Հայաստանյան մեդիադաշտը ընտրական փոթորկից առաջ

12.11.2018, Ընտրություններ 2018

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Սովորաբար, եթե գրականությունում խոսվում է նախափոթորկային երևույթների մասին, հեղինակները նշում են, որ արտասովոր մի լռություն տիրեց, իսկ հետո սկսվեց Այն։

Մեր դեպքում, իհարկե, արտասովոր և գեղեցիկ լռության մասին վաղուց ոչ միայն խոսել, նույնիսկ երազել չի կարելի։ Բայց ինչ֊որ առումով նմանություններ բարձր գեղարվեստական ոճի օրինակների հետ կան։

Եթե դիտարկենք իրավիճակը սոցիալական ցանցերում, ապա կտեսնենք, որ մի քանի ամիս է, ինչ վիճակը կայունացել է։ Շատերի համար սա զավեշտալի կթվա, քանի որ ողջ ֆեյսբուքը լի է հայհոյանքներով և անեծքներով։ Բայց դրանք չեն շատացել։

Օգոստոսին միջինացված մեկ օգտատիրոջը ամսական կտրվածքով բաժին էր ընկնում երկու մեկնաբանություն: Նույն պատկերն է նաև հիմա։

Եթե դիտարկենք սոցցանցերի միջին ակտիվությունը, ապա Ֆեսյբուքում ամսական ակտիվ օգտատերերի թիվը վերջին ամիսներին մի քիչ նվազել է՝ համեմատած հետհեղափոխական ամառվա հետ։ Եթե մի պահ օգտատերերի թիվը հասավ 1,4 միլիոնի, ապա վերջին ամիսներին այն կանգնել է կայուն 1,3 միլիոնի վրա։

Մոտավորապես նույն լճացումը դիտվում է Թվիթերում, որը նույնպես քաղաքական հարթակներից է։ Մյուս կողմից, շարունակում է կայուն աճել Ինստագրամը, որի օգտատերերի թիվը հասել է 650 հազարի և նկատվում է աճի դրական միտում։

Նույնը կարելի է ասել Լինքդինի մասին։

Իսկ սրանք հենց ապաքաղաքականացված հարթակներ են, ուր մարդիկ փախչում են ֆեյսբուքյան գերակտիվ հայրենակիցներից։

Եթե դիտարկենք լրատվական կայքերի դիտումները, ապա նույնպես կտեսնենք կայունացման միտում։ Եթե այցելություններում դիտվում է որոշակի աճ , ապա այն հիմնականում պայմանավորված է զվարճանքին վերաբերող նյութերի դիտման աճով։

Ստորև ներկայացնեմ քաղաքական հատվածը լուսաբանող մի քանի ճանաչված լրատվականների վիճակագրությունը (ըստ Similarweb֊ի).

Այս ամենը հուշում է, որ հասարակության բավականին մեծ հատված արդեն հոգնել է քաղաքական թեմաներից և գերադասում է քննարկել Քիմ Քարդաշյանի սպասվելիք այցը Հայաստան։

Հաշվի առնելով այն, որ նախընտրական քարոզարշավը լինելու է խիստ կարճաժամկետ, քաղաքական ուժերի առջև դրված է բավականին դժվար խնդիր։ Հատկապես այն կուսակցությունների ու դաշինքների, որոնք  անմիջապես «սև» և «սպիտակ» ճամբարներից չեն, բայց պետք է փորձեն իրենց ընտրողին գտնել սեղմ ժամկետում։

 

Սամվել Մարտիրոսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?