Երեխայի լավագույն շահ, թե լրահոսի պահանջարկ

17.07.2019, Նյուսրում

Լրագրող

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո նորից եղան վթարներ, որոնցից տուժեցին նաև երեխաներ, սակայն Զոդի դեպքը յուրահատուկ էր նրանով, որ համացանցում տարածվեց տուժած երեխայի տեսանյութը։ 

Վթարից տուժած 7-ամյա աղջկա հարցազրույցը հրապարակեցին մի քանի լրատվամիջոցներ։ Այն մի քանի օր քննարկման թեմա էր ֆեյսբուքում։ Ամենաակտիվ մեկնաբանվողներից էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի գրառումը։ 

Խոսնակն իր մտահոգությունն է հայտնել վթարի ենթարկված երեխայի հետ հարցազրույց վարելու և անձնական տվյալների հրապարակման մասին, ինչը սակայն միանշանակ չընդունվեց լրագրողների կողմից։ 

Հարցազրույցն արված է հիվանդանոցում և Ալինա Նիկողոսյանը խոստովանում է, որ երեխայի հետ հարցազրույցը հնարավոր է դարձել նաև բժշկական անձնակազմի թերացման հետևանքով։ Սակայն, Ալինա Նիկողոսյանն ասում է, որ իր համար ավելի անհասկանալի էին լրագրողների հարցադրումները։ Վթարի օրը նրան զանգում հարցնում էին ոչ թե տուժածների որպիսության մասին, այլ նրանց անուն ազգանուններն ու գտնվելու վայրն էին ուզում իմանալ։ 

«Ես ասացի, որ անձնական տվյալներ չեմ կարող հրապարակել, այլ կարող եմ նրանց վիճակի մասին խոսել։ Հետո տեսա, որ հիվանդանոցներից մեկում 7-ամյա աղջկա հետ են զրուցել մի քանի լրագրողներ։ Այն աղջկա, որը 3-4 ժամ առաջ այրվող դիակներ է տեսել։ Ես համարում եմ, որ դա հոգեբանական բռնություն է երեխայի նկատմամբ։ Եվ պարզ չէ, թե ինչ հոգեկան վիճակում էր նա այդ պահին»,-ասում է նախարարի խոսնակը։ 

Նրա կարծիքով՝ նման դեպքերում լրագրողը ինքը պետք է հրաժարվի երեխային տեսանկարահանելուց։ Ամբողջ խնդիրը, ըստ նրա, այդ պահին երեխայի մոտ մտնելն ու նրան հարցեր տալն է․ «Ինչ հաճույք են ստանում, որ 7 տարեկան երեխան պատմում է, թե ինչպես է տեսել վառվող դիակներ։ Անկեղծ չեմ հասկանում»։ 

Նույն կարծիքին է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը։ 

Նա ասում է, որ լրատվամիջոցները պետք է խուսափեին երեխայի անունը հայտնելուց, դեմքը ցույց տալուց և նրա հետ հարցազրույց վարելուց։ Մանավանդ, որ «երեխային այդպիսի սարսափելի դեպքից հետո միանգամից տեղափոխել են հիվանդանոց, և լրագրողները գնացել ու այնտեղ են երեխայից հարցազրույց վերցրել»։ 

«Ոչ ոք չգիտեր, թե երեխան ինչ հոգեբանական վիճակում է գտնվել այդ ամենը տեսնելով։ Ճիշտ է, արտաքինից վերքերն այնքան էլ շատ չէին, բայց երեխան հոգեբանական խնդիրներ կարող էր ունենալ։ Բայց եթե լրատվամիջոցները գտել են, որ անհրաժեշտ է, որ երեխան պատմի տեսածը, պետք է անունը չասեին ընդհանրապես և դեմքը փակեին։ Միգուցե իրենց հարցերից հետո երեխան ավելի վատ վիճակում հայտնվեր, վերհիշեր ինչ-որ կատարվել է»- ասում է Էդուարդ Իսրայելյանը։ 

Նա կոչ է անում լրատվամիջոցներին՝ պահպանել երեխաներին վերաբերող հարցերի լուսաբանման կանոնները։ Եթե որոշ պատճառներով դա հնարավոր չէ անել, պետք է հստակորեն գնահատեն, թե հաղորդումը հետագայում ինչ աղդեցություն կարող է ունենալ երեխայի վրա։ 

Էդուարդ Իսրայելյանը հիշեցնում է, որ լրագրողները երեխաներին վերաբերող հարցերի լուսաբանման մանրամասներին կարող են ծանոթանալ ՄԻՊ աշխատակազմի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) համատեղ ձեռնարկից։ 

7-ամյա երեխայի տեսանյութը Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում քննության թեմա չի դարձել։ 

Գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի խոսքով, այդ հարցով իրենց չեն դիմել, իսկ սեփական նախաձեռնությամբ չեն կարող քննել, քանի որ խոսքը վերաբերում է մեկ անձի տվյալներին։ Մարդ ինքն է որոշում թողնի հրապարակել իր տվյալները, թե ոչ։ Իսկ գործակալության նախաձեռնությամբ քննվում են այն դեպքերը, որոնք վերաբերում են կամ անորոշ թվով անձանց, կամ բոլորին կամ հանգամանքին։

«Կոնկրետ այս դեպքի մասին չեմ կարող ոչինչ ասել։ Եթե չենք քննել, չենք կարող հստակ պատասխանել՝ կա խախտում է, թե ոչ»,- ասում է Գևորգ Հայրապետյանը։

Նա ավելացնում է, որ լրատվամիջոցների կողմից երեխաների անձնական տվյալների հրապարակումը գործակալության ուշադրության կենտրոնում է։ 2016-ից հրապարակել են խորհրդատվական որոշում երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ, որին հաջորդել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ուղեցույցը, որի մի բաժինը ԶԼՄ-ների լուսաբանմանն է վերաբերում։ Այս տարվա փետրվարին մշակեցին ևս մեկ ուղեցույց՝ «Զգույշ երեխաներն են» անվամբ։ Բոլոր ուղեցույցները հասանելի են այստեղ։ 

Անահիտ Դանիելյան 

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?