Դեպքի վայրում. Հովհաննես Մովսիսյան

07.12.2017, Դեպքի Վայրում

Լրագրող

Սիրում եմ իրադարձության կենտրոնում լինել: Դեռևս փոքր ժամանակ, երբ ինչ-որ տեղ ինչ-որ բան էր կատարվում, գնում էի տեսնելու՝ ով ինչ արեց, ինչ ասեց: Հետագայում բնավորությունը մասնագիտություն դարձավ:

Հովհաննես Մովսիսյանի լրագրողական կենսագրությունը սկսվել է 16 տարեկանում՝ Ինտերնյուս Հայաստանի և գործընկերների համագործակցությամբ արտադրվող «Մենք ենք» հաղորդաշարից, ապա շարունակվել է «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագրում:

«Երբ եկա «Ազատություն», ընդամենը ռադիո էր, որտեղ պատրաստում ու հեռարձակում էինք հենց ռադիո ֆորմատի արտադրանք: Տարիների ընթացքում տարբեր փուլեր անցանք, փոխվեցինք, այսօր արդեն նաև օնլայն հեռուստատեսություն ենք, որը մի քանի ժամանոց ուղիղ եթերներ է հեռարձակում»:

Միաժամանակ տարբեր հարթակների համար աշխատելը գրավիչ է. ռադիո, կայք, աշխատանք տեքստի, ձայնի, պատկերի հետ: «Երբ այս երեքը միատեղում ես, անհնար է ձանձրանալ»,- ասում է Հովհաննեսը:

«Ազատությունն» ուղիղ եթերում իրադարձությունների հեռարձակումը սկսեց մոտ 5 տարի առաջ՝ 2013-ի ընտրություններից հետո նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ցույցերերի ժամանակ: «Մեր տնօրեն Հրայր Թամրազյանն էր բերել հեռարձակող սարքը: Մենք մի քիչ թերահավատ էինք, մտածում էինք՝ ում է հետաքրքրելու ուղիղ եթերում իրադարձությանը հետևելը, եթե կարելի է գնալ, տեղում մասնակցել»:

Առցանց դիտումների թիվը, մարդկանց արձագանքը հակառակը ցույց տվեցին. հետաքրքիր էր: «Հիմա երբ ինչ-որ հանրահավաք ենք ուղիղ եթեր տալիս, կազմակերպիչներն ասում են՝ անջատեք, մարդիկ ուղիղ եթերն են նայում, ոչ ոք չի գալիս հանրահավաքի»:

Հովհաննեսը Հայաստանը համարում է լրագրողի համար ոչ այնքան գրավիչ երկիր. այստեղ մեծ իրադարձություններ հազվադեպ են տեղի ունենում: Բայց ինքն այն «բախտավորներից» է, ում աշխատանքի հետ մի քանի մեծ իրադարձություններ են համատեղվել:

«Իրադարձությունը, նույնիսկ եթե վտանգ ու «ծեծ ուտել» կա ... այն ինձ ավելի է հետաքրքրում, քան առօրյա լրատվությունը: Եթե կա իրադարձություն, չպետք է ալարես, պետք է գնաս, հասնես, լուսաբանես: Իսկ երբ գիտես, որ մարդկանց որոշակի խումբ հենց քո լրատվամիջոցի եթերին է սպասում, դա էլ ավելի է մոտիվացնում: Եղել են դեպքեր, երբ լուսաբանող միակ լրատվամիջոցն ենք եղել»:

Սոցիալական մեդիան Հովհաննեսի սիրած հարթակներից է: Լսարանի արձագանքը ամենաշատն ու ամենաարագը հենց սոցիալական ցանցերի միջոցով են ստանում:

«Երբ սոցմեդիան այսքան ակտիվ չէր, որտեղի՞ց էինք ստանում մարդկանց արձագանքը: Փորձում եմ հիշել, չեմ կարողանում: Բայց հետադարձ կապը շատ կարևոր է: Ես միշտ կարդում եմ նյութերիս տակ գրվող մեկնաբանությունները, երբեմն հաշվի նստում դրանց հետ»:

«Ազատությունում» արդեն յոթերորդ տարին է աշխատում,  կարծում է՝ դեռ երկար ժամանակ չի ձանձրանալու: «Որ ասում են, առավոտ գնում ես աշխատանքի, կարող եմ ասել՝ ես աշխատանք չունեմ: Տարիների ընթացքում այնքան եմ միաձուլվել մասնագիտությանս հետ, որ առանց դրա էլ չեմ պատկերացնում»:

Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?