«Քայլ արա» շարժման ընթացքում սկսեցինք խոսել հեշթեգներով»

08.06.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Գրաֆիկական արտիստ Էդիկ Պողոսյանը հեղափոխության սերունդ է: Բայց իր դեպքում՝ իրանական հեղափոխության:

Նա ծնվել և սովորել է Թեհրանում, տեղափոխվել Հայաստան՝ իր հետ բերելով պարսկական մշակույթի հյութեղ մշակութային շերտը, դիմադրության փորձը և ձգտումը լինել մինիմալիստ:

Նրա աշխատանքներում (ծաղրանկարներում, նկարազարդումներում, թատերական  պաստառներում, լոգոտիպերի մշակումներում, դիմանկարների շարքում, գծապատկերներում) ֆորմայի լակոնիզմը, «քչախոսությունը», հնարք է, որն օգնում է դիտողին կենտրոնանալ բովանդակության վրա:

Կարծես պետք է կողպեքի անցքից նայես աշխարհին, որպեսզի տեսադաշտդ լինի ավելի ընդարձակ:

Էդիկ Պողոսյանը համագործակցում է իրանական երգիծական ամսագրի հետ, աշխատել է նաև հայաստանյան լրատվամիջոցների հետ:

«Պատրաստ էի նաև անվճար աշխատել, քանի որ ուզում էի, որ կուտակված ասելիքը նկարով մեջիցս դուրս գար, և հետո էլ՝ հաճախ մասնակցում եմ խմբագրական երգիծանկարների փառատոնների և ուզում եմ իմ նկարները տպագրված տեսնել փառատոններում, ներկայացնելով իմ աշխատանքները՝  ներկայացնում եմ նաև լրատվամիջոցը»,- ասում է նա:

Էդիկ Պողոսյանը դիզայնի անբաժանելի մաս է համարում լեզուն, տառատեսակների մշակումներն ու դրանց համադրումը պատկերի հետ: Այդպիսի լայն իմաստով դիզայներական փորձ էր «Սպասող մարդու օրագիր» գիրքը, որը լինելով իրանական պոեզիայի հայերեն թարգմանություն, իր ֆորմայով դիզայներական արտադրանք էր:

«Փորձեցի իրանական պոեզիայի երգեցիկ, ծորացող ելևէջները փոխանցել նաև պատկերով»,- ասում է նա:

Ըստ նրա՝ «Քայլ արա» շարժման փուլերն ու ընթացքը արժանի են ուսումնասիրության դիզայնի տեսանկյունից:

Թավշյա հեղափոխությունը հաջողության հասավ նաև պատկերավոր ուղերձների ու կոչերի շնորհիվ: Որքանո՞վ է կարևոր շարժումների ձևավորումը, շրջանակումը:

Ընդհանրապես դիզայնը կոնցեպտի ու կոնտենտի մշակում է: Շատերը դիզայն ասելով, հասկանում են միայն վիզուալ բաղադրիչը, բայց դիզայն է ամեն ինչը՝ մեր որոշումները, ընտրությունը, նաև բացառումն ու մերժումը, ձգտումը: Այսինքն, բովանդակության կազմումը:

Դիզայնը և «Քայլ արա» շարժումը փոխկապակցված էին:

Չգիտեմ, դա արվել էր գիտակցորեն, թե ստացվել էր ենթագիտակցորեն, բայց ամեն դեպքում քայլելու գաղափարը պատկերավոր էր ու գրավիչ: Նույնիսկ հիշեցրեց «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի վազելու գաղափարը, իհարկե, անտեսելով գլխավոր հերոսի ֆիզիոհոգեբանական խնդիրները:

Կարծում եմ՝ այն սկսվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև»  նախընտրական արշավից, որը բերեց դեմ առ դեմ շփվելու, կոնտակտ հաստատելու, միմյանց բարևելու մշակույթ, որը թեև ոգևորություն առաջացրեց մարդկանց մոտ, բայց չտեղայնացվեց Հայաստանում: Միգուցե պատճառը Րաֆֆիի տարիքն էր կամ նրա սփյուռքահայ լինելը (ես էլ եմ սփյուռքահայ, և գիտեմ, թե որքան է խանգարում պաթոսը):

Նիկոլ Փաշինյանը քայլելու գաղափարն ավելի հետաքրքիր դարձրեց: Նա քայլում էր մի կետից մյուսը, ստեղծում ճամբարային իրավիճակ, որի ընթացքում էլ երևում էին փոփոխությունները՝ արտաքինի, հագուստի (մի քանի ցենտանոց շապիկը հետո ծաղրվեց ԱԺ-ում), և քայլողները շատանում էին:

Հետագայում այս քայլող, փոփոխվող մարդկանց կերպարները բերեցին հաջողություն շարժմանը:

Առհասարակ, Նիկոլը Երևանում հայտնվեց ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Հետաքրքիր աշխատեց նաև արվեստի տարրը Ռոդենի հրապարակում: Դասական արվեստի նմուշը՝ քանդակը, հայտնվեց քաղաքական շարժման մեկնակետում:

