Սարսափ, էրոտիկա և պատմություն․ ՀՌԱՀ-ը չափորոշիչներ է մշակել

03.07.2018, Նյուսրում

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակել է էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները։

Սա իր բնույթով ենթաօրենսդրական ակտ է, որը բխում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքից։

ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանն ասում է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է ՄԱԿ-ի կոնվենցիաներ, եվրոպական երկրների փորձեր, ուղեցույցներ և այլն, դրանցից քաղելով այն, ինչը կարելի է տեղայնացնել Հայաստանում։  

Այսօր հրավիրված քննարկման մասնակիցները նշում էին, որ նախագծի որոշ կետեր մշակման կարիք ունեն, իսկ որոշներն էլ ուղղակի չեն դիմանում քննադատությանը։

Նշված է, օրինակ, որ «էրոտիկ բնույթի հեռուսահաղորդումների դրվագներում սեռական օրգանները չեն կարող պատկերվել խոշոր պլանով», սեռական գործողության կամ դրա իմիտացիայի տեսարաններում չեն կարող ցուցադրվել սեռական օրգաններ և այլն։ Սա, փաստորեն, չի արգելում էրոտիկ հաղորդումների ցուցադրումը, պարզապես սահմանում է, որ էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումներում սեռական օրգանները չեն կարող պատկերվել խոշոր պլանով։ Այսինքն, պարզապես բացառում է պոռնոֆիլմերի ցուցադրությունը։ Սա ձևակերպման կամ վերաձևակերպման հարց է։

Չափորոշիչներում կան ձևակերպումներ, որոնք շատ ընդհանուր են, օրինակ՝ «բարոյականության նորմեր», «անբարո ապրելակերպ»։ Հայտնի է, որ յուրաքանչյուրի քիմքն այս հարցերում տարբեր է։

ՀՌԱՀ-ը սահմանել է այն չափորոշիչները, որոնք ֆիլմերը դասում են որպես սարսափ և բռնություն պարունակողների։ Դրանք են՝ վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանները, ինչպես նաև մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարաններ։

«Վերջ երեխաների դեմ բռնությանը» արշավի ներկայացուցիչները կարծում են, որ եթերից հաշմանդամությունը ծաղրելը կանխող չափորոշիչները, որ կան նախագծում, նկարագրված են կարծրատիպային ձևակերպումներով։ Օրինակ․ նախագծի 3-րդ կետի «է» ենթակետում գրված է, որ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք ծաղրում են ֆիզիկական և հոգեկան արատներով անձանց։ «Արատ» բառն ինքնին կարծրատիպային է և սխալ։ Կարելի է օգտագործել «հաշմանդամություն» բառը։

Եթե չափորոշիչներն այս տեսքով ուժ ստանան, ապա ապագայում հեռուստաընկերությունները կամ չեն արտադրի սերիալներ, կամ կարտադրեն, բայց ոչ այնպիսիք, ինչպիսիք հիմա արտադրում են։ ՀՌԱՀ մշակած փաստաթղթում անընդունելի են համարվում այն հաղորդումները, որոնք քարոզում ու տարածում են հանցագործ աշխարհի բարքերը, վարվելաձևերը և այլն։

Նախագծի 3-րդ կետի «բ» ենթակետով անընդունելի է համարվում ցուցադրել այն հաղորդումները, որոնք «խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում և նսեմացնում են ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը»։

Իսկ արդյո՞ք դասագրքերում բոլոր պատմական իրողություններն են ճշմարիտ ու անքննելի, կամ՝ ո՞վ է իսկապես ազգային գործիչ, ո՞վ՝ ոչ, արդյո՞ք որևէ մեկի կյանքն ու գործը անքննելի չէ, և արդյո՞ք անչափահասները, դպրոցականները չպետք է ունենան քննադատական մտածողություն, այդ թվում նաև կասկածի տակ դնեն այս կամ այն դեպքի կամ գործչի ճշմարտացիությունը։ Այս կետը, նախագծի ընդունվելու դեպքում, որպես շատ ուժեղ զենք կարող է դառնալ հեռուստատեսությունից քննադատությունը, պատմական և քաղաքական բանավեճերը վերացնելու համար։

