«Անհաջողությունները սկսվում են, երբ դադարում ենք հաղորդակցվել»

23.04.2019, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի կարծիքով՝ խուճապ առաջացնող ու սադրող տեղակատվական ալիքները պատահական չեն, այլ ուղղորդվում են կոնկրետ շահեր հետապնդող խմբերի կողմից, որոնք օգտագործում են նաև լրատվական ռեսուրսը:

Նա ասում է, որ լրատվական դաշտը կարգավորող օրենսդրական փոփոխություններ հիմա նախատեսված չեն: Պարզապես կան միջազգային պարտականություններ, որոնց պետք է մոտարկվեն մեր օրենքները:

Վարչապետի հորդորից հետո կալանավորվեց ֆեյսբուքյան էջի ադմինը: Դա ճի՞շտ եք համարում, և ընդհանրապես ֆեյքերի դեմ պայքար ինչու՞ հայտարարվեց:

Այո, ճիշտ էր: Եթե դիտավորյալ ու գիտակցաբար ես պղտորում դաշտը և մոլորեցնում ես մարդկանց (ընդ որում՝ բավականին շատ մարդկանց, քանի որ նման տեղեկատվական «արտադրանքի» խայծը կուլ տվող սպառողները քիչ չեն), պետք է պատրաստ լինես նաև հակադարձ քայլերի:

Իհարկե, լավ կլիներ, որ հասարակության մեծ մասը նման լուրերը ընդուներ քննադատաբար, անգամ քմծիծաղով:

Իրականում վերջերս ստեղծվեց խուճապ առաջացնող և վտանգավոր տեղեկատվության փոթորիկ, որի հետևում տարբեր «ականջներ» են երևում: Այսինքն, այդ փոթորիկը անմեղ չէր:

Իհարկե, կարելի է տարբեր նորություններ հորինել, մոգոնել, տարածել, մեկնաբանել, բայց երբ դրա տակ երևում է կոնկրետ շահեր, այլևս չենք կարող խոսել միայն պատահականության մասին:

Մեդիա դաշտում, ինչպես և բիզնեսում շատ բան կախված է ստվերային գործարքների բացառումից:

Միշտ պետք է հարաբերությունները հանել ստվերից, և ԶԼՄ-ների դեպքում դա բնավ էլ չպիտի դիտվի որպես խոսքի ազատության սահմանափակում:

Վստահ եմ, որ եթե հանկարծ հատվի ֆեյքերի դեմ պայքարի ու խոսքի ազատության շատ նուրբ սահմանը, քաղաքացիական հասարակությունը և մասնագետները շատ մեծ աղմուկ կբարձացնեն: Եվ արդյունքում կկանխվեն գրաքննության անգամ աննշան փորձերը:

Երբ կա կապիտալ, այն անպայման իր տեղը գտնում է նաև լրատվական ոլորտում: Որքան տեսնում ենք, կապիտալի վերաբաշխում մեդիայում տեղի չի ունեցել:

Անգամ եթե կապիտալը մեդիայում ստվերային է, կապիտալատերերը ստվերային չեն և օգտագործում, քաջալերում ու վարձատրում են տարբեր լրատվամիջոցներին:

Այսինքն, գումարների լայն սփռումը տանում է կոնկրետ հասցեներով: Ամեն դժգոհ ու ըմբոստ մարդ չէր կարող անել այնպիսի լրատվական արշավներ, որոնք տեսնում ենք: Դրանք ավելի լուրջ, նույնիսկ ինստիտուցիոնալ կառուցվածք ունեն և փորձում են գործել գաղտնի, վտարանդու նման:

Բայց մյուս կողմից էլ կարելի է ասել, որ լավ է, երբ նման խոշոր գումարները ծախսվում են անպետք բաների վրա: Միևնույն է էֆեկտը չի կարող մեծ լինել, քանի որ բնության մեջ սուտը, կեղծը, ի վերջո, բացահայտվում են: Ստի ոտքերը կարճ են:

Այո, կպղտորեն դաշտը, մարդկանց հույզերը, մտքերը, բայց լայն առումով՝ դաշտը կկարգավորվի:

Հաճախ ինֆորմացիոն գրոհների առիթներ տալիս են նոր իշխանությունները, երբեմն ոչ կոմպետենտ մեկնաբանություններով ու բացատրություններով:

Երբեք չես կարող լինել ապահովագրված վրիպակներից և լինել վստահ, որ չես սայթաքի ու չես սխալվի:

Բայց եթե մյուս կողմի նպատակը այդ սայթաքումներից կառչելը, դրանք ուռճացնելը չէ, վրիպումները չեն դառնա մեծ ու անիմաստ պատմություն: Խնդիրը դիտավորությունն է:

Այլ բան է, երբ սխալ տեղեկատվությունը տարածվում է գիտակցված ու դիտմամբ, հատուկ ու քայքայիչ նպատակով՝ ուշադրությունը շեղելու, վախեցնելու, խուճապ առաջացնելու, արձագանքեր հրահրելու համար:  

