Ծաղրի քայքայիչ դերը

06.12.2017, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Մենք սիրում ենք, երբ տարբեր մակարդակներում հայերին ու Հայաստանը գովում են,  հիանում ու հիշատակում հայկականության հետ առնչվող որևէ նշան (տեղանուն, ազգանուն, հինավուրց հետք):

Եվ միաժամանակ՝ չափազանց լուրջ ու սուր ընդունում ենք ցանկացած անհաճո խոսք՝ նետված հայկականության սիմվոլների հավաքածուի վրա:

Սա հայելային ինքնագնահատման մոդել է, երբ քեզ հարգելու համար առաջին հերթին արտացոլք ես փնտրում: Եթե գտար, ուրեմն գոյություն ունես ու արժանի ես հարգանքի:

Հոգեբանության տեսակետից՝ սա շատ խոցելի մոդել է, քանի որ ներքին հարմոնիան ստորադասվում է արտաքին ազդակներին (քեզ պիտի ասեն, ինչպիսին ես դու, ինքդ չես կողմնորոշվում):

Տոտալ մեդիայի պայմաններում, երբ անընդհատ ռմբակոծվում ենք տարբեր քարոզչական ու գովազդային զինամթերքով, ինքնապաշտպանվելու համար հայելային մոդելն անպիտան է: Ոչ միայն անհատը, այլև հանրային լայն շերտերը կարող են մանիպուլյացիայի զոհ դառնալ, եթե չկարողանան ապակոդավորել մեդիայից ստացված ազդակները:

Մեդիան հայելի է, որն օգնում է ավելի շուտ հասկանալ ոչ թե դրա մեջ նայողին, այլ՝ հայելու տրամաբանությունը:

Հայաստանի ու Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը տեղի ունեցավ 2017 թվականի նոյեմբերի 24-ին, դարձավ առիթ՝ հանրային տարբեր մակարդակներում խոսելու պրոպագանդայի ու մեծ հաշվով՝ դրան պատրաստ չլինելու մասին:

Ռուսաստանի НТВ ալիքի եթերում ծավալված քննարկման ընթացքում Հայաստանը նույնացվեց «ման եկող» կնոջ հետ, որին չեն բավարարում օրինական ամուսնու (նկատի ունեն՝ Ռուսաստանի) հետ հարաբերությունները և արդյունքում կին-Հայաստանը որոշում է իրեն սիրեկան գտնել (ի դեմս՝ Եվրոպայի):

Այս թատերականացված (գրեթե անեկդոտիկ) համեմատությունը ցավագին ընդունվեց Հայաստանում: Թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվամիջոցներում եղան սրտնեղած ու բարկացած արձագանքներ: Առաջացավ հակակրանք ու փորձ հասկանալու այդ համեմատության իմաստն ու պատասխանելու ձևաչափերը:

Քննարկվեց  նաև Հայաստանի սեռը, գենդերային կողմոնորոշումը, ընտանեկան կյանքը: Նաև ամուսին-Ռուսաստանի դերը, գենդերն ու ամուսնական պարտականությունների շրջանակը:

Սա նման էր ծուղակի, որտեղ հայտնվելը հաճելի չէր, քանի որ նույն ոճով, բառապաշարով և ալեգորիաներով պատասխանելը արդյունք չի տալիս:

Մենք գործ ունենք մաքուր ու պարզունակ պրոպագանդայի հետ: Եվ պետք չէ չմոռանալ, որ պրոպագանդան միակողմանի գործող երևույթ է: Այն չի ենթադրում արձագանք, պատասխան, երկխոսություն, դիսկուրս:

Եվ միամտություն է կարծել, որ ռուսական վիրտուոզ աշխատող պրոպագանդիստներին կարելի է պատասխանել տրամաբանությամբ:

Օրինակ, հիշեցնել, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և միաժամանակ՝ ինքնիշխան պետություն:

Նրանց առաջարկած դիսկուրսը ի սկզբանե ապակառուցողական է, հիմնված հարձակվողական պահվածքի վրա ու ուղղված տեղական լսարանին, որին ուզում են համոզել, որ Ռուսաստանին «դավաճանելը» ոչ միայն անբարոյական է, այլև վտանգավոր:

Սա միջին ռուսաստանցուն հասցեագրված ուղերձ է, որը Ռուսաստանի պետական ապարատն ու իշխանամերձ մեդիան արդեն տարիներ շարունակ հաղորդում են գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Այդ ուղերձի հիմքը ուժեղ լինելն է (արդարացի զայրացած ամուսնու կերպարը հենց այդ շարքից է):

Այս դիսկուրսում կարևորը ոչ թե արդարացի կամ ճիշտ լինելն է, այլ պատժելու գործառույթը: Եվ պատժելու հաճույքը:

Հայաստանն այս դեպքում ընդամենը հերթական թեմա է (մինչ այդ Վրաստանն էր, մինչ այսօր էլ Ուկրաինան է, գրեթե միշտ Եվրոպան է):

Ռուսաստանը ցույց է տալիս իր բնակիչներին, որ պատրաստ է պատժել (միգուցե Հայաստանի դեպքում չի պատժի, բայց միևնույն է պատրաստ է պատժելու), և միջին վիճակագրական ռուսաստանցին դրանով իրեն շոյված է զգում: Սա էլ է հայելային ընկալման էֆեկտ, որի հիմքը այն համոզմունքն է, որ եթե պատժում ես, ուրեմն արժանի ես հարգանքի:

Ռուսաստանյան պրոպագանդան պատժում է ծաղրով:

Եվ եթե մեդիա ազդակներում ծաղրի չափաբաժինը լինում է շատ մեծ (կին-Հայաստանի դեպքում ողջ ուղերձը կառուցված է ծաղրի վրա), դրան դիմակայելու ու ներքին հարմոնիան պահպանելու միակ միջոցը ծաղրից վեր լինելն է:

Պրոպագանդիստական ծաղրի բնույթը իմաստների գլխիվայր շրջելը չէ, ինչպես դասական կարնավալային մոդելներում է, երբ տեղերով փոխում ես մակարդակները, որպեսզի թարմացնես ու զրոյացնես իմաստային կշիռը:

Պրոպագանդիստական ծաղրը միայն ու միայն ուզում է վիրավորել, ստորացնել, նսեմացնել և դրանով՝ պատժել: Սա քայքայիչ ու դեպի ծուղակը տանող հնարք է:

Միջին վիճակագրական հայաստանցիները, տեսնելով, որ ծաղրի են ենթարկվում ամենազանգվածային ռուսաստանյան մեդիա հարթարկներից, ստացան հնարավորություն՝ սեփական դիսկուրսը տեղափոխել ավելի բարձր մակարդակ:

Օրինակ, քիչ դիտել հեռուստացույց, մանավանդ երբ այն արտացոլում է պետական դիրքորոշումը:

Զանգվածային ծաղրը թուլության ու քայքայման ազդակ է: Անգամ, երբ այդ ծաղրը օգտագործում է ոչ թե հարևան, այլ սեփական պետության մեդիան:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?