Իհարկե հանձնաժողովում, ինչպես պնդեց Տիգրան Հակոբյանը, ամենևին էլ հակված չեն դրան։ Նպատակը, ըստ Հակոբյանի, «կեղծ օրակարգերը» ցերեկային ժամերին եթերից անչափահասներին չմատուցելն է։

«Նպատակը երեխաների մոտ կոգնիտիվ-դիսոնանս չստեղծելն է։ Օրինակ նախորդ օրը նա կարդում է, որ Անդրանիկ Օզանյանը ազգային հերոս է, և ինչ-որ հեռուստատեսային քննարկման ժամանակ Օզանյանին հանցագործ են հանում։ Այդպիսի հաղորդումները չպետք է հասանելի լինեն այդ տարիքի երեխաներին»,- ասում է Տիգրան Հակոբյանը։ Ստացվում է, որ քաղաքացին մինչեւ չափահաս դառնալը չպետք է տեղյակ լինի Օզանյանի քաղաքական և ռազմական սխալների, նրա կամակոր բնավորության, դրանից բխած հակասական հետևանքների մասին։ Ամեն դեպքում, ՀՌԱՀ անդամները համաձայնեցին, որ այս կետը վերանայելու կարիք ունի։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն ասում է, որ նախագիծը մանրամասն քննարկման ու մշակման կարիք ունի։ «Տեղեկատվության ոլորտում մենք միշտ շտապում ենք, ընդունում ենք հապշտապ որոշումներ, և փորձում դրա հետևանքները կանխել։ Այո, ընդունում ենք, որ այս նախագիծը ուղղակի մեկնարկային է, բայցև այս տեսքով ընդունելը շատ վտանգավոր է։ Երկրորդը, պետք է պարզ ու հասկանալի լինեն նպատակները, ձևակերված լինի, թե ու՞մ շահերն ենք մենք պաշտպանում։

Առանց այն էլ հանձնաժողովի նկատմամբ մասնագիտական վստահությունը ցածր է։ Եվ եթե այս նախագծի շուրջ մեծ համաձայնություն չլինի, այդ հարաբերություններն էլ ավելի կվտանգվեն։

Նախագծի որոշ կետեր տարընթերցման առիթ կարող են տալ։ Ի՞նչ է նշանակում՝ երեխաները չպետք է տեսնեն դիսկուսներ։ Երեխաները միշտ պետք է տեսնեն դիսկուսներ։ Հարցն այն է, թե ի՞նչ ձևով պետք է լինեն դրանք։ Ո՞վ է սահմանում վերջնական ճշմարտությունը, թե որ քաղաքական գործիչը, գրողը կամ արվեստագետը ինչ դեր ու նշանակություն են ունեցել»։

Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն առաջարկում է հստակեցնել ցանկացած կետից բխող լրացուցիչ չափորոշիչներ։ «Նախագծում շատ սուբյեկտիվ մոտեցումներ են կիրառվել։ Բազմաթիվ օսկարակիր ֆիլմերի ցուցադրությունը հեռուստատեսությամբ՝ կարող է արգելվել, քանի որ դրանցում կան էրոտիկ տեսարաններ։

Ցանկացած կետ, որը վերաբերում է բռնությունների տեսարանները արգելելուն, երեխաների շահերի պաշտպանությանը և այլն, պետք է բացել, հստակեցնել։ Բայց համարենք, որ սա նախագծի քննարկման ընդամենը սկիզբն է, և ապագայում մենք ապագայում առաջարկություններ կանենք»։

Նախագիծն ուղարկվել է լրատվամիջոցներին, այդ թվում՝ հեռուստաընկերություններին, լրագրողական և այլ հասարակական կազմակերպություներին։ Հանձնաժողովում սպասում են առաջարկների։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?