1918- 1920. կառավարությունից պահանջում էին ամեն ինչ և միանգամից

28.05.2019, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

1918 թ.-ի մայիսի 31-ին մամուլում հրապարակվեց Առաջին հանրապետության անկախության հռչակագիրը. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»:

1918-1919 թթ. մամուլի միջոցով հնարավոր է պատկերացում կազմել, թե սովի, համաճարակի, պատերազմի, Ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր գաղթականների պայմաններում  ինչպես  հնարավոր եղավ կայացնել պետական ինստիտուտները:  

Թուրքիան, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարի պայմանագիրը, 1918 թ-ին զորքերը մտցրեց Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, հետո արդեն Արևելյան Հայաստան՝ Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Գյումրի), Սարդարապատ ու Մրգաշատ։

«Հասել է ժամը հայի փրկության կամ բնաջնջման: Դավադիր թշնամին…ուզեց տիրել մեր սիրուն երկրին, պղծել նահատակների թարմ շիրիմներ և մեր դրախտանման երկիրը դժոխքի վերածել:
Հայ զինվորը զգաց այդ: Զգաց և սթափւեց: Նա զենքի դիմեց և մի քանի օրուայ մէջ անարգ թշնամուն  սարսափեցրեց: Բայց այդ բաւական չէ: Նա չի կարող մերկ ու քաղցած կռւել, նա չի կարող կռւից յետոյ առանց ծխելու հանգստանալ, նա չի կարող՝ առանց նամակ գրելու իր սիրասուններին: …Եւ, վերջապես, նրա եռանդը կը պակսի, եթէ  կը տեսնի, որ իր վիրաւոր ընկերոջ վերքերը չեն կապւում, չեն դարմանւում: ..Լաւ գիտցէք, եթե մենք մի օր ոչինչ չուտենք, դրանից չենք մեռնի, իսկ եթե մի օր մեր զինւորը չուտի, նա կը յուսահատուի, կը թողնի ճակատը, կը վերադանայ, և այն ժամանակ մենք բոլորս անարգ թշնամու սրին ու կրակին  պիտի մատնուենք, մեր սիրուն զաւակներին մեր աչքի առաջ պիտի մորթոտեն և մեր կանանց մեր ներկայութեամբ պիտի անպատուեն («Զանգ», 1918, հունիսի 4, 39 (55) , խմբագիր՝ Սիմոն Վրացյան):

Համախմբվելու և Ալեքսանդրապոլը թշնամուց ազատելու կոչով ժողովրդին է դիմում նաև Երևանի զորամասի հրամանատար, գեներալ Սիլիկյանը. «Մի դանդաղեք, հայե՜ր, ըշտապով խմբւեցէք խիտ ու համերաշխ շարքերով, վռնդեցէք թշնամուն մեր հայրենի արիւնաներկ հողից, և թող ձեզ հետ լինի ձեր հետնորդների օրհնութիւնը.
Դէպի զենք բոլորդ.
Դեպի Ալեքսանդրապոլ»:

Արդեն 1918 թ.-ի oգոստոսի 1-ին, հինգշաբթի առավոտյան ժամը 13-ին բացվեց Հայաստանի Խորհրդի առաջին նիստը. «Պատգամավորները դասավորված էին երեք կարգում: Աջակողմյանը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը (6 պատգամավոր), թուրքերի 6 ներկայացուցիչները, 1 ռուս և 1 եզդի։ Կենտրոնը բռնել էին դաշնակցականները (18) և անկուսակցականները (2), իսկ ձախակողմը՝ սոցիալ դեմոկրատները (6) և սոցիալիստ հեղափոխականները (6)։ Բացմանը ներկա էին ներկայացուցիչներ  Գերմանիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Պարսկաստանի և Ուկրաինայի կողմից։ Այդ ժամանակ շենքի վրա, դրսում, բարձրացվեց հայկական եռագույն դրոշակը (կարմիր, կապույտ, նարնջագույն), որ ցնծություն առաջ բերեց ժողովրդի խուռն բազմության մեջ» («Ժողովուրդ», 1918թ,14 օգոստոսի ):

Գործադիր և օրենսդիր իշխանություններին զուգահեռ՝ փորձ էր արվում նաև կայացնել երրորդ և չորրորդ իշխանությունները: «Նախ խաղաղություն՝ նոր բարենորոգումներ, մեր կառավարությունը իրոք ձգտում է ստեղծել ժողովրդի համար տարրական իրավակարգ, որովհետև նախքան քաղաքացիական ազատություններն ապահովելը՝ պետք է ապահովել կյանքը, նախքան սահմանադիր ժողով հրավիրելը՝ պետք է ապահովել ազատ խոսքը և այլն» (վարչապետ Հովհ. Քաջազնունի, «Զանգ», 1918թ. , N 45-46): 

Անգամ այդ ծանրագույն պայմաններում մամուլը բավականաչափ ազատ էր՝ քննադատելու գործող կառավարությանը. «…Մեր փափագն է եղեր զգալ, որ մեր հանրապետութիւնը… իւր վարիչների առաջնորդութեամբ հաստատ քայլերով դիմում է դէպի դեմոկրատական կարգերը՝ դառնալու համար մի երկիր, որ հպարտ է իւր ներքին ազատութեամբ ու անկաշառ արդարադատութեամբ, սակայն դժբախտաբար նոյնիսկ այս չափաւոր պահանջներին չկարողացաւ բաւարարութիւն տալ անդրանիկ կառաւարութիւնը» («Կայծ», 1918 թ., N. 1, 2 ):

Կառավարությունից պահանջում էին միանգամից և ամեն ինչ, այդ թվում՝ շուտափույթ լուծել պետական լեզվի կարգավիճակի հարցը. «Որքան էլ ցաւալի, բայց դառն ու տխուր փաստ է, որ Հայաստանի հանրապետութեան պետական լեզուն օտար և ժողովրդի մեծամասնութեանը անհասկանալի լեզու է։ …Եւ որովհետև մեր անկախացման և ուրոյն պետութիւն ստեղծելու գլխավոր գործոններից մէկն էլ լեզւի ազգայնացում պետականացումն ենք համարում, ուստի և մենք յամառ պայքար պիտի մղենք դրա համար։ Տեխնիքական և ժամանակաւոր դժւարութիւնները մեզ համար վերջնական արդարացումն չեն։ Յամառ կերպով և տեղի ու անտեղ ռուսերէնի գործածութիւնը մենք հայերէնը իւրացնելու բարի կամքի բացակայութեամբ և ուղղակի չկամութեամբ ենք բացատրում։ … Մեր պ. պ. մինիստրներն ու նրանց գրասենեակի կառավարիչները և այլն պէտք է ընդունեն, որ նախ այս պետութիւնը Հայաստան է և ապա որ նրա մէջ ապրող հարիւր հազարաւոր՝ ռուսերէն և ոչ մի բառ չհասկացող տաճկահայերն ու հայ գիւղացիներն էլ Հայաստանի ռամկավար հանրապետութեան քաղաքացիներ են։ Ուստի և մենք պահանջում ենք, որ՝ թէկուզ աստիճանաբար, բայց անյապաղ ու հաստատապէս հայերէնը պետականացւի և գլխաւոր գործածական լեզուն դառնայ բոլոր հաստատութիւններում» («Հայաստանի աշխատաւոր» , 1919, 27 ապրիլի, N 47) :

1919 թ.-ի դեկտեմբերի 26-ին ընդունվեց «Պետական լեզվի մասին» օրենքը. հայերենը ճանաչվեց Հայաստանի հանրապետության պետական լեզու:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?