«ֆեյսբուքում հնչող կարծիքներն արտահայտում են հասարակության միայն որոշ խմբերի կարծիքը»

14.05.2019, Տեսակետ

Լրագրող

Հասմիկ Առաքելյանը Բրեվիս ընկերության հետազոտությունների բաժնի տնօրենն է: Կարևորում է հանրային կարծիքի ուսումնասիրությունը նաև մեդիա ոլորտում`հաշվի առնելով հասարակական կարծիք ձևավորելու գործում դրա կարևորությունը:

Բրեվիսը հարցումներ է անցկացրել հասկանալու համար, թե Հայաստանում մարդիկ որ հարթակներից են ստանում տեղեկատվություն, որ մեդիակրիչներից են առավել հաճախ սպառում գովազդ և այլն:

Հարցումների արդյունքները կարող են կողմնորոշիչ նշանակություն ունենալ կոնկրետ մեդիայի համար, նույնիսկ երբ ստացված տեղեկությունը բացասական է։

Ինչո՞ւ են կարևոր մեդիա հարցումները:

Մեդիայի դերակատարությունը հատկապես կարևորվեց թավշյա հեղափոխության ժամանակ։ Դա օրինաչափորեն հանգեցնում է ոլորտի պատկերի, վստահության աստիճանի, կրիչների և ձևաչափերի փոփոխության: Հետազոտությունը  կարող է կարևոր նշանակություն ունենալ ինչպես տարբեր ընկերությունների հաղորդակցման քաղաքականության, այնպես էլ ոլորտի ներկայացուցիչների համար։

Մենք նախաձեռնեցինք մեդիայի ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով խթանել վիճակագրությամբ հիմնավորված ռազմավարությունների մշակումն ու այս մշակույթի զարգացմանը Հայաստանում:

Հետազոտության արդյունքները հայելային արտացոլանք են, մնում է կարողանալ օգտվել այդ «արտացոլման» հնարավորությունից և որոշել, թե ինչ կարող ես անել և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ ցանկալի արդյունք ստանալու համար՝ հասարակական ընկալման տեսանկյունից։

Փոփոխվու՞մ է մեդիա դաշտը:

Փոխվում են մեդիա դաշտի միտումները: Եվ դա մասնագիտական տեսանկյունից հետաքրքիր է դառնում մեզ համար: Մենք ուսումնասիրում ենք փոփոխությունների պատճառները, հստակ առանձնացնում մարդկանց տարբեր խմբեր: Օրինակ, թե նրանց որ հատվածն է փոխում տեղեկատվություն ստանալու իր աղբյուրը կամ ովքեր են մնում հավատարիմ ավանդական լրատվամիջոցներին:

Ոլորտում քիչ են հետազոտությունները, թվերն ու վիճակագրությունը, ուզում ե՞ք լրացնել այդ բացը:

Ընդհանրապես, գիտելիքահեն գործողությունը հաջողելու կարևոր նախապայման է բոլոր ոլորտներում։ Իսկ մեր հետազոտությունները տալիս են այն ճշգրիտ տեղեկությունը, որի հիման վրա կարելի է կառուցել գրագետ բիզնես կամ ցանկացած այլ ռազմավարություն։

Ուրախացնում է, որ Հայաստանում վերջին տարիներին մեծացել է հանրային կարծիքի ուսումնասիրության հանդեպ հետաքրքրությունը: Իսկ մենք՝ որպես մասնագետներ, ներդնում ենք այնպիսի մեթոդաբանություն, որը արտացոլում է Հայաստանի բնակչության պատկերը՝ ներգրավելով տարբեր սեռատարիքային, կրթական, եկամտային և մի շարք այլ չափանիշներով առանձնացված խմբեր։

Այս համատեքստում արժե նշել, որ ոլորտի մասնագետների համար մի նոր մարտահրավեր է «վիրտուալ» հանրությունը և դրա ուսումնասիրության մեթոդաբանության սահմանումը։

Խոսքը նաև Ֆեյսբուքի կամ այլ սոցիալական ցանցերի մասին է։

Ուզում եմ ասել, որ հենց նույն ֆեյսբուքում հնչող կարծիքներն արտահայտում են հասարակության միայն որոշ խմբերի կարծիքը։

Մենք հանրության կարծիքը չենք բնորոշում իբրև ճիշտ կամ սխալ, մեր խնդիրն է վեր հանել այս կամ այն երևույթի նկատմամբ հանրության կարծիքը, դիրքորոշումները, գնահատականները և մեկնաբանությունները։  

Արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը, ճշմարիտ են, թե սխալ, սրանք հարցի մյուս կողմն են:

Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի որոշակի վիճակագրություն՝ որոշակի մարդկանց խմբի կողմից որոշակի երևույթի նկատմամբ։

Նաև նշեմ, որ հանրային կարծիքի հետազոտության կարևորագույն առաքելություններից մեկը հանրության ուշադրության սևեռումն է այս կամ այն երևույթի վրա՝ հարցադրման և կարծիքի արտահայտման տեսքով:

Մյուս կողմից էլ՝ այդ նույն հարցադրումների շուրջ հասարակության կարծիքը ներկայացնելը, ինչը կարող է խիստ տարբերվել առանձին անհատի կարծիքից։  

Ի՞նչ կարող է տալ մեդիայի հետ կապված հարցումների հրապարակումը:

Իրավիճակի նկարագրությունը նախ մտածելու տեղիք պետք է տա ոլորտի ներկայացուցիչներին: Օրինակներ շատ ունենք․ քաղաքական նորություններ այժմ մարդիկ նաև ստանում են օրինակ ֆեյսբուքից, և քիչ չեն դեպքերը, երբ հեռուստատեսությունը քաղաքական նորությունների լուսաբանման համար հղում է կատարում ֆեյսբուքյան այս կամ այն օգտատերերին։

Ամեն դեպքում, ներկայումս դասական լրատվամիջոցները վերասահմանվում և վերաարժևորվում են, փոխվում է դասական հեռուստատեսությունը, դրա նկատմամբ վերաբերմունքը:

Եվ մեր հետազոտության արդյունքները օգնում են մեդիա դաշտում որոշում կայացնողներին ունենալ ճիշտ կողմնորոշվելու գործիքներ: Եվ բոլոր փոխակերպումներն ընթանան հնարավորինս սահուն և հարթ:

Հարցազրույցը Գայանե Ասրյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?