Երևի կար ցանկություն կանգ առնել հուշերից ազատ, թարմ տարածքի վրա:

Իհարկե, նոր սիմվոլիկա ստեղծելու խնդիր կար: Շարժումը պետք է ունենար իր դիզայնը, այդ թվում նաև բառային:

Տեսանք, որ առաջին օրերին օգտագործվում էր «գրավում» բառը: Հայտարարում էին, որ տարածք պիտի գրավեն, օրինակ, ռադիոյի շենքը: Եվ դա հատկապես շատ էր ոգևորում երիտասարդներին, որոնք բնավ չէին մտածում, որ հնարավոր է իրենց արարքը որակվի որպես քրեական հանցանք: Հետո, բարեբախտաբար գրավելը արդեն արդիական չէր:

Ես Երևան եմ տեղափոխվել 2007-ի վերջին, և երբ ականատես եղա մարտի 1-ի դեպքերին, միանգամից համեմատեցի դրանք իրանական հեղափոխության հետ: Մարտի 1-ի նախօրեին Երևանում սադրանքով, ագրեսիայով լի մթնոլորտ էր, որը բավականին վախեցնող էր:

Եվ հիմա, երբ Նիկոլը ոչինչ չէր անում, պարզապես քայլում էր, իրոք իրավիճակ էր փոխվում (միգուցե նա հաշվի էր առել նաև մարտի 1-ի փորձը), և շարժումը ձեռք էր բերում ցանցային բնույթ:

Ժողովուրդը հասկացավ, որ ցանկացած պայքար ու փոփոխություն ոչ թե հանուն որևէ մեկի, այլ իր համար է:

Կարծում եմ՝ իշխանափոխությունը տեղի ունեցավ ապրիլի 22-ին, երբ շարժման առաջնորդներին բռնեցին, և ժողովուրդն արդեն ինքնակամ դուրս եկավ փողոց և մարդկանց քանակը միանգամից եռապատկվեց:

Շարժումը կարևորեց յուրաքանչյուր անհատին, փոխեց սիմվոլիկան ու դարձրեց այն ցանցային: Մարդիկ իրենց «ես»-ը տեսան ոչ թե ուրիշի մեջ, այլ հենց իրենց մեջ արթնացրեցին «ես»-ը:

Ու մտածեցին՝ թքած, որ առաջնորդ չունենք, հիմա՛ պետք է գործել: Հիմա կամ երբեք: Եվ հեղափոխությունը կատարվեց:

Դիզայնի տեսակետից հետաքրքիր էր նաև այն, որ առաջին օրերին հրապարակում օգտագործվում էր փայտե, ինքնաշեն բեմ, որը հավաքվում էր հենց ցուցարարների աչքի առջև և շատ համահունչ էր պարտիզանական շարժմանը:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո արդեն հայտնվեց հաստատուն բեմը, որպես դիրքի և ուժի խորհրդանիշ: Եվ դա նույնպես շարժման դիզայնի տարր էր, քանի որ մինչ այդ բեմ հավաքվել էր միայն ՀՀԿ-ի համար:

«Քայլ արա»-ի թիմը փոխեց այդ վիզուալ կոդը, ցույց տալով, որ բեմը արդեն ոչ միայն խոշոր պետական միջոցառումների ու ՀՀԿ-ի կազմակերպած համերգների համար է, այլև իրենց: Եվ դա իրոք, շատ մտածված սիմվոլ էր:

Նիկոլ Փաշինյանը չէր վարանում որպես «գործիք» օգտագործել իր խզված ձայնը, որը կարող էր հասնել գոռոցի, հետո բարակեր ու ընդհատվեր հազով: Այդ բեմական հնարքը շատ էմոցիոնալ էր։

Կարծում եմ, որ այս շարժումը ամենադիզայներական շարժումն էր Հայաստանի պատմության մեջ: Ավելի ճիշտ՝ դիզայնով լի:

Էդիկ Պողոսյանի տիպագրությունները

Նաև արթնացավ յուրաքանչյուրի մեջ ննջող ցանցային դիզայները: Պաստառները, կարգախոսներն ու երգերը դրա ապացույցն էին:

Հետաքրքիր է, որ հեշթեգը՝ վիրտուալ տարածքի էլեմենտը մտավ բանավոր խոսք: Չեմ կարող ասել, թե ինչպես տեղի ունեցավ տրանսֆորմացիան, բայց շարժման ընթացքում բոլորս սկսեցինք խոսել հեշթեգներով:

«Քայլ արա, մերժիր Սերժին»-ը դասական հանգավոր տեքստ և նաև երաժշտական կառույց էր, բայց աշխատեց հենց որպես հեշթեգային լեզու, որն ինչպես ասում են մանկապարտեզներում՝ հեշտ է անգիր անել:

