«Ձայնը հիանալի մեդիա է, և՛ իրականն է հաղորդում, և՛ թույլ տալիս լսողին երևակայել»

03.05.2019, Տեսակետ

Լրագրող

Էրիկա Լանցը ռադիո պրոդյուսեր է, ունի հարթակ սեփական փոդքասթների համար։ Նրա ռեպորտաժները հեռարձակվել են WNYC (Նյու Յորք), WBUR (Բոսթոն) հանրային ռադիոընկերություններով։ 

Փոդքասթում նա կարևորում է մարդկանց ձայնը, կենդանի զրույցը, անկեղծությունը: Պատմություններն օգնում են նրան ստեղծել ամուր կապեր տարբեր երկրներում ապրող և նույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ:

Էրիկա Լանցը լրագրությունն ու արվեստը նույն հարթություն է բերում և ստեղծում պատմություններ, որոնք երաժշտության նման հուզում են:

Նրա բազմաթիվ պատմությունները արժանացել են տարածաշրջանային և ազգային մրցանակների: Վերջերս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով նա վարեց «Լսիր ինձ հիմա» դասընթացը սկսնակ փոդքասթերների համար:

Պոդքասթը, որպես ժանր Հայաստանում նոր է զարգանում և շատերը չեն տարբերում այն ռադիոհաղորդումներից: Եկենք խոսենք տարբերություններից:

Պոդքասթով մենք ռադիո հաղորդումը լսում ենք երբ ուզում ենք ու երբ մեզ հարմար է։ Չկա պահանջ հետևելու ռադիոծրագրերին, գտնելու տվյալ հաղորդումը ընդհանուր լրահոսի մեջ:

Տարբերությունը ոչ թե բովանդակությունն է, այլ՝ տեխնոլոգիան: Սակայն տեխնոլոգիական տարբերությունն իր հետ բերում է նաև բովանդակության փոփոխության։

Oրինակ, չկա ժամանակային սահմանափակում. ձեր փոդքասթը կարող է լինել հինգ րոպե կամ երկու ժամ, ստեղծագործական առումով կարող եք ավելի շատ ռիսկի դիմել, քան ռադիոյում: Ստանդարտների պահապաններ չկան և պարտավոր չես դուր գալ բոլորին, կարող ես թիրախավորել ավելի խորքային և նեղ լսարան։

Նաև աշխարհագրորեն սահմանափակված չես։ Կարող ես ունենալ փոդքաստ որևէ երկրի կամ քաղաքի համար նախատեսված: Ինչպես նաև թիրախավորել ընդլայնված լսարան՝ հայտնաբերելով և շփվելով տարբեր երկներից նույն հետաքրքրությամբ մարդկանց հետ։

Հե՞շտ է փոդքասթով բարդ թեմաների մասին խոսել:

Փոդքասթն, ինչպես և ռադիոն, մարտահրավերներ ունի։ Ռադիոհաղորդմանը մարդիկ կարող են միանալ կեսից և պետք է այնպես կառուցել հաղորդումը, որ ամեն պահի այն հետաքրքիր լինի։

Երկրորդ բարդությունն այն է, որ լսողն ամեն պահի կարող է փոխել ալիքը։

Եվ երրորդը՝ հավանական է որ, ռադիոլսողները լսելը համատեղում են այլ գործողության հետ, օրինակ, մեքենա են վարում, տնային գործեր անում և այլն։ Այսինքն, նրանց ուշադրությունը պահելը ևս մարտահրավեր է։

Կա նաև նոր մարտահրավեր. պետք է մտածել, թե ինչպես անել, որ մարդիկ բաժանորդագրվեն և որոշեն ձեզ լսել, դառնան նվիրված ու հետևողական ունկնդիրներ։  

Կարծում եմ՝ հաղորդման սկիզբը, առաջին 20-30 վայրկյանները, փոդքասթի համար շատ կարևոր են, պիտի լինի լարված սպասում՝ սասփենս: Այսպես կոչված՝ խայծ, որը զարմացնում է, հետաքրքիր է և գրավող։

Խորհուրդ եմ տալիս չսկսել փոդքասթը վարողի ներածությամբ. «Ողջույն, ես այսինչն եմ, և հիմա մենք կլսենք այնինչը»:

Պետք է սկսել ամենահետաքրքիր դրվագով՝ բարձրացնելով լսողների համար անսպասելի ու գրավիչ հարցերով։

Անձամբ ես աշխատում եմ պատմողական լրագրության ժանրում։ Անում եմ պատմություններ, որտեղ կա կառուցվածք (narrative arch), նաև հերոս, որի հետ ինչ-որ բան է պատահում և նա պետք է դա հաղթահարի։ Հետևաբար ինձ համար կարևոր է զարգացնել պատմությանը։ Բայց կան փոդքասթերներ, որոնք հարցազրույցով են կառուցում իրենց պատմությունը։

Սիրում եմ աշխատել ձայներով, դեպքի վայրում արված ձայնագրությամբ, որն օգնում է ավելի լավ զգալ պատմությունը և սուզվել դրա մեջ։

Կարծում եմ՝ սա փոդքասթի ուժեղ կողմերից է։ Դա ժամանակ է խնայում, ձայնագրությամբ ավելի արագ ես պատմում, քան եթե նկարագրություն անես։

Ի՞նչպես խրախուսել մարդկանց օգտագործել մեդիայի այս տեսակը։

Ես անում եմ փոդքասթինգ, քանի որ սիրում եմ ձայնը։ Դրան նպաստում է նաև իմ երաժշտական անցյալը: Մարդկանց ձայնն ազդեցիկ է, նրանց ձայնի ելևէջները շատ բան կարող ես ասել։  

Ձայնով կարելի է խթանել լսողների երևակայությունը։ Նրանք պատկերները ստեղծում են իրենց մտքում, ի տարբերություն հեռուստատեսություն, որտեղ ամեն ինչ ասվում և ցույց է տրվում։

Ձայնը հիանալի մեդիա է, և՛ իրականն է հաղորդում, և՛ թույլ տալիս լսողին երևակայել՝ դառնալով գեղեցիկ համագործակցություն փոդքասթ ստեղծողի և լսողի միջև։  

Փոդքասթերներից պահանջվում է շատ մեծ ստեղծագործականություն, որպեսզի մտածեն ու գտնեն իրենց և միմյանց լսարանն ընդլայնելու ձևեր։

ԱՄՆ-ում ասում ենք՝ մեծ ալիքները բոլոր նավերին հավասարապես բարձրացնում են։ Մեկ փոդքասթերի հաջողությունը օգնում է մյուսներին: Նրանք առաջխաղացում են ապահովում միմյանց համար, եթե համագործակցում են և կարիք չունեն միմյանց դիտարկել որպես մրցակիցներ։

Լրագրողը կարո՞ղ է գումար աշխատել փոդքասթով:

Աուդիոն ևս պահանջում է ֆինանսական ներդրում (հոսթինգ, տեխնիկա), բայց այն շատ ավելի փոքր է, քան անհրաժեշտ է վիդեո արտադրության համար։

Դժվար է ասել, թե ինչը կաշխատի Հայաստանում, բայց ԱՄՆ-ում, եթե ձեր փոդքասթը շատ են լսում, դուք հետաքրքիր եք դառնում գովազդատուների համար։ Մեկ այլ մոդել է նվիրատվությունը, որն անում են հենց լսողները։ Եվ քանի որ հաջողված փոդքասթերները համայնքներ են ձևավորում, նվիրատվության մեխանիզմն իրոք աշխատում է։

Հարցազրույցը Գայանե Ասրյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?