Armsport-ը ներողություն է խնդրել ընթերցողներից չհաստատված տեղեկություն հրապարակելու համար

10.04.2018, Նյուսրում

Լրագրող

Հայկական մեդիայում քիչ դեպքեր կան, երբ լրատվամիջոցն ընթերցողներից ներողություն է խնդրում հետագայում չհաստատված տեղեկատվություն հրապարակելու համար։

Երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Մինասյանը, Armsport.am կայքը շտապեց ներողություն խնդրել ընթերցողներից՝ երեք օր առաջ չհաստատված տեղեկատվություն հրապարակելու համար։

Կայքը, հղում անելով իր աղբյուրին, ապրիլի 7-ին գրել էր, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվելու է «Փյունիկի» մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին։ Այս դեպքում էլ կրակն առանց ծուխ չէր։ Գյուլբուդաղյանցը ՀՖՖ գործկոմի որոշմամբ նշանակվել է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։

Թե Armport-ի խմբագրությունն ինչու՞ էր վստահ Գյուլբուդաղյանցին ազգային հավաքականի մարզիչ նշանակելու տեղեկության հավաստիության մեջ, և թե ինչու՞ շատ արագ ներողություն խնդրեց ընթերցողներից, մանրամասնում է կայքի խմբագիր Արման Առաքելյանը։

«Որքան ես եմ հիշում, Armsport-ը եղել է պրպտող, ու հատկապես հայկական ֆուտբոլի վերաբերյալ հավաստի տեղեկություն ներկայացնելու համար փորձել ենք ամեն ինչ անել։ Մեր հետաքննության միջոցով պարզել ենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թեկնածությունը քննարկվում է ՀՖՖ նախագահի կողմից։ Ու հենվելով մեր աղբյուրներին, գրել ենք, որ Գյուլբուդաղյանցը լինելու է գլխավոր մարզիչ։ Անգամ քննարկվել է մարզչական շտաբ ձևավորելու հարցը։ Ու եթե Վարդան Մինասյանը մերժեր ՀՖՖ առաջարկը, հաստատ ընտրությունը կանգ էր առնելու Գյուլբուդաղյանցի վրա։

Մյուս լրատվամիջոցների լրագրողները ուրախացել են մեր սխալվելու փաստից, ֆեյսբուքում գրառումներ են անում, բայց թող իրենք էլ փորձեին ինֆորմացիա պեղել, և շրջանառվեին տարբեր անուններ, ինչպես լինում է արտասահմանյան մամուլում։ Եթե չեմ սխալվում, ապա բացի Armsport-ից և Armtimes-ից, որևէ լրատվամիջոց չէր փորձել տեղեկություն իմանալ: Ես չեմ ամաչում այդ սխալի համար, որովհետև դրանից առաջ մենք ծավալուն աշխատանք ենք կատարել մեր թիմով, կարևոր այլ տեղեկություններ ենք իմացել, մասնավորապես, որ Ռուբեն Հայրապետյանը Գյուլբուդաղյանցի հետ երկու անգամ է հանդիպել»,- ասում է Արման Առաքելյանը։

Armsport-ի գլխավոր խմբագիրը նշում է, որ ընթերցողներից ներողություն են խնդրել, հաշվի առնելով կայքի նկատմամբ նրանց վստահությունը։ Դա ընթերցողների հանդեպ ունեցած պատասխանատվությունից բխած քայլ է. «Մեր խոսքը ազդեցիկ է մեր լսարանի համար։ Գյուլբուդաղյանցի մասին լուրից հետո բազմաթիվ մեկնաբանություններ ու նամակներ են ստացվել։ Մարդիկ հավատում են մեր լրատվությանը։ Այդ պատճառով ճիշտ համարեցինք այս դեպքում ներողություն խնդրել»։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?