Ինձ թվում է, որ #ԻմՔայլը հեշթեգը շատ ավելի հաջողված էր, քան օրինակ, հետագայում գործածված #դուխովը, որի դիզայնն ավելի լավն է, քան բառը:

Բոլոր դեպքերում՝ դիզայնը պետք է  բովանդակային հիմք ունենա: Եվ հետաքրքիր է, որ #դուխովը ստացավ բոլորովին այլ բովանդակություն, որը նախատեսված էր ի սկբանե, և շարժման մասնակիցներն ու դիզայները շատ լավ աշխատեցին իրար հետ:

Իհարկե, ժողովրդի հետ պետք է խոսել ժողովրդի լեզվով: Եվ կարծում եմ՝ լեզվական, բառային մակարդակում դա շատ լավ ստացվեց: Պարզապես ափսոս, որ «Իմ քայլի» լոգոյի դիզայնը հաջողված չէր:

Ինչու՞:

Թեկուզ այն պատճառով, որ այն գրեթե ոչ ոք չի հիշում: Լոգոյում բառացիորեն կատարվել է տեքստի վիզուալ թարգմանություն: Եվ գումարած դրան՝ սխալ շեշտադրմամբ: Ոտնահետքը տեղադրվել է հենց «Իմ քայլը» բառերի վրա, կարծես ոտնահարում ենք  մեր իսկ գաղափարը:

Հաշվի չի առնվել, որ քայլ անելու համար, առաջ ենք նայում, ոչ թե սեփական ոտնահետքին: Իրականում պիտի կարևորվի նպատակը, որպեսզի խթանի քայլ անելուն:

Կարծում եմ, լոգոն շարժման ամենաթույլ օղակն էր: Մինչդեռ հենց քայլն էր նոր սիմվոլիկան, որը սկսեցին օգտագործել բոլորը: Այդ թվում նաև՝ գովազդում: Օրինակ ասելով՝ քայլ արա, գրիր հայատառ, քայլ արա, գնիր այս կամ այն ապրանքը... Այսինքն, խթանիչը նպատակն էր:

Դա նաև սկիզբ դրեց անհատական նկարված պաստառների շարքին, բառերի ու իմաստների խաղարկմանը: Հեղափոխությունը վավերացվում էր նաև գրաֆիկական դիզայնով:

Ինձ թվում է, որ բոլոր դիզայներները, որոնք կարող էին ակտիվ ու ստեղծարար լինել, երկար ժամանակ լուռ ու զուսպ էին, իսկ այս օրերի պոռթկումը բոլորի մոտ առաջացրեց ստեղծագործելու կայծ: Դիզայնն էլ սկսեց եռալ:

Ես էլ որոշեցի տպագրություններ ստեղծել, բայց մերժելու փոխարեն դրական ուղերձով՝ Մեր Ժիր Ազգ: Հետաքրքիր է, որ երբ դրսից ես գալիս ապրելու Հայաստան, տեսնում ես, որ Հայաստանում մարդիկ ոչ թե աշխատում են, այլ գործ են անում: Այսինքն, գործ անելը, գործի գնալը ծիսակարգի պես մի բան է, որտեղ բնավ էլ կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևորը, որ գործողություն ես անում:

Իրանի հետ համեմատած այստեղ ռիթմը շատ դանդաղ է, և բացի այդ՝ նվազ պրոդուկտիվ: Միգուցե մի քիչ կոպիտ եմ ասում, բայց հայաստանյան անշտապ գործ անելու ավանդույթի մեջ աշխատանքի տոկոսը փոքր է:

Մեր ազգը ժրաջան է, և «Քայլ արա» շարժումը օգնեց, որ կարողանանք սեփական փոքր գործի արդյունքը տեսնել: Նվազագույնը, փակելով փողոցը...

Հետհեղափոխական շրջանը կարծես այդքան էլ ոգևորիչ չէ:

Կարծում եմ՝ դեռ ամեն ինչ արվում է ոգևորության իներցիայով:

Շարժման առաջնորդները կարողացան լավ օգտագործել համացանցային մշակույթը: Մեծ հաշվով շատ լավ աշխատեց կապիտալիստական գովազդային հսկա մեքենան:

Շարժման ակտիվիստները, կապիտալիստական գովազդի մեքենան ճիշտ օգտագործելով, կուտակեցին մեծ կապիտալ` ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը: Եվ մինչև հիմա էլ առաջ են գնում հենց այդ ուժի շնորհիվ:

Շարժման մասնակիցներից գրեթե բոլորը անփորձ են, կարող են սխալներ թույլ տալ (ասենք, չիմանալ, թե արարողակարգային հանդիպումներում որտեղ և ինչպես պետք է կանգնեն), բայց այդ անփորձությունը նրանց չի խանգարի, քանի որ ունեն հզոր վստահության կապիտալ, որը կարծում եմ կհերիքի առնվազն մեկ տարի:

Մինչև ընտելանան, ուժ հավաքեն:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?