Մերժել պոռնոգրաֆիան և ատելության խոսքը

09.10.2018, Քննադատ

Լրագրող

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վերջին օրերի իր հանրային գործունեության զգալի հատվածը նվիրել է փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանողներին «արմատախիլ անելու» գործին: Նրա կարծիքով,  սեռական ու կրոնական փոքրամասնությունների դեմ պայքարը առանցքային խնդիր է, որովհետև՝ «երկիր ենք կորցնում»:

«Հիմա մեր պետությանն ու պետականությանը սպառնացող ավելի մեծ խնդիրներ կան, քան կոռուպցիան և իշխանափոխությունն են...Սեռաշեղվածությունն ու աղանդավորությունը «ձվադրում են» մեր քթի տակ, ամեն քայլափոխի...», - գրել է Պետրոսյանը Ֆեյսբուքում:

Նա առաջարկում է «մեկտեղել ուժերը»՝ իր նշած երևույթների դեմ պայքարում: Մի քանի ժամ անց նրա կատարած հաջորդ գրառումն արդեն առաջինի վերաբերյալ արձագանքների արձագանքն էր:

Այստեղ արդեն պատգամավորը անցնում է ավելի կոշտ բառապաշարի՝  իրեն քննադատողներին անվանելով «թափթփուկներ», «անլվա ջանդակների՝ նախապես չծրագրված անկանոն շփումներից հանկարծակի առաջացած չարորակ գոյացություններ» և այլն:

Պատգամավորի խոսքը արագ տարածվեց մեդիայում: Պետրոսյանի խոսքերը առանց հավելյալ մեկնաբանության, «մաքուր վիճակով» արտատպեցին շուրջ 2 տասնյակ լրատվամիջոցներ, այդ թվում՝ ամենառեյտինգայիններից մի քանիսը:

Գևորգ Պետրոսյանի այս ակտիվությունը տարբեր պատճառներ կարող է ունենալ: Օրինակ՝ փոքրամասնությունների նկատմամբ հանրության մի հատվածի բացասական զգացմունքների վրա խաղալով՝ շահել այդ հատվածի համակրանքը:

Հնարավոր է ագրեսիվ հոմոֆոբիան Գևորգ Պետրոսյանի մոտ ինչ-որ այլ՝ անձնական շարժառիթ ունի: Չի բացառվում նաև մեկի ու մյուսի համադրությունը և այլն:

Խնդիրն այստեղ այն է, թե ինչ կերպ պետք է նրա այս ակտիվությանն արձագանքի մեդիան: Արդյո՞ք պետք է հեռարձակել նրա՝ ատելության ու խտրականության խոսքը, այն էլ՝ «հում» վիճակով, առանց մեկնաբանության, թե՞ պետք է անտեսել այն կամ մատուցել որոշակի պարզաբանման ուղեկցությամբ՝ շեշտելով դրա անհամապատասխանությունը Սահմանադրության ու օրենքների պահանջներին:

ՀՀ Սահմանադրության 29. հոդվածը արգելում է խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Մի կողմից, Պետրոսյանը հանրային գործիչ է, և նրա կարծիքը հետաքրքիր կարող է լինել լրատվամիջոցների համար, մանավանդ, որ սեռականության վերաբերյալ նյութերը սովորաբար ավելի գրավիչ ու քլիքաբեր են լինում: Բայց արդյո՞ք Պետրոսյանի այս հայտարարությունները պետք է դիտարկել խոսքի ազատության համատեքստում:

Եվրոպական նախադեպային իրավունքի համաձայն, ատելության խոսքը պաշտպանության իրավունքով օժտված չէ, ատելություն և խտրականություն տարածող սուբյեկտը չի կարող իր կարծիքը արտահայտելու երաշխավորված ազատություն ակնկալել:

Հակառակը՝ նա կարող է պատասխանատվության ենթարկվել իր այդ խոսքի համար ինչպես քրեական, այնպես էլ՝ մասնավոր, քաղաքացիական իրավունքի դաշտում: (Ի դեպ, Գևորգ Պետրոսյանը մասնավոր իրավունքի մասնագետ է, իրավագիտության թեկնածու, ԵՊՀ դասախոս: Նա նաև որոշ ժամանակ՝ 2000-ականների վերջին, զբաղեցրել է սոցապ նախարարի պաշտոնը):

Հանրային պատասխանատվություն ստանձնած լրատվամիջոցները կարող են և պետք է ձեռնպահ մնան ատելության խոսքի տարածելուց: Նրանք կարող են առհասարակ «արգելափակել» ատելություն ու խտրականություն տարածող նյուզմեյքերին, զրկել նրան եթերից ու հարցազրույցների հնարավորությունից, անգամ եթե թեման կապ չունի նրա խնդրահարույց տեսակետների հետ:

Այնպես, ինչպես, օրինակ Գերանիայում կհրաժարվեն եթեր տրամադրել հրեաատյացներին, Չեխիայում՝ ստալինիստներին կամ ԱՄՆ-ում՝ ռասիստներին:

Ի վերջո, որոշ գրված կամ չգրված օրենքների բերումով, հայաստանյան լրատվամիջոցները հրաժարվել են հայհոյանքի, բռնության տեսարանների, պոռնոգրաֆիայի տարածումից: Հետևաբար, նրանք պետք է իրենց պարտավորված զգան նաև խտրականություն ու ատելություն սերմանող բովանդակության տարածման հարցում:

Բուն TV-ի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը, ակնարկելով Գևորգ Պետրոսյանի՝ մեջբերված գրառումը, գրում է.  «Մենք, ցեղասպանություն վերապրած լինելով, ինչպե՞ս կարող ենք ցանկանալ մեր մեջ ապրող ուրիշների մահը, վերացումը և տառապանքը զուտ էն պատճառով, որ այլ հավատ է դավանում, ուրիշ մշակույթի կրող է կամ այլ սեռական կողմնորոշում ունի, խնդրում եմ, մի մոռացեք, որ հարյուր տարի առաջ մեզ ցեղասպանության են ենթարկել, քանի որ ուրիշ հավատ էինք դավանում, ուրիշ մշակույթի կրող էինք և այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ»:

Ի հավելումն Գեմաֆինի ասածի. հայերը փոքրամասնություն են աշխարհի բոլոր երկրներում, բացի Հայաստանից, ընդ որում, հայաստանցիներս էլ փոքրամասնություն ենք 7 միլիոնանոց սփյուռքի համեմատ: Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել «ուրիշ», ոմանց համար՝ «անտանելի ուրիշ»:

Հիմա շատերը Հայաստանում առաջարկում են մարդկանց՝ իրենց համաքաղաքացիներին, թաքցնել սեփական կրոնական նախասիրությունները կամ սեռականությունը, ծածանել իրենց դրոշակները «տանը» կամ «սեփական անկողնում»:

Բայց մենք արդարացիորեն վրդովվում ենք, երբ մեզ՝ հայերիս, օտար երկրներում առաջարկում են զսպել մեր ինքնության դրսևորումները կամ արտահայտել դրանք «փակ տարածքներում»:

Մենք անգամ ոչ դեմոկրատական երկրներում օգտվում ենք փոքրամասնություններին տրված արտոնություններից, որոնք ամրագրված են միջազգային իրավունքի նորմերով, հպարտությունից հուզվում ենք, երբ նախագահ Մակրոնը հիացական խոսքեր է ասում հայ ժողովրդի հասցեին՝ ֆրանսիական բազմազանությանը հայկական նախշեր ավելացնելու համար:

Բայց մեր երկրում հրաժարվում ենք հանդուրժել «ուրիշներին», թույլ ենք տալիս անգամ ինչ-որ պաշտոնյաների՝ ինչ-ինչ շարժառիթների դրդմամբ թեժացնել հասարակության մի ստվար հատվածի ատելությունն ու անհանդուրժողականությունը մյուսների՝ տարբերվողների հանդեպ:

Հակոբ Կարապետյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?