխային պատկերներ և այլն։

Սա բոլորովին չի նշանակում, որ death metal նվագող մարդիկ պետք է լցված լինեն ատելությամբ և չարությամբ։ Սակայն այս յուրօրինակ էսթետիկայի պատճառով մետալը սկանդալային համբավ է ձեռք բերել։

Օրինակ, 1985-ին ամերիկացի մի քանի քաղաքական գործիչների կանայք ելույթ ունեցան մետալ երաժշտության դեմ և մետալ խմբերի «բարոյականության» հարցը նույնիսկ քննարկվեց ԱՄՆ Կոնգրեսում։

 

Կարինե Ղազարյան

Հ.Գ. Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Vader խմբի համերգը կկայանա Poligraf ակումբում 21:00-ին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *