Լրատվական դաշտի կարգավորումների պահանջն ու խութերը

26.04.2019, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխական վերադասավորումներն իրենց հետքն են թողել լրատվական դաշտում, որը ալեկոծվում է և միաժամանակ ալեկոծում հանրային և քաղաքական միտքը:

Այդ մասին էր «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովը, որը տեղի ունեցավ ապրիլի 26-ին՝ մասնակիցների հնարավորինս լայն շրջանակում:

Մեդիա փորձագետների, հասարակական կազմակերպությունների, պատգամավորների ու կառավարության անդամների քննարկումների արդյունքում փորձ արվեց ուրվագծել այն խնդիրների շրջանակը, որը հրատապ է այսօր:

Լրատվամիջոցների աշխատանքը կարգավորվում է թե՛ օրենսդրական, թե՛ հանրային ընկալումների արդյունքում: Նաև քաղաքական որոշումների հետևանք է: Եվ բոլոր կետերում կան մտահոգություններ:

Մտահոգվելու առիթներ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես լրատվական դաշտի կարևոր առաքելություն նշեց հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելու հեռահար նպատակը, այլ ոչ թե մշտական շոկ ու ցնցում առաջացնելը:

Նոր իրավիճակում, երբ տեխնոլոգիաների զարգացումն ու մեդիա գործիքների հասանելիությունը մարդկանց դարձրել են անընդհատ մեդիա սպառող ու արտադրող, Արտակ Զեյնալյանը հիշեցրեց.

«Հիմա յուրաքանչյուրին կարող ենք համարել լրատվամիջոց ու լրագրող: Շատ գործունեություններ միախառնվել են ու առաջացել է հիբրիդ՝ քաղաքական գործիքները ձեռք են բերում լրագրողի դեր, իսկ լրագրողները՝ քաղաքական գործիչների»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի կարծիքով՝ կարևոր է հասարակության ներգրավվածությունը, քանի որ մեդիան միշտ երկողմանի շփում է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պետք է լինի կոնսենսունս մեդիա դաշտի, հանրության և քաղաքական ուժերի միջև. «Ես համաձայն չեմ Արտակ Զեյնալյանի հետ, որ մեդիայի խնդիրը հաշտեցումն է: Մեդիան ինձ համար ունի մեկ խնդիր. հանրությանը հաղորդել անաչառ ինֆորմացիա՝ առանց կողմնակի հավելումների ու համեմունքների»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգիչ համարեց այն, որ սխալ պատկերացում կա լրագրողի աշխատանքի մասին: Օրինակ, հասարակությունը երբեմն լրագրողին նույնացնում է այն մարդ հետ, ումից լրագրողը հարցազրույց է վերցնում:

Իսկ պետական համակարգում դեռևս գործում է կարծրատիպ, թե լրագրողներն իրենց հարցերով կարող են խոչընդոտել պետական մարմինների աշխատանքը. «Կարևոր է փոխել այդ կանխակալ վերաբերմունքը, քանի որ լրագրողը ոչ թե խոչընդոտում է, այլ աջակցում՝ ստիպելով, որ պետական կառույցների աշխատեն ու լինեն հաշվետու»:

ՄԻՊ-ը նշեց վիճակագրական տվյալներ, որոնք փաստում են լրագրողների հարցումների մերժման աճի մասին: Օրինակ, համեմատելով 2017-ը և 2018-ը, կարելի է ասել, որ մերժման դեպքերը կրկնապատկվել են: Իսկ դա նշանակում է, որ աճում է նաև լրագրողների բողոքը:

Լրագրողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս, Արման Թաթոյանը նկատեց.«Որքան պատասխանատու է լրագրողը, այնքան հեշտ է նրան պաշտպանել: Բայց երբ լրագրողի հասցեին վիրավորանք ու սպառնալիք է հնչում սոցցանցերում, չափազանց կարևոր է, որ պետությունը արձագանքի որքան կարելի է արագ»:

Պետական կառույցների արագ արձագանքման մասին խոսեց նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Օրինակ, երբ խախտվում են լրագրողների՝ տեղեկություն ստանալու իրավունքը:

«Նախկինում շատ էին անպատասխան թողած հարցումները, որոնք պարզապես զամբյուղն էին նետվում, հիմա դրանց տոկոսը էականորեն նվազել է, բայց աճել են թերի ու ոչ լիարժեք պատասխաններն ու անհիմն մերժումները: Եվ եթե տեղի է ունենում իրավունքի խախտում, դա պետք է արագ վերականգնվի: Այսինքն, լրագրողին արագ տրվի տեղեկություն»,- ասաց նա:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի համար մտահոգիչ է, որ հիմա «իրական լրատվամիջոցը պետք է սովորականից շատ ներդրում ու ջանք թափի մյուսներից տարբերվելու համար»:

«Քաղաքական առաջնորդները մարգինալացնում են մամուլը, ընկալում այն որպես թշնամի: Միտում կա, որ իրավիճակը կարող է վերածվել հիվանդության, այն էլ՝ քրոնիկ: Իշխանությունները պիտի լինեն բաց ու անգամ ողջունեն քննադատությունը»,- ասաց նա:

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց ոգևորիչ տվյալներ: Օրինակ, այն, որ մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքը 19 կետով, իսկ կառավարությանը և գերատեսչություններին ուղղված լրագրողների հարցումները աճել են գրեթե հինգ անգամ (համեմատած նախորդ տարվա հետ):

Նա աննախադեպ համարեց նաև վարչապետի պատրաստակամությունը շփվել մեդիայի հետ և ասուլիսներ կազմակերպել:

