Մեդիայի ուժն ու պատասխանատվությունը. փոքրիկ Լեոյի պատմությունը

07.02.2015, Քննադատ

Մեդիային եւ հաղորդակցությանը առնչվող ամեն ինչով հետաքրքրվող մարդ:
Ջերմեռանդ հեծանվորդ, դժկամ լրագրող եւ միշտ ձգտող գրող: Media.am-ի թարգմանիչ:

 

Լեոն ծնվել է 2015 թվականի հունվարի 21-ին Հայաստանում Դաունի համախտանիշով` նոր զելանդացի հոր ու հայ մոր ընտանիքում: Հայրը` Սեմյուել Ֆորեսթը, հայտարարել է, թե մայրը լքել է երեխային Դաունի համախտանիշ (ԴՀ) ունենալու պատճառով, եւ հունվարի 27-ին օնլայն դրամահավաք է կազմակերպել` Լեոյին իր հետ Նոր Զելանդիա տանելու նպատակով, «որտեղ երեխան կարող է որակյալ կյանք ունենալ, ընդունվել եւ ինտեգրվել հասարակությանը, ինչը, ցավոք, դեռ անհնար է Հայաստանում»:

10 օրում Սեմյուել Ֆորեսթի հավաքագրած գումարը գերազանցեց նախնական 60.000 Ավստրալական դոլարի հայցը (մոտ 47.000 ԱՄՆ դոլար) եւ այս պահի դրությամբ այն կազմում է ավելի քան 460.000 Ավստրալական դոլար: Հրաշալի է: Բայց պատմությունն այսքանով չի ավարտվում:

Մի քանի օրում այս պատմությանն անդրադարձան «ABC News»-ը, «Daily Mail»-ը, «Salon»-ը, «People Magazine»-ը, «Huffington Post»-ը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ: Ինչպե՞ս հայաստանյան մի ընտանիքի անձնական պատմությունը դարձավ միջազգային մեդիայի գլխավոր թեմաներից մեկը: Ինտերնետի եւ սոցիալական մեդիայի այս դարաշրջանում ինֆորմացիան տարածվում է կայծակնային արագությամբ, եւ ամեն ինչ, այդ թվում նաեւ հանրային ամոթանքը, այնպես է ուռճացվում, ինչպես չէր կարող լինել, ասենք, 20 տարի առաջ:

Հասարակությունը դարձել է դատավոր, ժյուրի եւ դահիճ: Դրամահավաքի էջում թողնված մեկնաբանություններում Ֆորեսթին «հրաշալի հայր», «ֆանտաստիկ տղամարդ» եւ «գերազանց մարդ» են անվանում: Որոշ կանայք, հնարավոր է, նույնիսկ խնդրում են հանդիպել նրա հետ: Մինչդեռ Լեոյի մայրը «ամենաատելի մայրն է աշխարհում» եւ պետք է «ամաչի դրա համար»: Մի մարդ նույնիսկ գրել է, որ «20 դոլար կնվիրաբերի` երեխայի մորն ապտակելը տեսնելու համար»: Մայրն այլ սպառնալիքներ էլ է ստացել օնլայն:

Ինտերնետում արտահայտված ատելությունն ու ագրեսիան, թերեւս, զարմանալի չեն: Ընդամենը մի քանի տարի առաջ ֆեմինիստ եւ մեդիաքննադատ Անիտա Սարգսյանի հասցեին սպառնալիքների տարափ էր տեղում այն բանից հետո, երբ նա օնլայն դրամահավաք կազմակերպեց վիդեոխաղերում կանանց գենդերային ներկայացման իրազեկության բարձացման նպատակով: Բացասական ուշադրությունը (Լեոյի դեպքում նույնպես մեդիայով տարածման պատճառով) ավելանում է սոցիալական մեդիայի միջոցով, եւ այն կարող է շատ բացասական հետեւանքներ ունենալ անարգված անձի համար:

Կարեւոր է նշել, որ երկու դեպքերում էլ հարձակման առարկան կանայք են: Թեեւ կանայք պատմականորեն հաճախ եւ հեշտությամբ են մեղադրանքի թիրախ դառնում, ինտերնետն ավելի է արագացնում ու հեշտացնում դատավճռի կայացումը: «Ինտերնետը սիրում է վատ մոր մասին լավ պատմությունը»,- գրում է Էնն Փենինսթոն Գրանսթեդը «Role Reboot»-ում` ավելացնելով, որ եթե զույգը դերերով փոխվեր (հայրը հեռանար), պատմությունը չէր հայտնվի միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում:

