Արգելափակված յություբյան լրատվականներ

13.04.2018, Նյուսրում

Լրագրող

Factor.am-ի յություբյան էջը մոտ 24 ժամով արգելափակվելուց հետո վերականգվել է: Արգելափակումը տեղի է ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ առանց նախազգուշման:

Կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանն ասում է, որ յություբյան ալիքում որպես խափանման պատճառ նշված են եղել  «բազմաթիվ խախտումները»: Խմբագիրն ասում է, որ հիմա էլ պարզ չէ, թե ինչ խախտումների համար էին իրենց պատժել:

«Եթերը վերականգնելու համար մենք կապ հաստատեցինք միջազգային լրագրողական կազմակերպությունների հետ և միայն նրանց միջնորդությունից հետո հնարավոր եղավ վերականգնել մեր գործունեությունը Յություբում»,- պատմում է Արևիկ Սահակյանը:

Յություբի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Factor.am-ին օգնել են միջազգային լրագրողական կազմակերպությունները: Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները լրատվական կայքին աջակցող հատուկ հայտարարություն են տարածել և նշել, որ վարչապետի ընտրության և այդ ընտրության դեմ քաղաքական ակցիաների այս քաղաքական ակտիվ շրջանում կարևոր է Factor.am-ի անխոչընդոտ գործունեությունը:

«Այս կազմակերպությունները նշել են, որ մենք մատուցում ենք անկողմնակալ տեղեկատվություն՝ լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ»,-պատմում է խմբագիրը:

Վերջին շրջանում, ինչպես նշում է Արևիկը, իրենք ամենաշատն են լուսաբանել ընդդիմության ակցիաները և զարմանալի է, թե ինչու էր հենց այս շրջանում արգելափակվել իրենց էջը:

«Մինչ այս մի քանի անգամ Յություբի հետ նամակագրություն ենք ունեցել: Ստացել ենք նախազգուշական նամակներ: Օրինակ, վերջերս երբ լուսաբանում էինք Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ցույցը, նամակ ստացանք, որտեղ Յություբը զգուշացնում էր, որ եթերում հնչող երաժշտությունը խախտում է հեղինակային իրավունք: Պատասխանեցինք նամակին, որ հանրահավաքի վայրում աշխատում ենք ուղիղ եթերի ռեժիմով և իրենք ընդունեցին մեր պարզաբանումը»,- պատմում է նա:

Հայաստանյան մեկ այլ լրատվական կայքի՝ Armlur.am-ի, յություբյան ալիքը ևս արգելափակվել է ապրիլի 11-ին: Արգելափակման պատճառը նույնն է, ինչ Factor.am-ի դեպքում:

Կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ասում է, որ իրենք արդեն երրորդ օրն է զրկված են 40 հազար հետևորդ ունեցող լսարանից, սակայն չեն կորցնում հույսը և սպասում են յություբի հետ նամակագրության արդյունքին:

«Մենք մեզ ապահովագրել ենք տեխնիկական և այլ խնդիրներից և բացի հիմնական ալիքից ունենք ևս երկու էջեր, որոնց միջոցով այժմ տարածում ենք մեր բովանդակությունը: Պարզապես չունենք արգելափակված էջի բաժանորդագրության թիվն ու մոտ 68 հազար տեսանյութ ունեցող արխիվը»,- նշում է խմբագիրը:

Նրա համար ևս անհասկանալի է, որ կայքի յություբյան էջը փակվում է մի շրջանում, երբ վարչապետի ընտրությանն ընդառաջ ընդդիմությունը երկրում բողոքի ակցիաներ է իրականցնում:

Ինտերնետային հարթակում մասնագիտացած «Կարամել» գովազդային գործակալության հիմնադիր Արսեն Սուլթանյանն ասում է, որ շատ են եղել դեպքեր, երբ առանց նախազգուշացման փակվել են յություբյան ալիքներ:

Oրինակ, վերջերս  սոցիալական ցանցը առանց պատշաճ ծանուցման արգելափակել է մի հայտնի հաղորդման հաշիվ: Անգամ երկար նամակագրություններից հետո հնարավոր չի եղել վերականգել էջը:

«Պատճառները կարող են լինել շատ տարբեր, ամենատարածվածը հեղինակային իրավունքի խախտումն է: Նման դեպքում ոչ թե պատճառներով են իրավիճակը բացատրում, այլ ուղարկում են օգտագործման ընդհանուր կանոնների հղումը»-ասում է նա՝ ավելացնելով, որ հետագա նամակները կարող են սոցցանցի կողմից անպատասխան մնալ:

Խնդիրը, ըստ Սուլթանյանի, մեր երկրի փոքր լինելն է: Գուգլը, որին պատկանում է Յություբը, Հայաստանում ներկայացչություն չունի և ուղիղ երկխոսության  հնարավորություն չկա:

«Չվերականգնվելու դեպքում լրատվամիջոցը կարող է նոր հաշիվ բացել՝ օգտագործելով նույն լոգոն, նույն անվանումը: Պարզապես այստեղ փոխվում է յություբյան ալիքի հասցեն՝  URL-ը»-բացատրում է Սուլթանյանը:

Նման դեպքերում լրատվամիջոցները տուժում են ֆինանսապես, կորցնում են իրենց հետևորդներին, նրանց հետ նաև գովազդային հնարավորություններ: Ստիպված են լինում նոր էջից և միգուցե ավելի զգուշավոր սկսել իրենց գործունեությունը:

 

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?