Ինձ թվում է, կա նաև ցանկություն, անգամ տենչանք, որ իշխանությունները ինչ-որ մի սխալ անեն՝ խոսքի ազատության սահմանափակման կամ գրաքննության առումով:

Սադրանք է արվում, որ նման դեպք լինի: Եվ եթե հանկարծ լինի  (իհարկե, սա ասում եմ հիպոթետիկ, քանի որ չի լինի), ապա այդ դեպքը մեծ ու սարսափելի արձագանք կունենա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:

Մեր հասարակությունը չի ների դա իշխանություններին, մենք ինքներս մեզ չենք ների: Այնքան պինդ պիտի լինենք ու ներքուստ ունենանք համոզմունք, որ չտրվենք սադրանքներին:

Նկատել եմ, որ մեր հասարակությունը որոշ դեպքերում ցույց է տալիս այնպիսի զգոնություն, որ ուղղակի զարմանում ես: Դա ֆենոմենալ կարողություն է, որը գործի է դրվում ճակատագրական, սահմանային պահերին ու դրդում անել իմաստուն քայլել:

Այսինքն, երբ մոտենում ենք վտանգի ծայրահեղ սահմանին, մեր մեջ ինչ-որ լույս է միանում ու փաստորեն փրկում է մեզ:

Վերջերս հարց բարձրացրեցինք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սահմափակելու հնարավորության մասին: Համարու՞մ եք, որ քարոզչության զոհ դառնալու վտանգ կա:

Իհարկե, չկա լուրջ վտանգ, և ռուսական ալիքների հաղորդումները չեն կարող քայքայիչ ազդեցություն ունենալ, պարզապես գիտեմ, որ կա նման մտահոգություն, և երբ առիթը եղավ, տվեցի այդ հարցը:

Հետաքրքիր է, որ այն լրատվամիջոցները, որոնք լուսաբանեցին այս հարցն ու պատասանը ԱԺ հանձնաժողովում, իրենց նյութերում տեղադրել էին կոնկրետ մեկ ռուսական հեռուստատեսության՝ «Ռոսիա»-ի, լոգոն: Թեև հարցը վերաբերում էր բոլոր ալիքներին, բայց  լրատվամիջոցները սլաքները ուղղեցին դեպի մեկ ալիք:

Ենթադրում եմ, որ դա արվել էր նաև այն պատճառով, որ մեր մտահոգությունը շինծու ու սուտ չէ ու ըստ էության՝ խփել է ճիշտ թիրախին:

Իմիջիայլոց, այդ հանձնաժողովի նիստի ընթացքում շատ ավելի կարևոր ու հրատապ հարցեր են քննարկվել՝ ատելության խոսքի ու բռնության գործողությունների տարածումը (ասենք, սերիալներում), այն փաստը, որ շատ հայաստանյան ալիքներ, նաև FM ռադիոկայաններ չեն սփռվում ողջ Հայաստանով, ինտերնետն էլ միշտ հասանելի չէ:

Եվ բնական է, որ այս պայմաններում կարևոր է դառնում տեղեկացված լինելու հարցը, բայց մեդիան շրջանառության մեջ դրեց միայն ռուսական ալիքների արգելման հարցը:

Սերիալների բովադակությունը արդիակա՞ն է:

Իհարկե: Դա թմրամիջոցների պես է աշխատում, մարդիկ կառչում են էկրաններին և հենց դա օգտագործելով՝ կարելի է ճիշտ ուղերձներ փոխանցել ու օգտակար բաներ մատուցել լսարանին:

Հասկանալի է, որ մասնավոր ալիքներին չես կարող պարտադրել փոխել բովանդակությունը, բայց ընդունենք, որ մեր բոլոր անհաջողությունները սկսվում են այն ժամանակ, երբ իրար չենք հասկանում: Իսկ շատ սերիալներ հենց այդ դրամատուրգիական հիմքն ունեն: Օրինակ, հերոսները ոչ թե փորձում են իրար հասկանալ, պայմանավորվել, լինել դիվանագետ, այլ դիմում են բռնության ու ճնշման:

Մարդիկ իրար չեն լսում, իրար հետ չեն խոսում, չեն շփվում: Անգամ տեսնում եմ ներփակվածության ախտանիշ:

Տեսնում ենք, որ մշակույթը չի համարվել առաջնահերթ ու հիմա էլ չի համարվում, ինչը մտահոգիչ է:

Դա է խնդիրը, մշակույթը չենք դիտարկել մարդաբանության, մեր ինքնության տեսակետից:

Հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ կենցաղային հարցերն այնքան խեղդող են (մինչև հիմա), որ հերթը չի հասնում լուրջ դասակարգման ու ավելի մեծ դոկտրինների:

Այնպիսի քաոս էր, որ սկզբում պետք էր մաքրել, որպեսզի հնարավոր լինի անցում անել դեպի բովանդակություն: Շատ խոչընդոտներ կան, երբեմն թվում է, որ երբ մի բանին դիպչում ես, այն միանգամից փլվում է:

Մինչդեռ մշակույթը հենց կոմունիկացիան է:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?