Լրատվամիջոցը ռիսկի է ենթարկել լուսանկարչին

15.02.2018, Քննադատ

Լուսանկարիչ-վավերագրող, ում կարգախոսն է՝ իրական մարդիկ իրական վայրում իրական ժամանակում:

Տեղեկատվական պատերազմում ֆոտովավերագրության չարաշահումը նորություն չէ։

Մեր հարևաններն, օրինակ, անթաքույց անպատկառությամբ օգտագործում են Հարավսլավիայի և հողագնդի այլ թեժ կետերի պատերազմական շրջանի, Թուրքիայի երկրաշարժի լուսանկարները՝ ի ցույց դնելու համար «Խոջալուի եղեռն»-ի զոհերին։

Այս ծամածռություններն այնքան ծիծաղելի են, որ նույնիսկ ես երբեք դրանց լուրջ չեմ վերաբերվել։

Սակայն ինձ զգաստացրեց այն փաստը, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ՝ դիտավորությամբ, թե իրենց ֆոտոխմբագիրների կիսագրագիտության հետևանքով, Ադրբեջանի ԶԼՄ-ների գործելակերպից գրեթե չտարբերվող քաղաքականություն են վարում։

Սոցցանցում զոհված մարդկանց պատկերող լուսանկար աչքովս ընկավ։ Հեռվում տեսանելի են սպիտակ խալաթավորներ, առաջին պլանում դագաղի կափարիչ է։ Լուսանկարը ադրբեջանական լրատվաշտեմարանից է։ Ըստ լուսանկարի մակագրության՝ «Խոջալուի եղեռնի» զոհերն են։

Ավելորդ է անգամ հիշել ու հիշեցնել, որ դագաղի կափարիչն արդեն իսկ վկայում է, որ այդ զոհերն ով ասես կարող են լինել, բայց ոչ երբեք՝ իսլամական դավանանքի կրողները։ Մահմեդականները դագաղով չեն թաղում, հո զոռով չի՝ չեն թաղում։ Բայց նույնիսկ սա էական չէ։

Էական է ահա թե ինչը. լուսանկարի հեղինակի անունն է նշված։ Հավանաբար կասկածները փարատելու համար։ Մեծ ջանք չպահանջվեց պարզելու համար, որ լուսանկարի հեղինակ ներկայացված Իգոր Գավրիլովն իրոք այդ լուսանկարի ստեղծողն է։

Անձամբ ճանաչելով Գավրիլովին՝ գիտեի, որ նա չի եղել Արցախում 1992-ի փետրվարին։ Բայց իմ գիտեցածն անխոցելի ապացույց չի կարող ծառայել ադրբեջանական կայքերի խեղաթյուրած փաստերի դեմ։

Երկար որոնումներից հետո հասա տեղեկության սկզբնաղբյուրին։ Զարմանքից կարկամեցի, երբ հայտնաբերեցի, որ ապատեղեկատվության առաջին տարածողը «Կոմերսանտ» հրատարակչությունն է։

Մի քանի տարի առաջ «Ъ»-ը գնել է սնանկացած «Օգոնյոկ»-ը։ Բնականաբար, ողջ լուսանկարչական արխիվը ժառանգել է նոր սեփականատերը։ Մի քանի տասնամյակ լեգենդար «Օգոնյոկ»-ում աշխատած Իգոր Գավրիլովի լուսանկարների հրապարակումը տարակուսանքի մեջ գցեց ինձ, երբ կարդացի դրանց մակագրությունները, որոնք բացարձակապես չէին համապատասխանում լուսանկարների բովանդակությանը։

Ցանցում կարճատև փնտրտուքից հետո գտա այն լուսանկարը, որն այդ նույն վայրում նկարել էր Իգոր Գավրիլովը, բայց՝ այլ դիտանկյունից։ (Երկու լուսանկարներում էլ նույն դիտակետերն են սլաքներով նշված)։

Իգորը առաջիններից էր, որ 1988-ի դեկտեմբերին շտապեց Լենինական և լուսանկարեց ահավոր ողբերգությունը։ Նրա լուսանկարները հրապարակվեցին «Օգոնյոկ» ամսագրում։

Իմ տարակուսանքին միացավ մեկ այլ ռուս լուսանկարիչ ևս՝ Օլեգ Կլիմովը. «Այս լուսանկարներում Լենինականի երկրաշարժի զոհերն են։ Ես էլ եմ այնտեղ նկարել»։

Արձագանքեց նաև Իգոր Գավրիլովը. «Սա արվել է կամ կիսագրագիտության պատճառով, կամ...»։ Նրա պատասխանը ամբողջությամբ չեմ մեջբերի։ Մասնավոր նամակագրություն է։ Երբեմն թունդ արտահայտություններ էլ ենք գրում։

Ստացվում է, «Կոմերսանտ»-ը ապատեղեկատվություն է տարածում։ Բայց սա դժբախտության կեսն է։ Ցավն այն է, որ «Կոմերսանտ»-ը խորապես թքած ունի, որ լուսանկարչին հարվածի տակ է դնում։

Այդ հրապարակումը միլիոնավոր մարդիկ են տեսնում, չէ՞, և բնական է, որ շատերն են ատամ կրճտացնում զայրույթից, որովհետև գիտեն ինչն ինչոց է։

Իսկ չէ՞ որ լուսանկարիչն իր լրագրողական աշխատանքի ընթացքում կարող է հայտնվել «Կոմերսանտ»-ի զայրացած «ընթերցողներին» դեմ առ դեմ, և ի դեպ՝ հիմնավորված զայրույթի, և այդ զայրացած մարդիկ կարող են զինված լինել Կալաշնիկով ավտոմատով։

Պատերազմ է, չէ՞, և եթե հավատանք կորուստների մասին հաղորդագրություններին, ավարտը հեռու է դեռ։ Նման հանդիպումը կարող է լուսանկարչի կյանքն արժենալ։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?