«Շեշտակի աճել է նաև լրատվամիջոցների քանակը: Օրինակ վարչապետի ասուլիսին ներկա էին 80-ից ավելի լրատվամիջոցներ, և 70-ը հարցեր ուղղեցին»:

Նրա կարծիքով՝ նման բաց աշխատանքը նաև նախապայման է, որ պակասեն կեղծ լուրերը:

Կեղծ լուրերի նվազեցում

Շուշան Դոյդոյանը մտահոգիչ համարեց վերջերս վարչապետի հայտարարած ֆեյքերի դեմ պայքարը, որտեղ ներգրավվեց նաև ԱԱԾ-ն:

«Հասարակության և մասնագիտական լսարանի համար այդպես էլ պարզ չեղավ, թե ինչի դեմ է պայքարը: Դա հեղհեղուկ ու տարածական մեկնաբանությունների տեղիք տվող հրահանգ էր, որը ընձեռում է երկակի կիրառաման հնարավորություն»,- ասաց նա:

Քանի որ չունենք որևէ իրավական ձևակերպում, թե ինչ է մանիպուլյատիվ բնույթի տեղակատվությունը, կառավարության համար ոչ հաճելի քննադատությունը կարող է մեկնաբանվել որպես մանիպուլյացիա: Եվ սկզիբ դնել լրագրողների ինքնագրաքննությունը:

Որպես կեղծ լուրերի հակաշիռ Շուշան Դոյդոյանը նշեց կառավարության պրոակտիվ դիրքորոշումը.

«Եթե կառավարության տրամադրած ինֆորմացիան նվազ է, պակաս, լիարժեք և ժամանակին չէ, ստեղծվում է պարարտ հող բամբասանքների ու կեղծ լուրերի տարածման համար: Երբ պաշտոնական տեղեկատվությունը ուշանում է կամ տրվում է կիսատ-պռատ, տարածվում է բորբոսը: Իսկ եթե կա լույս է ու թափանցիկություն, բորբոսը զարգանալու հնարավորություն չի ունենում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյքերի դեմ պայքարը նմանեցրեց հողմաղացների դեմ պայքարի հետ:

«Կեղծ տեղակատվության տարածումը հետևանք է, որի հետ պայքարը իմաստ չունի, եթե պատճառները չեն վերացվում»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

Օրինակ, լրագրողների՝ տեղեկություն ստանալու իրավունքի պահպանմամբ և լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության ապահովմամբ:

Ապատեղեկատվության ու կեղծ լուրերի խնդիրը արդիական է ողջ աշխարում, սակայն արդյունավետ կարգավորումներ դեռևս չեն գտնվել:

Համաժողովի մասնակիցների մեծամասնության կարծիքով դա պետք է արվի նրբանկատ ու զգույշ՝ օգտագործելով մի քանի մարտավարություն:

Ասենք, մեծ ուշադրություն դարձվի լրատվամիջոցների ինքնակարգավորման քայլերին, լրագրողական էթիկայի պահպանմանը, մեդիա գրագիտության տարածումով՝ հասարակության լայն շերտերում, մասնագիտական քննարկումներով և օրենսդրական փոփոխություններով:

Ուղղահայա՞ց, թե՞ հորիզոնական կարգավորումներ

Լրատվական դաշտի կարգավորումների անհրաժեշտությունը զգում են բոլորը, բայց որպեսզի դրանք չնույնացվեն խոսքի ազատության սահմանափակման փորձերի կամ գրաքննության հետ, ցանկալի է, որ նախաձեռնությունը սկսվի հենց մեդիա դաշտից:

Այդ կարծիքի էին նաև օրենսդրական դաշտի ներկայացուցիչները: Պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Գայանե Աբրահամյանը և Նաիրա Զոհրաբյանը վստահ են, որ օրենսդրական փոփոխությունները պետք է սկիզբ առնեն ոչ թե վերևից, այլ ներքևից:

«Սրանք դժվար լուծելի խնդիրներ են: Եվրոպայի հանձնաժողովում բոլոր նախաձեռնությունները գալիս, հանգում են մի կետի, որտեղ կանգ ենք առնում՝ ասելով՝ ստոպ, կարող ենք վնասել խոսքի ազատությանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«ԶԼՄ-ների մասին օրենքը» կարգավորում է միայն տպագիր մամուլը, իսկ օնլայն մեդիան դուրս է մնում օրենսդրական ակտերի մաս լինելուց:

Հրատապ հարցերից է նաև լրատվամիջոցների իրական սեփականատերերի ու ֆինանսական միջոցների թափանցիկությունը:

Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Եվ թող որևէ մեկը չասի, որ այսօր Հայաստանում որևէ լրատվամիջոց բացարձակապես ազատ է քաղաքական շահերից: Քանի դեռ լրատվամիջոցը տնտեսապես չի կարողանալու ինքն իրեն սպասարկել, չի լինելու ազատություն: Այս պրոբլեմները կային և հեղափոխությունից առաջ, հիմա սրվեցին կամ դուրս եկան ջրի երես»:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը հեղափոությունը նմանեցրեց պատվաստանյութի հետ, որը ներկարկվելով հասարակության մեջ՝ ակտիվացրեց հանրային օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները:

Եվ քանի որ շատ խնդիրներ տարիներով են ձգվել՝ չստանալով լուծումներ, այժմ կարգավորումների ձևաչափերը գեներացնելու լավ առիթ է:

Նունե Հախվերդյան

Համաժողովը կազմակերպել էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?