334-ի ձայնագրության պինգ-պոնգը

29.05.2019, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներքին փակ քննարկումների թեման վերջին մեկ շաբաթում երկրորդ անգամ է դառնում հոդվածների առիթ:

Նախ՝ «Առավոտ»-ը հրապարակեց մայիսի 21-ին կայացած խմբակցության փակ նիստից ձայնագրություն՝ արված ԱԺ միջանցքում։ Հիմա էլ Factor-ն է գրել, թե «Իմ քայլ»-ում քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ դիմելու ու լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը:

Factor-ի հոդվածից հասկանալի է, որ ԱԱԾ դիմելու առաջարկն արել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:  Մեկնաբանելով իր առաջարկը, նա ասել է, որ «ԱԱԾ-ն ավելի կարևոր գործերով պետք է զբաղվի», իսկ «արտահոսքի թեման հաճախ նաև ուռճացված է»:

Սակայն պատգամավորը չի հերքել, որ իրենց խմբակցությունից արտահոսքը բացահայտելու համար ԱԱԾ դիմելու մտադրություն է հնչել ներքին քննարկումների ժամանակ, այն հրապարակային չէ ու ընդամենը ներքին խոսակցություն է: Նաև ավելացրել է, որ «այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով»:

Փաստացի Ավետիսյանը, չնայած նման միտք առաջարկել է քննարկել, բայց ինքն էլ չի կարծում, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի «Իմ քայլը» խմբակցության արտահոսքերով:

ԱԱԾ դիմելու անհրաժեշտության մեկ այլ հիմնավորում ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա ասել է, որ ԱԱԾ-ի անունը խմբակցության ներքին նիստում հիշատակելը կապված չէ լրագրողների աղբյուրների բացահայտման հետ.

«Որոշակի կասկածներ կան, որ մեր էլեկտրոնային փոստերն են կոտրում, և այդպես է արտահոսք լինում։ Եվ դա շատ վաղուց է։ Ենթադրում եմ՝ այդ խնդիրը բացահայտելու համար է խոսվել ԱԱԾ-ին դիմելու մասին: Այլապես չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն լրագրողների հետ կապված ինչ պետք է անի»։

Եթե ամփոփենք Factor-ի տեղեկության այս հատվածը, ստացվում է.

Ա.  «Իմ քայլը» խմբակցության մեկ պատգամավոր ներքին ժողովի ժամանակ քննարկել է ներքին արտահոսքի աղբյուրը պարզելու համար ԱԱԾ դիմելու հնարավորությունը:
Բ. Քննարկումը կապ չուներ լրագրողների աղբյուրները բացահայտելու պարտադրանքի հետ:
Գ. Քննարկումը կարող էր կապ ունենալ ԱԺ պատգամավորների էլեկտրոնային փոստի հասցեները կոտրելու, այսինքն՝ կիբերհանցագործության հետ:
Ի դեպ, գուցե այդ դեպքում պետք է դիտարկել ոստիկանություն ու ոչ թե ԱԱԾ դիմելու հարցը:
Դ. Առաջարկի հեղինակը չի պնդում, որ ԱԱԾ դիմելն անհրաժեշտություն է:

Մեկուսացնել 334 սենյակը

Factor-ի հոդվածում ԱԱԾ դիմելու թեզը վերնագրի շեշտադրող մաս է: Այնքան շեշտադրող, որ առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանն իր հոդվածում հատուկ շեշտել է այն:

Հոդվածի հիմնական մասը, սակայն, ԱԺ 334 դահլիճում «Իմ քայլ»-ի փակ նիստերի գաղտնիությունը ապահովելու առաջարկի մասին է:

Մայիսի 21-ի նման նիստի ժամանակ 88 հոգանոց «Իմ քայլ»-ի պատգամավորներն օգտվել են բարձրախոսերից, ու նրանց ձայները լսելի են եղել միջանցքում նիստի ավարտին սպասող լրագրողներին:

Լրագրողները ձայնագրել են մոտ երեք ժամ տևած այդ նիստի 2 րոպեն և այդ 2 րոպեի հիման վրա հոդված գրել: Հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հոդվածը որակել էր ապատեղեկատվություն, «Առավոտ»-ը հրապարակել էր նաև այդ 3 ժամանոց նիստի 2 րոպեի իր ունեցած ձայնագրությունը:

Ձայնագրությունը հրապարակած կայքի խմբագիրը գրում է, որ իրենց հրապարակումից հետո «Իմ քայլը» խմբակցությունը պետք է գործողություններ կատարեր. «Թվում է՝ կատարվածից հետո «Իմ քայլ»-ի անդամները կազմակերպական հետևություններ պետք է անեին, և ասենք, այլևս բարձախոսով ելույթներ չէին ունենանա դռնփակ նիստում կամ խորհրդարանում չէին գումարի դրանք։ Բայց փոխարենը հրապարակումներ կան, որ էլ ԱԱԾ-ին են փորձում խառնել այս պատմությանը․․․»:

«Իմ քայլ»-ի պատգամավորների մեկնաբանություններում ԱԱԾ-ի մասին խոսքերը չեն կապվում 334 դահլիճի միջանցքում լսվող ձայների հետ: Չկա կարծիք, որ այդ խնդրով պետք է զբաղվի ԱԱԾ-ն:

Կա 334-ի հետ կապված առաջարկություն, որ փակ նիստերի ժամանակ լրագրողները լինեն դահլիճից այնպիսի հեռավորության վրա, որ տեխնիկապես հնարավոր չլինի լսել ու ձայնագրել խմբակցության ներքին քննարկումները:

Այս խնդրի մասին գրում է ձայնագրությունը հրապարակած կայքի խմբագիրը. «Խմբակցությունն ակնհայտ անբավարար միջոցներ էր ձեռնարկել մայիսի 21-ի իր նիստում, և բարձրախոսով ունեցած նրանց ելույթները լրագրողների համար լսելի էին եղել սենյակից դուրս»:

Լրատվամիջոցները՝ հրապարակելով միջանցքում լսվող փակ նիստի բաց խոսքերը, չէին կարող չմտածել, որ «Իմ քայլ»-ն, ի վերջո, պետք է մտածի իր ներքին քննարկումը հանրային չդարձնելու մասին: Թե ինչ ճանապարհ կընտրի, իր գործն է:

Օրինակ, խմբակցությունը կարող է փորձել չօգտագործել բարձրախոսերը կամ ժողովներն անել այլ շենքում: Լրագրողներին՝ որոշակի ժամանակով ԱԺ շենքի որոշակի հատվածում տեղաշարժվելը սահմանափակելը իրոք տեխնիկապես բարդ է լինելու:

Սակայն, վերադառնանք «Առավոտ»-ի ձայնագրությանը, որը առիթ դարձավ քննարկելու 334-ում տեղի ունեցող նիստերը: Կան հարցադրումներ:

Առաջինը՝ ձայնագրությունը գա՞ղտնի է, թե՞ ոչ:

Չգիտեմ, թե քանի լրագրող է եղել այդ ժամանակ միջանցքում, սակայն 3 ժամանոց նիստի այդ 2 րոպեի բովանդակության մասին հոդված եղել է 3 լրատվամիջոցում (եթե չեմ սխալվում):

Լրագրողները գիտեին, որ խմբակցության նիստը լուսաբանման համար չէ, բայց 334 դահլիճի քննարկումները լսելի են եղել միջանցքում: Լրագրողներն ու նրանց խմբագիրները որոշել են, որ եթե դրանք լսելի են, ապա արդեն հանրային են:

ԱԺ պատգամավորները, որոնք խոսում են այդ ձայնագրություններում, չգիտեն, որ իրենց ձայնագրում են: Հրապարակվածը, ամեն դեպքում, իրենց խմբակցության անդամների ականջների համար ասվածն է ու հրապարակային չէ:

Ձայնագրությունը միտումնավոր գաղտնի չէ արված, բայց փակ քննարկման հատված է հրապարակում: Ընդ որում՝ շատ կարճ հատված, որից պարզ չէ ամբողջական պատկերը:

