Անանուն աղբյուրներ․ ստուգե՞լ, թե՞ վստահել

09.07.2019, Քննադատ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Ֆեյսբուքում լայն արձագանք ստացած #բռնության_ձայնը հեշթեգով պատմությունները շատերը հորինված անվանեցին՝ պատճառաբանելով դրանց անանուն լինելը։ Հայկական մեդիայում անանուն աղբյուրները հաճախ են օգտագործվում, սակայն ոչ միշտ են պահպանվում դրանց օգտագործման էթիկական կանոնները։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում թե՜ անանունության սկզբունքը, թե՜ սեռական բռնության թեման լրատվականների համար շոշափելի հետևանքներ ունեցան։ 

Խիստ վստահելի աղբյուրները նույնպես պետք է ստուգել

Անանուն աղբյուրները լրագրողի համար կարևորագույն նշանակություն ունեն, սակայն պարզ է, որ անուն չունեցող անձին հղումը կարող է ռիսկային լինել թե՜ լրագրողի, թե՜ աղբյուրի համար։ 

Ամերիկյան հայտնի լրագրողական միությունը՝ Society of Professional Journalists-ը (SPJ), առանձնացնում է երկու կարևոր պահանջ անանուն աղբյուրների հետ աշխատանքի մեջ․ 

  • Նույնականացնել աղբյուրը, ինչպես նաև օգտագործել ցանկացած հնարավորություն ստուգելու զրուցակցին և նրա հաղորդած տեղեկությունը, հաստատել այն մի քանի մեթոդով։ Բայց կարևոր է նաև չմատնել անանուն աղբյուրը, քանի որ դա կարող է վտանգավոր լինել վերջինիս համար։ 
  • Հարցականի տակ դնել աղբյուրի դրդապատճառները, այսինքն համոզվել, որ հաղորդվող տեղեկությունները չեն ծառայում ինչ-որ մեկի անձնական շահին։ 

SPJ-ն նաև շեշտում է, որ լրագրողները պետք է հաշվի առնեն իրավական հետևանքները և անվստահելի աղբյուրների օգտագործմամբ չվնասեն լրատվամիջոցի հեղինակությանը։ Այլ կերպ ասած, լրագրողը պետք է հղում տա անանուն աղբյուրներին միայն հատուկ կարևորության դեպքերում և միայն երբ վստահ է աղբյուրի հաղորդած տեղեկության իսկությանը։ 

SPJ-ն «վտանգավոր պրակտիկա» է անվանում մի քանի տեղից չստուգված տեղեկատվության տարածումը։ 

Հայաստանում անանուն աղբյուրներ օգտագործում են բազմաթիվ լրատվամիջոցներ, բայց պարզ չէ, թե որն է դաշտում տարածված մոտեցումը՝ աղբյուրների ստուգման և օգտագործման վերաբերյալ։ 

Անանունների անզգույշ օգտագործումը Հայաստանում էլ բացասական հետևանքներ է ունենում։ Ամենաթարմ օրինակը հուլիսի 3-ին կայացված դատական որոշումն է, որով բավարարվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցը ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի։ Վերջինիս դատարանը պարտավորեցրել է 1 մլն դրամ փոխհատուցում վճարել։ 

Դատական գործի պատճառը 2018-ին Politik.am-ի հրապարակած «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործում կառավարությունում» հոդվածն է։ Ըստ Մուրազիի՝ հոդվածի պնդումները հիմնված էին անանուն աղբյուրի տրամադրած տեղեկության վրա։ Մուրազին աղբյուրը անվանում է «շատ վստահելի», բայց պատմում, որ վստահել նրան որոշել է ոչ թե տեղեկությունը և աղբյուրը ստուգելուց հետո, այլ որովհետև զանգ է ստացել իր ծանոթից՝ տեղեկատվությունը չհրապարակելու հորդորով։   

Հատուկ կոնտեքստը կարող է ազդել աղբյուրի հետ աշխատանքի վրա

Անանուն աղբյուրների օգտագործման բնույթը տարբեր կարող է լինել։ Հաճախ տեղեկությունը վերաբերվում է ոչ թե երրորդ, այլ հենց աղբյուրի անձին։ Ավելին՝ որոշակի կոնտեքստը կարող է ազդել աղբյուրի հետ աշխատանքի բնույթի վրա։ 

