Մենք ենք, Ավստրիան․ մեր մամուլը դրսերում

06.02.2018, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Մենք դեմ չենք, որ երկիր մտնեն արտասահմանյան ներդրումներ։ Գոնե կառավարության հայտարարածի կեսի կեսն էլ վատ չէր լինի։

Մենք ուզում ենք, որ աշխարհում քիչ լսեն ադրբեջանական քարոզչությունը և իմանան ճշմարտությունը արցախյան հակամարտության մասին։

Ու այսպես կարելի է թվարկել բազմաթիվ կետեր, որոնց իրագործման որոշ մասը կախված է նաև լրատվությունից և այն բանից, թե ինչպես կներկայացվի Հայաստանը ԶԼՄ֊ներում։

Հայաստանի հանդեպ անմիջական հետաքրքրությունը միջազգային լրատվամիջոցների կողմից այնքան էլ մեծ չէ (իհարկե, եթե արտակարգ իրադարձություն չի լինում)։

Այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպես են ձևավորվում տեղեկատվական հոսքերը հենց Հայաստանում, ինչպես են մատուցվում իրադարձությունները նյուզմեյքերների և տեղական լրատվամիջոցների կողմից։ Բնականաբար, խոսքը անգլերեն, ռուսերեն լեզուներով լրահոսի մասին է։

Ուզում եմ հայտնել սուբյեկտիվ կարծիք, թե ինչու ամեն ինչ շատ լավ չէ։ Ասեմ միանգամից, որ այն, ինչ հիմա կնշվի, միանշանակ չէ, կան բացառություններ, սակայն, հիմնականում վիճակը հենց այսպիսինն է․

ա) Նյուզմեյքերների մեծամասնությունը չգիտի, թե ինչպես ներկայացնի ինքն իրեն։ Դա դեռ դպրոցում սերմանվող հատկություն է․ չկարողանալ անկաշկանդ խոսել, լինել հակիրճ, պարզ և հասկանալի, խոսել առանց պաթոսի։

բ) Կազմակերպությունների հանրային կապերի բաժինները հիմնականում իրենց առջև նպատակ են դնում պլանային ներկայություն ապահովել տեղական լրատվականներում՝ շեշտը դնելով վճարովի տեղադրված նյութերի վրա, որոնք հետաքրքիր չեն նույնիսկ նյութը պատրաստողներին։

Նյութերը շատ հազվադեպ են արվում այնպես, որ կարողանան հետաքրքրել Հայաստանից դուրս գտնվող որևէ մեկին։

գ) Իրենց հերթին լրատվամիջոցներն էլ նպատակ չեն դնում ձևավորելու նյութերը գոնե դասական լրագրության կանոններից ելնելով։ Հազվադեպ նորություն է գրվում ու մատուցվում այնպես, որ արտասահմանում ապրող ընթերցողը կարողանա հասկանալ, թե խոսքն ինչի մասին է:

Նյութերը չեն պարունակում բացատրություն, թե ովքեր են այն բոլոր մարդիկ և կազմակերպությունները, որոնց մասին է հոդվածը, թե ինչու են իրենք այստեղ հավաքվել և ինչով են զբաղվել մինչ այս պահը։

Նյութերը գրվում են այնպես, կարծես ողջ աշխարհը շունչը պահած հետևում է Հայաստանի քաղաքականությանն ու տնտեսությանը, և բոլորը մանրամասն գիտեն նախապատմությունը։

դ) Ընդհանուր առմամբ ոչ միայն խնդիր չի դրվում նորմալ ներկայացնել Հայաստանը Հայաստանից դուրս ու ինտեգրվել միջազգային տեղեկատվական հոսքերի մեջ, այլև տարբեր հարցերի վերլուծություններում հայաստանյան լրատվամիջոցները չեն փորձում ընդգրկել արտասահմանյան փորձագետներին։

Կարելի է պարզապես իրականացնել վիճակագրական ուսումնասիրություն՝ դիտարկելով, թե մեկ տարվա ընթացքում քանի արտասահմանյան փորձագետի հետ են աշխատել ադրբեջանական և հայաստանյան լրատվամիջոցները։ Կարծում եմ, պատասխանը ակնհայտ է։

ե) Շատ քիչ են հայաստանյան մեդիա հարթակները, որոնք ներգրավված են հիմնական լրատվական ագրեգատորներում, օրինակ, Google News-ում, Яндекс Новости-ում։

Հիմնական շեշտը դրվում է Ֆեսյբուքում աշխատանքի վրա, Թվիթերը որպես լուրջ հարթակ դիտարկում են շատ քիչ լրատվամիջոցներ։ Որպես հետևանք, ներկայությունը տեղեկատվական հոսքերում «դրսից» նայողների համար խիստ նվազ է։

Կարելի էր խոսել նաև այն մասին, որ հայաստանյան լրատվականների անգլերենը շատ դեպքերում դժվար հասկանալի է այն մարդկանց համար, որոնք այդ լեզուն չեն սովորել Բոնկի դասագրքով։

Նշված բոլոր կետերի համադրությունը հանգեցնում է այն իրավիճակի, որ Հայաստանը շատ հարցերում կախված է այլ երկրներում ձևավորվող լրահոսներից։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?