Ուղիղ միացման վարչապետ ունենալու առավելությունը

21.05.2018, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիդեո ուղերձները, որոնք նա անձամբ և ամենօրյա (գրեթե ամենօրյա) ռեժիմով հեռարձակում է իր Ֆեյսբուքի էջով, ոչ պակաս հեղափոխական են, քան վերջին ամսում Հայաստանում իրականացված թավշյա ու բաց ձեռքերի հեղափոխությունը:

Ուղիղ միացման վարչապետ ունենալը մի քանի հանրային բարդույթներ է կոտրում:

Բարդույթներից առաջնայինը իշխանության սրբացումն է:

Վլոգեր-վարչապետը իշխանություն ունեցող մարդու նոր դեր է ստանձնել և փորձում է իր յուրաքանչյուր ուղիղ միացման ընթացքում ապասրբացնել իշխանության այն ատրիբուտները, որոնք բնորոշ են ավտորիտար կամ կիսաավտորիտար համակարգերին:

Հասարակությունը ընտելացել է, որ իշխանություն ունեցող մարդը (թեկուզ ամենափոքր պաշտոն զբաղեցնող չինովնիկը) գաղտնիքներով շրջապատված անհասանելի անձ է, որի հետ հաղորդակցվելու համար պետք է որոշակի ծիսական շղթա անցնել՝ նամակ կազմել, դիմում գրել, խոսել ստորադասի հետ, ժամադրություն աղերսել, քարտուղարին շողոքորթել:

Երբ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանն առանց ավելորդ գաղտնիության շղարշի եթեր է դուրս գալիս՝ չխմբագրված խոսքով ու չսրբագրված կադրերով, նա արդեն իսկ կազմաքանդում է այն երկյուղը, որը ենթագիտակցորեն ամրապնդվել է քաղաքացիների՝ իշխանությամբ օժտված անձանց նկատմամբ:

Ասենք, հայտնվելով որոշումներ կայացնող աստվածանման անձի առջև, մարդը ներքուստ պատրաստ է, որ իր վիզը ծռվելու է, ծնկները դողալու են, ձայնն էլ՝ հետը: Հիմա պաշտոնյան ինքն իր ոտքով (դեմքով) է գալիս յուրաքանչյուրի տուն՝ շրջանցելով երկյուղի ու դողի փուլը:

Ուղիղ միացումը ենթադրում է նաև կենդանի խոսք:

Իմաստ չունի վիդեո բլոգինգ անել, եթե այն, ինչ ասելու ես, լինելու է օսլայված և մանևրող բառապաշարով:

Բլոգեր-վարչապետի միջոցով հասարակությունը տեսավ «չսանրված» ու «չսափրված» խոսքով պաշտոնյայի, որի ուղիղ հեռարձակումների թրթռացող կադրերն ու ոչ սահուն ձայնային ուղեկցությունը (չխկոցներով, խշշոցներով) օգնում են ամրապնդել կենդանի շփման պատրանքը:

Իսկ պատրանքը շատ կարևոր է, քանի որ սկզբից պիտի պատկերացնես, իսկ հետո արդեն ընդունես: Կազմաքանդես, որ տեսնես, թե ինչի հետ գործ ունես: Այսպես ասած՝ բառերի կույտերից հանես իմաստը:

Եվ հանրությունը հետևելով ՀՀ վարչապետի ու ևս մի քանի նորանշանակ պաշտոնյաների վիդեո բլոգերին, զարմանքով ընդունում է, որ հաճելի է լսել մարդու, որը չի ջանում երևալ լուրջ, մռայլ ու պատասխանատու:

Մոնտաժ չկա, և այդ պատճառով՝ եթերում են հայտնվում նաև վրիպակներն ու սխալները, որոնք տեսանյութը դարձնում են home video (ընտանեկան, այսինքն, մտերմիկ):

Բայց այն, ինչը հիմա տեսնում ենք, նոր մի ձևաչափ է՝ home-work video, որը հեռարձակվում է աշխատասենյակից և որի ընթացքում հանրապետության վարչապետն ու գլխավոր հրամանատարը կարող է ասել. «Բոլորիդ սիրում եմ, բոլորիդ համբուրում եմ»:

Եվ մարդիկ արձագանքում են...