Այդպիսի կոնտեքտ կարող է լինել սեռական բռնությունը, ինչի դեպքում զոհի մասին տեղեկություն հրապարակելը, առանց անձի հատուկ և գիտակցված համաձայնության, կարող է դիտարկվել որպես անանուն մնալու իրավունքի խախտում։

Այսպես, մայիսին «5-րդ ալիքը» ռեպորտաժ էր հրապարակել բռնաբարության ենթարկված և հղիացած 13-ամյա աղջկա մասին, որը թույլ էր տալիս նույնականացնել զոհին։ Ռեպորտաժը քննադատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Այն հեռացվեց մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ։ 

Տարբեր հանգամանքներ են դրդում զոհին լինել բաց կամ անանուն

Սեռական բռնության, ոտնձգության, ինչպես նաև սեռական բնույթի սկանդալների զոհերը գրեթե բոլոր երկրներում բախվում են հասարակության թերահավատությանը և խիստ բացասական արձագանքին, անկախ նրանից բաց են, թե անանուն։

Օրինակ, Մոնիկա Լևինսկին, ում սիրավեպը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ հայտնի դարձավ 1998 թվականին, պատմում է, որ մարդիկ ծաղրում էին նրա քաշը և ասում, որ նա գրավիչ չէ։ Մոնիկան նաև նշում է, որ իրեն առաջարկել են փոխել անունը, որպեսզի կարողանա հանգիստ ապրել, չնայած ոչ մեկի մտքով չի անցել նույնը առաջարկել սկանդալի երկրորդ՝ ավելի զորեղ մասնակցին՝ նախագահ Քլինթոնին։ 

Շատ դեպքերում զոհերի բաց խոսելը օգնում է հանրային ամոթանք տալուց մի քայլ առաջ գնալ։ Այդպես, հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի կատարած սեռական բռնության մասին The New York Times-ի և New Yorker ամսագրի հոդվածի հերոսուհիների բաց (և հայտնի) լինելը օգնեց զարկ տալ #MeToo շարժմանը։ 

Հայաստանում վերջին օրերին, կարծես, սեփական #MeToo սկսվեց։ Տարբերությունը նրանում էր, որ սեռական բռնության մասին պատմությունները, որոնք զոհերը ուղարկում էին լրագրող Լյուսի Քոչարյանին, հրապարակվում էին անանուն։

Լրագրողի կողմից անանուն աղբյուրի օգտագործումը դարձավ պատմությունների լայն հանրային արձագանքի մասը․ այս փաստը հնչեցվեց նրանց կողմից, ով թերահավատորեն էր մոտենում դեպքերին։ 

#Բռնության_ձայնը պատմությունները բարձրաձայնող զոհերի անանուն մնալու ցանկությունը տարբեր պատճառներ կարող է ունենալ։ Դրանք թվարկում է նաև Լյուսի Քոչարյանը․ «Անվստահություն սեփական ծնողների նկատմամբ, անվստահություն բարեկամների ու հարազատների նկատմամբ, վախ հասարակության շրջանակներում քարկոծվելու և անգործություն ոստիկանության կողմից»։ 

Նույնիսկ եթե կոնտեքստը առանձնահատուկ է, լրագրողը պետք է վստահ լինի տեղեկության իսկության մեջ

Լյուսի Քոչարյանը նշում է, որ ստուգել է ուղարկողների ֆեյսբուքյան հաշիվները՝ համոզվելու համար, որ դրանք իրական են։ Զոհերից շատերի հետ նա շփվել է ձայնային հաղորդագրության միջոցով։ Քոչարյանը նաև պատմությունների մի մասին զուգահեռ հրապարակել է հաղորդագրությունների սքրինշոթերը։ 

Այս բոլոր միջոցները չեն կարող միանշանակ ապացուցել, որ դեպքը իրական է։ Միառժամանակ, հանրությունը պետք է իմանա, որ քայլեր են ձեռնարկել առավելագույնս ճշգրիտ տեղեկություն հաղորդելու համար։ 

Անանուն աղբյուրների օգտագործման դեպքում հանրության վստահությունը հաճախ հիմնված է հենց այսպիսի՝ տեղեկության հնարավորինս ստուգված լինելու վրա։ Լրագրողի կամ լրատվամիջոցի բարի համբավի կառուցման գործին ներդրում կատարելու համար այն կարևոր գործոն է։

Կարինե Ղազարյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?