Օնկոլոգիական բուժման նոր պայմանները

Օնկոլոգիական բուժման նոր պայմանները

Ի՞նչ է պատահել

2019-ի սկզբից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը այլևս չի փոխհատուցվում  համավճարային եղանակով:

Այս փոփոխությունը մամուլում տարբեր կերպ է ներկայացվել, նույնիսկ Առողջապահության նախարարն է մի քանի անգամ պարզաբանել։ Մեր հարցուպատասխանը կօգնի լրագրողներին ավելի լավ պատկերացում կազմել նոր փոփոխության մասին։

 
Ի՞նչ է փոխվել։

Չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում բոլորի համար։

Նախկինում այն անվճար էր միայն սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար, իսկ հիմա այդ սահմանափակումը հանվել է։

 

 
Եթե հիվանդը վիրահատվում է երկրորդ անգամ, վիրահատական բուժումը դարձյալ անվճա՞ր է։

Հաստատված քաղցկեղի դեպքում՝ այո։

 
Ի՞նչ է լինում, երբ բարդ է կամ հնարավոր չէ ախտորոշում կատարել մինչև վիրահատությունը։

Եթե վիրահատությունից հետո հաստատվում է չարորակ նոյագոյացության փաստը, հիվանդի վճարած գումարը վերադարձվում է։

Ինչքա՞ն գումար է տարեկան նախատեսված անվճար բուժման համար։

Պետական բյուջեով այդ նպատակով հատկացվել է 1 մլրդ 917 մլն 301 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 800 մլն դրամով։

Ի՞նչ է մտնում անվճար բուժօգնության մեջ։

Անվճար բուժօգնության մեջ մտնում են՝

  • հիվանդին հիվանդասենյակով ապահովելը,
  • մասնագիտացված խորհրդատվությունները,
  • լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները,
  • վիրահատական և ֆիքսող միջոցները,
  • բուժական միջամտությունները,
  • դեղերով ապահովումը,
  • թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործումը,  ֆիզիոթերապևտիկ բուժումը,
  • հիվանդի խնամքի ապահովումը՝ միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից:
Քիմիապրեպարատների ծախսերի հատուցման կարգում փոփոխություններ կա՞ն։

Ոչ։ Հատուցումն իրականացվում է․

ա) սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար

Փոխհատուցվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 60 հազար դրամը, և մեկ հիվանդի համար տարեկան 300 հազար դրամը:

Գումարը գերազանցելու դեպքում՝ հիվանդն ինքն է հոգում հավելյալ ծախսերը:

 

բ) սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված անձանց համար

Փոխհատուցվում է քիմիաթերապևտիկ 1 կուրսի համար 30 հազար դրամը, և մեկ հիվանդի համար տարեկան 150 հազար դրամը:

Գումարը գերազանցելու դեպքում՝ հիվանդն ինքն է հոգում հավելյալ ծախսերը:

Հետվիրահատական շրջանում ի՞նչ անվճար ծառայություններից կարող են օգտվել։

Կան ծառայություններ, որոնք անվճար են ՀՀ բոլոր քաղաքացիների համար, եթե կա բժշկի ուղեգիր: Դա ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունն ու սպասարկումն է (ներառյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները):

Ուռուցքաբանական ծառայությունների կազմակերպումը կարգավորվում է  առողջության առաջնային պահպանման սկզբունքով:

Նորագոյացություններով հիվանդներին տրվում են խորհրդատվություններ՝  ախտորոշիչ (վաղ հայտնաբերման) և առաջնակի ախտորոշման հաստատման նպատակով:

 

Անհրաժեշտության դեպքում կատարվում են  նաև լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:

Կազմակերպվում է պալիատիվ, վերականգնողական բուժում և խնամք, ժամանակին հաշվառում, շարունակական հսկողություն։

Իսկ ինչպե՞ս է լուծվում մարզերում բնակվող հիվանդների հսկողությունը հետվիրահատական շրջանում։

Մարզերում բնակվող հիվանդներին ուղեգրում են մարզային ախտորոշիչ կամ բժշկական կենտրոններ, որտեղ կա համապատասխան ծառայություններ և պետական պատվեր։

Մյուս դեպքերում բժշկի կողմից տրված ուղեգրով հիվանդը կարող է դիմել Երևանի բժշկական կազմակերպություններից որևէ մեկը, որտեղ իրականացվում է պետական պատվեր: