Լրագրողական կազմակերպությունները հեռարձակումը կարգավորող նոր օրինագիծ են մշակել

12.07.2019, Նյուսրում

Լրագրող

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբն ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի նախագիծ են մշակել։ 

Աշխատանքային խումբը հուլիսի 11-ին նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովի կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովին և հանձնել է այդ հանձաժողովի մամուլի, տեղեկատվության ազատության և հաղորդակցության ոլորտներով զբաղվող ենթահանձնաժողովը ղեկավարող ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանին։

Մեդիա կազմակերպությունների ղեկավարներն այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեցին օրինագծի լայն քննարկման մեկնարկի մասին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ Հայաստանում Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը ընդունվելուց հետո փոփոխվել ու լրացվել է 29 անգամ․ «բայց այն լուրջ խնդիրները, որ առկա են ոլորտում, լուծումներ չեն  ստացել, բարեփոխումներ չեն իրականացվել, և ավելի ճիշտ էր նոր օրենք մշակել»։

2021թ․կայանալու են հեռուստատեսությունների լիցենզավորման մրցույթները։ Օրինագծի հեղինակները նաև այդ իրադարձությամբ են պայմանավորում հեռարձակման դաշտում փոփոխությունների անհրաժեշտությունը։ «Եթե այդ մրցույթները հայտարարվեն գործող օրենքով, ապա ևս 10 տարով կաթվածահար կանենք ոլորտի զարգացման հնարավորությունները։ Դա կնշանակի վերջնական փակուղի ոլորտի համար»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Ընդհանուր կարգավորում

Լրագրողական կազմակերպությունների ղեկավարները այս օրենքի նախագծով լուծումներ և կարգավորումներ են առաջարկում հեռարձակման ոլորտի մի քանի հիմնական խնդիրների՝  մասնավոր մուլտիպլեքսորի ստեղծմանը, մարզային հեռուստաընկերությունների զարգացմանը, սեփականատերերի թափանցիկությանը, Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությանը։ 

Օրինագիծն առաջարկում է վերացնել հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն ստեղծելու և հեռարձակելու համար լիցենզիայի անհրաժեշտությունը և սահմանում է հեղինակազորման (ավտորիզացիայի) գործընթաց։

Անալոգային հեռարձակման խնդիրը

Հայաստանում թվային հեռարձակման անցնելուց հետո մարզային շուրջ տասը  հեռուստաալիքներ դեռ անալոգային ազդանշանով են հեռարձակվում և չեն ընդգրկվել հանրապետության միակ՝ պետական մուլտիպլեքսորում։ Խնդրի  լուծման ճանապարհներից մեկը նախագծի հեղինակները տեսնում են մասնավոր, այս դեպքում նաև փոքր մարզային մուլտիպլեքսորներին շուկա մտնելու հնարավորություն տալու, նպաստավոր պայմաններ ստեղծելու մեջ։ 

Մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը երեք տարի շարունակ չեղյալ է համարվել  պայմանների ոչ հրապուրիչ լինելու և հետևաբար դիմողների բացակայության պատճառով՝ 100 միլիոն դրամ տարեկան տուրք,  հանրապետական սփռման պահանջ, սեփական ցանցի առկայություն։ Նոր նախագիծը առաջարկում է 100 մլն դրամ պետտուրքը կրկնակի նվազեցնել և դարձնել 50 մլն դրամ, իսկ փոքր մուլտիպլեքսորների համար սահմանել ավելի ցածր  վճարներ։ 

Եվս մեկ փոփոխություն կապված է հանրային մուլտիպլեքսորի վերաձևավորման հետ։ Օրինագծի հեղինակներն առաջարկում են հանրային ցանցը օգտագործել միայն հանրային հեռուստատեսության, այսինքն հանրային նշանակություն ունեցող սոցիալական փաթեթը հեռարձակելու նպատակով։ Գործող օրենքով Հայաստանի միակ հեռարձակման ցանցում թվային հեռարձակման լիցենզիա ունեցող բոլոր հեռուստատեսություններն են, ինչը չի նպաստում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը։ 

Հանրային հեռուստատեսություն և ռադիո

Այժմ Հայաստանում Հանրային հեռուստատեսությունը ունի մեկ ընդհանուր ուղղվածության և մեկ մշակութային, գիտակրթական պարտադիր ալիք։ Օրինագիծն  առաջարկում է ստեղծել մասնագիտացված ալիքներ՝ մանկական, երիտասարդական, մարզական, երաժշտական, ժամանցային և մեկ տեղական և միջազգային լուրեր հաղորդող շուրջօրյա լրատվական։ 

Այս պահանջը կատարելու անհնարինության դեպքում Հանրայինը կարող է  մրցույթ կազմակերպել և փոխանցել այդ գործառույթը հաղթող ճանաչված մասնավոր հեռարձակողներին, որոնք  կընդգրկվեն հանրային ցանցում՝ հանրայինի ալիքների բոլոր պայմաններով։ 

Հանրային ռադիոյի դեպքում էլ օրենքի հեղինակներն առաջարկում են մեկ ընդհանուր ուղղվածության ալիքին ավելացնել երիտասարդական, մարզական, երաժշտական, ժամանցային ալիքներ։ 

Նախագիծը հանրային հեռարձակողի ու հանրության միջև կապի ապահովման համար առաջարկում է ստեղծել Օմբուդսմանի ինստիտուտը, որը լիազորված է ուսումնասիրել  լրագրողների էթիկայի կանոնագրի խախտման դեպքերը 

Թափանցիկ սեփականատերեր

Օրենքի նախագծում առանձին գլուխ նվիրված է հեռարձակողների սեփականության թափանցիկությանը։ Սահմանվում է, որ մասնավոր հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների հիմնադիրների և մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձանց մասին տեղեկությունները պետք է ներկայացվեն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը պատմում է, որ այս օրինագծի գաղափարը իրենք ունեցել են դեռ 2010թ․-ից։ 

«Հանդիպել ենք ոլորտի մասնագետների հետ, ստացել ենք մասնագիտական խորհրդատվություններ։ Բայց այս փաստաթուղթը այս վերջնական տեսքով շրջանառության մեջ չի եղել։ Մեզ համար շատ կարևոր է ոլորտի ներկայացուցիչների կարծիքը։ Հենց դրա համար ենք ուզում սկսվեն քննարկումները»,- ասում է Նունե Սարգսյանը։

Օրինագծի ամբողջական տարբերակը ընթերցելու և ներբեռնելու համար հասանելի է այստեղ։

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?