Հրաժարականի տեքստը՝ կարճ ու անորոշ

08.06.2019, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Պաշտոնյաները իրենց հրաժարականի տեքստերն այնպես են գրում, որ ոչ մի կերպ հնարավոր չլինի գլխի ընկնել՝ ո՞րն է հրաժարականի պատճառը, կոնկրետ ու՞մ ճնշմամբ է եղել հրաժարականը կամ, առհասարակ, ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ:

Այդպիսի «դասական» օրինակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստն էր. «Սիրելի՜ հայրենակիցներ, իշխանության՝ ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ»: Ովքե՞ր են «մեզ հայտնի մարմինները»: Տեր-Պետրոսյանն ունկնդիրների ազատ մեկնաբանությանն էր թողել՝ խուսափելով կոնկրետությունից, անուններից:

2018-ի ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը ևս որոշակիության դեֆիցիտ ուներ. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»։

Ո՞ր հարցում էր Նիկոլ Փաշինյանը ճիշտ և ո՞ր հարցում էր սխալ Սերժ Սարգսյանը, արդյո՞ք իր պաշտոնավարմանը դեմ էր «փողոցի շարժումը», թե՞ դա, այդուհանդերձ, համաժողովրդական պահանջ էր: Այս դեպքում ևս հրաժարականի տեքստը շատ հարցեր է առաջացնում և իրարամերժ մեկնաբանությունների տեղ թողնում:

Հրաժարականների տեքստերի լակոնիզմն ու պատճառների մասին բաց տեքստով չգրելը վկայում է այն մասին, որ հրաժարականը կամավոր, սեփական ցանկությամբ պայմանավորված գործողություն չէ:

Եվ որ ղեկավարը կամ «մեզ հայտնի ուժերը» լրացուցիչ բացատրություններից ազատվելու համար, առաջարկել են սեփական երևակայության սահմաններում հիմնավորել, թե ինչո՞ւ այլևս չի ցանկանում աշխատել:   

Երեկ, հունիսի 7-ին, հրաժարականներ ներկայացրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը և  ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Երկու հրաժարականներն էլ ոչ կոնկրետ էին, չէր հասկացվում՝ ո՞րն է հրաժարականի իրական պատճառը:

Նման կարճ ու անորոշ տեքստերը պատճառ են դառնում զանազան, որպես կանոն՝ իրարամերժ ենթադրությունների: Այդ ենթադրությունները ԶԼՄ-ներն անմիջապես տարածում են՝ իրենց հերթին գեներացնելով ներհանրային քննարկումներ մի նյութի շուրջ, որի մասին կոնկրետ ոչինչ հայտնի չէ:

«Գևորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի տողատակից կարելի է հասկանալ, որ Գևորգ Դանիելյանը տարբեր տիպի ճնշումների ազդեցության տակ է տվել հրաժարականը, և այլևս այդ ճնշումներին չի կարողացել դիմանալ, սա պարզ երևում է նրա ուղերձից… Ի տարբերություն Դանիելյանի հրաժարականի՝ Զեյնալյանի հրաժարականը կամավոր չի եղել, նրան ստիպել են կամ հասկացրել են հրաժարական տալ, ինչպես որ ընդունված է Հայաստանում», - սա իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի տեսակետն է:

Սոցցանցերում ևս ենթադրությունները քիչ չէին՝ «Պատասխանատվությունից է փախել», «Ինքնավեթինգը սկսված է», «Չցանկացավ նվաստանալ և քաղաքական գործիք դառնալ», «Գործուղվելու է Սահմանադրական դատարան», «Ուշացրել է…»: Ինչ-որ մեկն էլ կասկածելի գտավ, որ Զեյնալյանի հրաժարականը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը երկրում չէ:

Ո՞ր արժանիքների համար են մարդիկ պաշտոններ ստանում և ի՞նչ բացթողումների համար են ազատվում պաշտոնից, ի՞նչ պատճառով է պաշտոնյան հրաժարական տալիս: Այս հարցերի պատասխանները կարևոր են՝ խուսափելու տեղեկատվական քաղցից ու դրանից սկիզբ առնող ենթադրություններից ու մանիպուլյացիաներից:

Թեև կան դեպքեր, երբ հրաժարականի տեքստում նշված է պաշտոնին հրաժեշտ տալու պատճառը: Այսպես, մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի տեքստում կար հստակ պատճառ՝ «Ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի, ոչ մի շնորհավորանք չեղավ 100-ամյակի կապակցությամբ, և այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»: Պատճառը կար, սակայն քանի՞սը հավատացին:

Լիլիթ Ավագյան
 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?