Գիտությունից դեպի լրագրություն

30.08.2016, Քննադատ

Ապագա կենսաֆիզիկոս, հետևաբար` գիտության սիրահար և պսևդոգիտության դեմ պայքարող։

Պատկերացրեք՝ աստղագիտության քննությունը գերազանց հանձնելուց հետո որոշում եք լուրեր կարդալ, իսկ լրատվամիջոցը ձեզ աստղագուշակներ է առաջարկում։ Կամ քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները ուսումնասիրելուց հետո հանկարծ «պարզում» եք, որ ամեն օր գազարի հյութ խմելով էլ այն կբուժվի։

Եթե որևէ մեկն էլ ինձ նման իր կյանքի նախորդ 4 տարիներն անցկացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ քվանտային մեխանիկա սովորելիս տառապել է, մի քանի տետր մաթեմատիկական անալիզի տնային արել կամ ուրախությունից լաց եղել ավարտական աշխատանքի խնդիրը լուծելուց հետո, միգուցե նույն զգացողություններն ունենա, ինչ ես՝ հայկական լրատվամիջոցներում հերթական հակագիտական նյութը կարդալիս։

Ճշգրիտ ու բնական գիտությունների բնագավառում տարրական գիտելիքներն էլ բավարար են հայկական հակագիտական նյութերը առաջին հայացքից տարբերակելու և զայրանալու համար, բայց պատկերը փոքր-ինչ այլ է, երբ պատրաստվում ես գիտնական դառնալ։ Մեդիայում շրջանառվող ցանկացած հակագիտական նյութ ոչ միայն ցույց է տալիս լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմը և թեմայից անտեղյակությունը, այլ նաև հերթական անգամ ապացուցում, որ լրագրողներն ընդհանրապես չեն հետաքրքրվում գիտական աշխարհի նորություններով, «սենսացիոն» պսևդոգիտությամբ դիտումներ հավաքելը նախընտրում են իրական գիտությունը լուսաբանելուց կամ էլ ուղղակի գիտությունը հակագիտությունից չեն տարբերում։

Հայաստանում գիտության լուսաբանման, թերևս, ամենակարևոր խնդիրներից մեկը լուսաբանվող թեմայի շուրջ լրագրողների գիտելիքների և տեղեկացվածության ցածր մակարդակն է։ Թեև ամենևին էլ պարտադիր չէ, որ գիտության լուսաբանման ոլորտում աշխատող լրագրողը գիտական աստիճան ունենա և նյութերը կազմի` օգտվելով գիտական հոդվածներից, սակայն գիտության բնագավառում տարրական գիտելիք ունենալը և ստացած տեղեկությունները հասկանալը պարտադիր են։ Հակառակ դեպքում՝ լրագրողներն իրենց նյութերում կարող են գերազանցել լույսի արագությունը, վերացնել Երկիր մոլորակի գրավիտացիան և հավերժական շարժիչներ ստեղծել՝  խախտելով ֆիզիկայի և լրագրության բոլոր օրենքները։

Հայաստանում գիտական լրագրության խնդիրներից կարելի է շատ խոսել, բայց գիտական լրագրության հիմնական խնդիրը միգուցե դրա բացակայությունն է։ Հայկական լրատվամիջոցներում «Գիտություն» բաժնի հոդվածների մեծ մասը սովորաբար թարգմանություններ են արտասահմանյան աղբյուրներից, ուստի լավագույն դեպքում դրանք կարելի է գիտական թարգմանություններ անվանել։ Իսկ գիտական հայտնագործությունների վերաբերյալ հետազոտությունները և վերլուծությունները բացակայում են։

Հազվադեպ հանդիպում են նաև հարցազրույցներ հայ գիտնականների հետ և գիտական հաստատությունների մասին նյութեր, բայց դրանք ավելի շատ ֆինանսական խնդիրներ են վերհանում, քան գիտական։ Իսկ Հայաստանում կատարվող գիտական հետազոտությունները մնում են լաբորատորիաների ներսում կամ գիտական ամսագրերի էջերին, արդյունքում ամրապնդվում է այն կարծիքը, որ այստեղ գիտությամբ չեն զբաղվում։ Թեև հայաստանաբնակ որևէ գիտնական Նոբելյան մրցանակ չի ստացել, սակայն Հայաստանում գործող գիտական լաբորատորիաներում էլ են հետազոտություններ կատարվում, և հայ գիտնականներն էլ են տպագրվում աշխարհահռչակ գիտական ամսագրերում։

Գիտության լուսաբանմանը խոչընդոտում է նաև տարածված այն կարծիքը, որ գիտությունն անհետաքրքիր է և անհասկանալի գիտությամբ չզբաղվող անձանց համար։

Սակայն գիտությունը հանրամատչելի ներկայացնելու իմ ամենօրյա փորձերը ցույց են տվել, որ  ցանկացած ֆիզիկական երևույթ կարելի է ներկայացնել հանրամատչելի ձևով՝ խուսափելով բանաձևերից և սահմանումներից։ Օրինակ, եթե ինձ հարցնեն, թե ինչի վերաբերյալ է իմ ավարտական աշխատանքը, կարող եմ պատասխանել՝ «Սպիտակուցների ինքնակարգավորման դինամիկան ու կինետիկան», մի քանի հիմնարար բանաձև գրել ու արժանանալ թեմային անծանոթ մարդկանց կիսավախեցած-կիսազարմացած հայացքներին։

Բայց նույն թեմայի մասին կարող եմ մարդկանց իմ մի քանի տողանոց բանաձևերով չվախեցնել և թեման բացատրել առօրյա, հասկանալի լեզվով։ Տերմինների փոխարեն բավարար է ասել, որ բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղի որոշ տեսակներ, Ալցհեյմերի համախտանիշը, պայմանավորված են սպիտակուցների՝ «սխալ» կառուցվածք ընդունելով, և ես ուսումնասիրում եմ սպիտակուցների «սխալ» ու «ճիշտ» վիճակների միջև անցումները։ Նման ձևով ներկայացնելը մարդկանց հնարավորություն է տալիս հասկանալու ոչ միայն գիտական հետազոտությունը, այլ նաև դրա կարևորությունը և նպատակը։

Իսկ գիտական լրագրությունն այն միջանկյալ օղակն է, որը կապում է գիտությունն ու հանրությանը՝ պատասխանատու լինելով խիստ գիտական, բանաձևերով ու սահմանումներով գրված տեքստերը մարդկանց հասկանալի լեզվով թարգմանելու համար։ Ուստի, հենց գիտական լրագրությունն էլ կարող է մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ, ցույց տալ գիտության գեղեցկությունը և սովորեցնել գիտությունը տարբերել հակագիտությունից։

Ռուբինա Դավթյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?