Ո՞վ էր խանգարում լրագրողներին միջանցքում լսած թեման խորացնելու համար մոտենալ պատգամավորներին ու փորձել մեկնաբանություններ ստանալ, արդարադատության նախարարից էլ ճշտել տեղեկատվությունը:

Երկրորդ՝ ի՞նչ հանրային հետաքրքրություն ունի այդ ձայնագրությունը:

Առցանց «Առավոտ»-ի խմբագրի կարծիքով՝ «սա ոչ գաղտնալսված խոսակցություն է, ոչ անձնական բնույթի՝ մասնավոր կյանքին առնչվող խոսակցություն, այլ վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի՝ Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի լուծարմանը»:

«Առավոտ»-ը միացել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին, որի 2.3 կետն ասում է. «Խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ և գաղտնի մեթոդներից, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը: Այսպիսի մեթոդների կիրառման անհրաժեշտությունը պետք է ներկայացվի և հիմնավորվի բուն հրապարակման մեջ»:

Եթե ձայնագրությունը, որը հրապարակել է «Առավոտը», գաղտնի չէ, ուրեմն  ծածու՞կ է: Եվ ո՞րն է դրանց տարբերությունը:

Իսկ եթե ոչ գաղտնի է, ոչ ծածուկ, ապա ինչպիսի՞ն է: Հանրայի՞ն:

Կանոնագրում նշվում է «հասարակական շահեր» բառակապակցությունը, Աննա Իսրայելյանն օգտագործում է «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց» ձևակերպումը: Այն առնվազն ավելի մեղմ է, քան կանոնագրինը, որին հղում է անում նաև առցանց «Առավոտ»-ի խմբագիրը:

Այստեղ, իհարկե, մի նրբություն էլ կա: Կանոնագիրը պահանջում է, որ ծածուկ կամ գաղտնի մեթոդներով ստացված տեղեկությունները հրապարակելիս բուն հրապարակման մեջ ներկայացվի այդ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: «Առավոտ»-ի հոդվածում նման բացատրություն չկա:

Ի՞նչ իմացանք մենք ձայնագրությունից.

Ա. «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկը ժամանակին արդարադատության նախարարին ասել է, որ ՍԴ-ն ու ԲԴԽ-ն պետք է ցրել:
Բ.  «Իմ քայլ»-ի մեկ այլ պատգամավոր զայրացած է արդարադատության նախարարի վրա:

Ու վերջ: Ո՞րն է այս երկու պատգամավորի ասածի հանրային շահը: Այն, որ  «Իմ քայլ»-ում կա կարծիք, որ ՍԴ-ն ու ԲԴԽ-ն պետք է ցրե՞լ, թե՞ որ մեկ պատգամավոր դժգոհ է արդարադատության նախարարից:

Այո, նաև իմացանք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անհաջող է հերքում հոդվածները: Նրա ֆեյսբուքյան էջի այս գրառումը՝ «Պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն», անշուշտ խոցելի է:

ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու խոսակցություն, փաստորեն եղել է, եթե մեկ պատգամավոր այդ մասին խոսել է: Բայց, այդ կառույցները ցրե՞լն է եղել այդ նիստի օրակարգը: Ձայնագրությունների հիման վրա հոդվածներ հրապարակած լրագրողներն, օրինակ, գիտե՞ն այդ հարցի պատասխանը: Մակունցն ուղղակի կարող էր ավելի ուշադիր կառուցել իր խոսքն ու մեկնաբանությունները՝ լրագրողների հետ անիմաստ հակամարտության մեջ չմտնելու համար:

3 ժամանոց քննարկումից 2 րոպե ձայնագրությունը առանձնապես մեծ կապիտալ չէ հանրային շահը պաշտպանելու համար: Այն բավարար է ՍԴ-ի, ԲԴԽ-ի ու արդարադատության նախարարի՝ պահանջված թեմայի մասին արագ հոդված գրելու համար, սակայն հանրային շահը պաշտպանելուն հաստատ չի ձգում:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?