Միջազգային մեդիան իր հերթին թեժացրեց թեման: Լուսաբանումն ակնհայտորեն միակողմանի էր. հայրը «հերոս» է, մինչդեռ մայրը դարձել էր չարանենգ: Բայց ո՞ր օրվանից է սեփական երեխային խնամելը հերոսություն որակվում: Եվ երբվանի՞ց է մեդիան միակողմանի պատմությունն ընդունում որպես պաշտոնական վարկած: Լավ լրագրությունը ներառում է փաստերի ստուգում, հարցադրումներ եւ ազնիվ ու ամբողջական պատկերի ներկայացնում:

Եվ ի՞նչ պատահեց անձնական լուսանկարները հրապարակելու էթիկային: Բրիտանական խոշոր տաբլոիդը, լուսաբանելով պատմությունը, հրապարակեց ոչ միայն Լեոյի եւ Ֆորեսթի, այլեւ երեխայի մոր լուսանկարները, որոնք վերցվել էին նրա Ինսթագրամի էջից: Թեեւ սոցիալական մեդիայի օգտատերերը պետք է տեղեկացված լինեն, որ «հանրային» պիտակավորմամբ ցանկացած բովանդակություն կարող է օգտագործվել նրանց համար անսպասելի եւ ոչ ցանկալի ձեւով, մեդիան նույնպես պատասխանատվություն է կրում առանց նախնական համաձայնության անձնական լուսանկարներ օգտագործելու համար:

Մեդիայի հիստերիան եւ հասարակական արձագանքը դատապարտեցին ոչ միայն Լեոյի մորը, այլեւ ողջ երկիրը: Հարցեր բարձրացվեցին Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների պայմանների եւ մանկատների վիճակի մասին, որտեղ հայտնվում են ԴՀ ունեցող երեխաներից շատերը:

Սոցիալական մեդիայում թողնված մեկնաբանություններում հարցեր բարձրացվեցին, թե ինչու նախածննդյան թեսթ չի արվել, որը կարող էր որոշել Դաունի համախտանիշի հավանականությունը, եթե ընտանիքը որոշեր ընդհատել հղիությունը: Չնայած Հայաստանում Դաունի համախտանիշով երեխա մեծացնելու դժվարություններին, աբորտի տարբերակը նույնպես դատապարտվեց, թեեւ աշխարհի տարբեր երկրներում «Դաունի համախտանիշի նախածննդայն ախտորոշում ստացած կանանց 92%-ը որոշում է ընդհատել հղիությունը»:

Մի խոսքով` մի ամուսնական զույգի եւ նրանց` Դաունի համախտանիշ ունեցող երեխայի պատմությունը հանրային մղձավանջ դարձավ ոչ միայն մի կնոջ, այլեւ փոքր երկրի համար, որի մասին ատելության մեկնաբանություններ թողնողները, ամենայն հավանականությամբ, քիչ բան գիտեն եւ գուցե երբեք էլ այնտեղ չեն եղել:

Փոքրիկ Լեոն արժանի է սիրող ընտանիքի, որն ուզում է եւ կարող է հոգ տանել նրա մասին: Այնուամենայնիվ, կասկածելի օնլայն դրամահավաքը եւ մեդիա փոթորիկն ավելի շատ վնաս հասցրին, քան օգնեցին: Լեոյի հոր ձայնը բարձր ու պարզ է լսվում, մինչդեռ Լեոյի մոր ձայնը բացակայում է այս պատմության մեջ: Ինտերնետը շատ արագ է դատապարտում կանանց («վատ մայրեր»), իսկ մեդիան շատ արագ հրապարակում միակողմանի պատմություն առանց համատեքստի:

Այս դարաշրջանում, երբ հետեւանքները կարող են կործանարար լինել, մեդիան էթիկական եւ բարեխիղճ լուսաբանման ավելի մեծ պարտավորություն ունի, իսկ օգտատերերը պետք է լավ մտածեն հանրային ամոթանք տալուց առաջ:

Ադրինե Տեր-Պողոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?