«Մահ գերմանական օկուպանտներին»

21.06.2019, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

1941-ի հունիսի 22-ից մինչև 1945-ի մայիսի 9-ը թերթերի «Պրոլետարնե՜ր բոլոր երկրների, միացե՜ք» կարգախոսին փոխարինեց Ստալինի՝ «Մահ գերմանական օկուպանտներին» կոչը:

Երկրորդ համաշխարհային կամ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրը  կոմկուսի կենտկոմը ցուցում ուղարկեց թերթերին.

«Ռազմաճակատային, բանակային ու դիվիզիոն բազմատիրաժները պետք է բացատրական աշխատանքներ տանեն Հայրենական մեծ պատերազմի բնույթի ու նպատակների մասին, սովետական մարտիկներին դաստիարակեն հայրենասիրության, նվիրվածության և դեպի թշնամին այրող ատելության ոգով»:

«Բոլշևիկյան ագիտատորները պետք է ամեն մի մարտիկի ներշնչեն, որ նրա արիությունից, համարձակությունից և նվիրվածությունից է կախված պատերազմի վախճանը» («Սովետական ռազմիկ», հարավ-արևմտյան ռազմաճակատի կարմիրբանակային թերթ, 1943, օգոստոսի 5):

Ռազմաճակատային թերթերի առանձնահատկությունն այն էր, որ դրանք  լույս էին տեսնում անմիջապես մարտական գործողությունների առաջնագծում և իրադարձություններն օպերատիվ ներկայացնելու հնարավորություն ունեին:
Պատերազմի տարիներին հայերենով լույս էր տեսնում ռազմական 16 թերթ, որոնցից 7-ը՝ անմիջապես առաջնագծում:

Թշնամու դեմ աշխատում էին ոչ միայն թերթերի հոդվածները, այլև հենց թերթերի անվանումները՝ «Դեպի թշնամու ջախջախումը», «Հանուն հաղթանակի», «Հայրենիքի փառքի համար», «Մարտ՝ հանուն հայրենիք»…

Թերթերը հայ զինվորներին հիշեցնում էին, որ գերմանացիների դեմ պայքարի այլ պատճառներ ևս ունեն. «1914-1918 թթ. պատերազմի հետևանքով հայ ժողովուրդը մեծ ողբերգություն ապրեց: Այդ պատերազմը, որը բորբոքման գլխավոր հանցագործը գերմանական իմպերիալիստներն էին, մեծագույն աղետ բերեց հայ ժողովրդին… Այսօր մեր առջև կանգած է երեկվա մեր դահիճը՝ ավելի տմարդի, ավելի վայրագ, ավելի գազազած» («Կարմիր զինվոր», 1942, հոկտեմբերի 30):

Ռազմաճակատային թերթերի տպաքանակը 2000-5000 էր: Սա փոքր տպաքանակ էր՝ միլիոնավոր զինվորների համար: Որպեսզի թերթերը հասանելի լինեին բոլորին, յուրաքանչյուր համարի վրա հատուկ գրություն կար.  «Կարդա և հանձնիր ընկերոջդ»:

Ռազմական մամուլում զինվորների հետ շփումը չափազանց ուղղակի էր. նրանց ամեն քայլը կանոնակարգված էր: Կանոնի խախտում՝ հայրենիքի դավաճանություն.

«Կարմիր բանակի մարտիկը գիտե, որ ամեն մի հրացանի, գնդացրի, տանկի, փամփուշտի, արկի, յուրաքանչյուր հագուստի և ռազմական գույքի մեջ դրված է ժողովրդական մասսաների աշխատանքի արդյունքը: Ռազմական իրերի կորուստը, նրանց՝ պատերազմի դաշտում թողնելը կամ անփույթ վերաբերմունքը հայրենիքի հանդեպ հանցագործություն է» («Հանուն հայրենիքի», Կարմիրբանակային թերթ, 1942, ապրիլի 2):

«Ընկե՜ր հրետանավորներ, երկրի երեսից սրբեցեք ֆաշիստական աղտեղությունը: Խփեցեք թշնամու կենդանի ուժին, տանկերին, ինքնաթիռներին: Հնարավորություն մի տվեք գերմանացիներին գետանց կառուցել: Ընկեր գնդացրորդներ, ֆաշիստների գլխին կրակի հեղեղ թափեցեք, օգնեցեք հետևակայիններին՝ ոչնչացնելու ֆաշիստական գարշանքը» («Հայրենիքի փառքի համար», 1942,  հուլիսի 26, կիրակի):

Խնդիրներ էին դրվում ոչ միայն կռվող, այլև առաջնագծում ստեղծագործելու փորձեր անող զինվորների առջև.

«Այժմ մեր պոեզիան պետք է լինի խիստ ռազմաշունչ, ունենա մարտական ոգի ու թափ: Նա պետք է լինի պարզ, սեղմ, թարմ, հնչեղ ու պատկերավոր: Ընթերցողի մեջ վառի հայրենասիրական մշտաբորբոք հուր և փոթորկի թշնամու հանդեպ ծովացած ատելություն» («Կարմիր զինվոր», 1942, հուլիսի 5, կիրակի):

Ռազմաճակատային թերթերը չափազանց բարդ խնդրի առջև էին՝ պարտությունները կամ կորուստները ներկայացնել այնպես, որ բարոյական հաղթանակի գործոնը թույլ չտար հուսահատվել կամ լիարժեքորեն հասկանալ կորուստի մասշտաբը: 1942-ին, ծանր մարտերից հետո, խորհրդային զորքերը թողեցին Սևաստոպոլը:

Այս լուրին նախորդեցին հակառակորդի կորուստների մասին տեղեկությունները՝ «Սևաստոպոլի պաշտպանության 8 ամսվա ընթացքում թշնամին կորցրեց մոտ 300 000 զինվոր»:

Խորհրդային զորքերի կորուստները ներկայացված են հունիսի 7-ից՝ հուլիսի 3-ի միջակայքում՝ 11.385 սպանված, 21.000 վիրավոր, 8.300 անհետ կորած.

«Սովետական զորքերը թողին Սևաստոպոլը, բայց Սևաստոպոլի պաշտպանությունը կմնա իբրև Հայրենական պատերազմի ամենավառ էջերից մեկը: Սևաստոպոլցիները հարստացրին ՍՍՌՄ ժողովուրդների փառապանծ մարտական տրադիցիաները («Կարմիր զինվոր», հուլիսի 5):

Առաջնագծում կային ռազմաճակատային թերթեր, որոնք նախատեսված էին բացառապես «ներքին» ընթերցանության համար, ինչպես «Մարտ՝ հանուն հայրենիքի» թերթը, որի համարներին հատուկ նշվում էր՝ «Թերթը զորամասից դուրս չհանել»:

Մինչև հաղթանակի օրը՝ թերթերում փառաբանվում էին կոնկրետ մարդիկ՝ զինվորներ, թիկունքը պահողներ:

1945-ի մայիսի 9-ին, երբ թերթերի վերնագրերն ազդարարեցին՝ «Գերմանական զինված ուժերն անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվեցին. ընկավ Գերմանիան», հաղթանակի դափնիները սկսեցին վերագրվել առաջնորդին.

«Սովետական ժողովուրդը և ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությունը փառաբանում են հանճարեղ զորավար, մեծագույն ստրատեգ ընկեր Ստալինին» («Մարտ հանուն հայրենիքի», 1945, մայիսի 23):

Պատերազմի ավարտից հետո «Մահ գերմանական օկուպանտներին» կոչին փոխարինեց «Հանուն մեր սովետական հայրենիքի» կարգախոսը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?