Էլի պատասխանի կուլտուրայի մասին

08.08.2018, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հուլիսի 31-ին տարածել է «Ոչ մի բարեփոխում՝ միայն ստատուս քվոյի պահպանում» հոդվածը, որում հերթական անգամ բարձրացված է մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման մրցույթի խնդիրը, վեր են հանված կազմակերպության կարծիքով այդ գործընթացի տապալման պատճառները, ինչպես նաեւ՝ հղում է կատարված զարմանալիորեն գաղտնի պայմաններում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված մի փոփոխության, որի մասին կոմիտեն իմացել է ամիսներ անց միայն: ԽԱՊԿ-ի այդ հոդվածը հրապարակել են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ:

Օգոստոսի 7-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) տարածել է ԽԱՊԿ-ի հոդվածին իր պատասխանը, որը նույնպես հրապարակել են բազմաթիվ լրատվամիջոցներ, ընդ որում, ինչպես նկատեցինք, հենց նրանք, որոնք տարածել էին նաեւ ԽԱԿՊ-ի հոդվածը:

Մենք չենք անդրադառնա ԽԱՊԿ-ի փաստարկներին եւ ՀՌՀ-ի հակափաստարկներին, մեր այս հոդվածի թեման միայն պատասխանի կուլտուրան է:

Թվում է արտառոց ոչինչ չկա. քննադատության ենթարկված մարմինն իր պատասխանն է տարածում: Սակայն երբ ուշադիր կարդում ենք ՀՌՀ-ի պատասխանը, ակնհայտ է դառնում, որ պատասխանի նպատակը ոչ այնքան փաստերը հերքելն ու դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները ներկայացնելն է, որքան ԽԱՊԿ-ին ու նրա ղեկավարին վարկաբեկելը: Անբողջ հոդվածը գրված է այդ տոնով:

Մինչդեռ, եթե ՀՌՀ-ի ղեկավարը (կամ նա, որ պատրաստել է այդ հոդվածը) գոնե ջանք թափեր եւ կարդար «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ՝ «Պատասխանի եւ հերքման իրավունք» հոդվածը, ապա, ենթադրում եմ, գոնե զերծ կմնար նման տոնայնությունից:

Իսկ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը հստակ սահմանում է.

«Պատասխանը չպետք է հակասի սույն օրենքի պահանջներին եւ պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ»:

ՀՌՀ այն անդամը, որը պատրաստել է սույն հրապարակումը, երեւի ծանոթ չի եղել օրենքի այս կարգավորմանը, դրա համար ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի հասցեին հնչեցնում է մանիպուլյացիայի մեղադրանքներ, իսկ հոդվածը եզրափակում է մի պարբերությամբ, որն ընդհանրապես հակասում է օրենքի վերոհիշյալ հոդվածին: Ահա.

«Եվ որպես վերջաբան: Միայն շատ հարուստ երեւակայություն ունեցող անձը կարող է պնդել, որ մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը 3 ամսով երկարացնելը կարող է սպառնալ խոսքի ազատությանը: ԽԱՊԿ-ի եւ այս հրապարակումից, եւ պարոն Ա. Մելիքյանի վերջին ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ նա արհեստական առիթներ է փնտրում իր գլխավորած կառույցը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Մեզ համար շատ պարզ նպատակներով, որոնց հետ խոսքի ազատության պաշտպանությունը որեւէ առնչություն չունի»: 

Այս պարբերությունից հետո մեզ համար էլ միանգամայն պարզ է ՀՌՀ-ի պատասխանի նպատակը. թիրախավորել կազմակերպությունն ու անձին:

Իսկ ՀՌՀ-ի բերած փաստարկներին եւ դրանց հիմնավորվածությանը, կարծում եմ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ նրա ղեկավարը առաջիկայում կանդրադառնան:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?