Իշխանություններն ու հասարակությունը՝ չունենալով ինտերակտիվ շփման ավանդույթ, չէին մշակել նաև շփման լեզու: Կամ ճիշտ կլինի ասել, որ ավանդույթը սա էր. իշխանավորը խոսում էր, հասարակությունը՝ լռում (իսկ երբ այլևս չէր կարող լռել, դուրս էր գալիս փողոց բողոքելու):

Հիմա երբ բարձրաստիճան պաշտոնյան «զրուցում» է լայվ հեռարձակմամբ, լսարանը ևս «զրուցում» է ի պատասխան:

Ինտերակտիվ լայվ բլոգինգը ակտիվորեն մեկնաբանվում է օգտատերերի կողմից ու առանց վարանելու կարելի է պնդել, որ այդ արձագանքելու/մեկնաբանելու մշակույթը ուսումասիրության ահռելի նյութ է տալիս սոցիոլոգներին ու հոգեբաններին:

Արձագանքման առիթների սակավությունը թույլ չէր տվել կոփել շփման «մկանը», և հիմա երբ բացվել են վիրտուալ շփման բոլոր արգելքները, մեկնաբանողները  «շատախոսում» են այնպես, ինչպես հորդող գետը, որից հեռացվել է արգելապատնեշը:

Նիկոլ Փաշինյանի լայվերի մեկնաբանությունը դրա վառ ապացույց են, մարդիկ՝ մերժելով լռությունը, ինքնաարտահայտվում են, ինքնաարտահայտվում... անգամ երբ բան չունեն ասելու (սրտիկներ են ուղարկում, պատմում իրենց կյանքի մասին, գովազդում առարկաներ ու հիացական խոսքեր շռայլում, ով, ինչպես կարող է):

Քաղաքացու ու ծառայողի շփման նոր լեզուն սաղմնային վիճակում է, բայց այն ձևավորվում է: Եվ կրկին կենդանի ռեժիմով:

Հակառակ իրավիճակում են լրատվամիջոցները, որոնք դարձան քչախոս:

Երբ հանրապետոթյան առաջին դեմքը ակտիվ մեդիա անձ է՝ անընդհատ աճող ու ուղերձներին սպասող լսարանով, դա նշանակում է, որ փոխվում է ողջ մեդիա դաշտը:

Լրատվամիջոցն այս իրավիճակում արդեն ոչ թե ինֆորմացիա հայթայթող է (ինֆորմացիան արդեն կա առաջին դեմքով ու առաջին ձեռքից), այլ ինֆորմացիան մարսող ու վերաիմաստավորող:

Աննախադեպ, բացառիկ լուրերը հաղորդում է վարչապետը (ևս մի քանի նորանշանակ պաշտոնյա), իսկ լրագրողը ստիպված է դուրս գալ լուրի ձևաչափից, որը հնանում է հենց հնչելու պահից, ու անել ավելին: Ասենք, գտնի լուրի հետքը, տարածումը, հետևանքն ու լուսանցքում մնացած իրականությունը:

Մի խոսքով՝ ընտելանա աշխատել ավելի լայն բացված մտքով:

«Իմ քայլը» շարժումը հենակետ դարձրեց սոցցանցերն ու դեպքի վայրերից ուղիղ միացումները, որոնց նմանությամբ կառուցվեցին ու թափ ձեռք բերեցին փողոցային ակցիաներն ու երթերը:

Ուղիղ շփման ու արագ գործելու գաղափարը ամենալավ գործիքն էր, որին հին վերնախավը բոլորովին պատրաստ չէր: Օրինակ, ՀՀ նախկին նախագահը հրաժարվեց հայտնվել ուղիղ եթերում և մի քանի ժամ անց հրաժարական տվեց:

Ուղիղ եթերի ու ուղիղ շփման միջավայրը ամենալավ հակակշիռն է կեղծ, «կիսագողական» ու վերամբարձ ոճով կառավարման մոդելին, որը ներդրվել դեռ է սովետական տարիներին:

Հիմա արագության գործոնն ու համատարած քաղաքականացվածությունը այևս չեն կարող անտեսել մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվող մարդիկ: Այսինքն, բոլորը:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?