Արմեն Սարգսյանի վերադարձն ու մամուլը

31.01.2018, Նյուսրում

Լրագրող

Սերժ Սարգսյանի կողմից հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ ստանալուն հաջորդած երկու շաբաթների ընթացքում Արմեն Սարգսյանն արդեն հասցրել է տարբեր ձևաչափերով փոխհարաբերվել լրագրողների հետ:

Հունվարի 29-ին և 30-ին նա շփվեց լրագրողների երկու տարբեր խմբերի հետ, այնուհետև էքսկլյուզիվ հարցազրույց տվեց «Շանթ» հեռուստաընկերությանը:

Մի բան, որ կարմիր թելի նման անցնում է Արմեն Սարգսյանի և լրագրողների հարաբերություններում, դա արդեն սովորական դարձած հարցերի տարափն է՝ լրագրողների կողմից, և մեր քաղաքական դաշտի համար ոչ այնքան սովորական համբերատար պահվածքը՝ Արմեն Սարգսյանի կողմից:

Պարզ է, որ լրագրողների հետ շփման ընթացքում Արմեն Սարգսյանը չի ցանկանում շատ հարցերի պատասխանել, փոխարենը կոչ է անում ձևավորել նոր ժուռնալիստական և քաղաքական մշակույթ:

ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը, ճեպազրույց սկսած լրագրողներին ասում է, որ նախընտրում է հարցերին պատասխանել կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներն ավարտելուց հետո, երբ արդեն որոշում կայացրած կլինի:

Լսելով միմյանց լրացնող հարցերը՝ նա շարունակում է քայլել դեպի ՀՅԴ գրասենյակի ելքը, միայն չի կարողանում անտարբեր մնալ իր և Վազգեն Սարգսյանի հարաբերությունների մասին հարցի նկատմամբ՝ մամուլում տեղ գտած պատմությունները որակելով որպես բացարձակ սուտ:

Արմեն Սարգսյանը լրագրողներին խորհուրդ է տալիս «այդ շահարկումը» արհեստականորեն չուռճացնել:

Այս առաջին հանդիպմանը նա դիմում է լրագրողներին. «Ես ձեզ հարգելով նորից խնդրում եմ հարգել այս պահին իմ խնդիրները: Ես որևէ տեղ չեմ կորելու, եթե դառնամ նախագահ կամ իմ թեկնածությունը հաստատեմ կամ չհաստատեմ: Պատրաստ կլինեմ ձեր բոլոր հարցերին պատասխանել»:

Հաջորդ արտահայտությունն՝ ուղղված լրագրողներին, հետևյալն է. «Թույլ տվեք, ես խնդրեցի ձեզ, եկեք նաև որոշակի ժուռնալիստական, քաղաքական էթիկա զարգացնենք՝ հարգենք իրար: Ես վարչապետ եղած ժամանակ, երևի կհիշեք, մեծ հարգանքով եմ վերաբերվել լրագրողներին: Եվ եթե կհիշեք, լրագրության նախարարությունը փակվեց: Ժուռնալիստական հանրությանը մեծ հարգանքով եմ վերաբերվում, և եթե որոշեմ, առաջադրվեմ, ընտրվեմ՝ շարունակելու եմ ձեզ հետ նույն ձևով աշխատել»:

Սա կարծես ազդեցություն է թողնում լրագրողների վրա: Նրանք շնորհակալություն են հայտնում Արմեն Սարգսյանին: Վայրկյաններ անց Սարգսյանը բացում է ավտոմեքենայի դուռը, խնդրում թույլ տալ իր հյուրընկալներին՝ ՀՅԴ գործիչներին, ցտեսություն ասել:

«Կարելի՞ է: Իհարկե, ձեր ժուռնալիստական եռանդը գնահատում եմ»,- ժպտում է Արմեն Սարգսյանը:

Լրագրողները պատասխանում են ժպիտով և սիրալիր ճանապարհ տալիս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանին:

Լրագրողներ-Սարգսյան հաջորդ հանդիպումն արդեն ԳԱԱ ներկայացուցիչների հետ հանդիպումից վայրկյաններ առաջ է: Արմեն Սարգսյանը հարցերին չպատասխանելու համար ներողություն է խնդրում լրագրողներից: Լրագրողները շարունակում են հարցեր ուղղել նրան, աստիճաններով բարձրանալով նրա հետևից:

Արդեն աստիճանների ամենավերևում «Ա1+»-ը հարց է ձևակերպում, Սարգսյանը կանխում է, նկատելով, որ թե՛ իր, թե՛ լրագրողների շնչառությունը ծանր է: Շշուկով ասում է. «Կարող եք հանգստանալ… խնդրում եմ, թույլ տվեք ինձ իմ հանդիպումները շարունակել, և երբ ավարտեմ հանդիպումների ընթացքը, որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որ կիմանաք այդ մասին»:

Էլի հարց է հնչում, երկրորդը, երրորդը, Սարգսյանը ժպտալով միայն մի բան է ասում. «Խնդրանքս լսեցի՞ք, դուք խնդրանքս լսեցի՞ք»:

Երկու միտք, որ այդ ընթացքում հնչել է որպես հարցի պատասխան, հետևյալն է՝ «Ես Ամուլսարի հետ կապ չունեմ» և «Հայաստան եմ վերադարձել ընդմիշտ, ավելին, Հայաստանից չեմ էլ հեռացել»:

Լրատվամիջոցների հանդեպ Արմեն Սարգսյանի վերաբերմունքը մեկ անգամ էլ դրսևորվում է «Շանթ»-ի եթերում՝ մոտ 45 րոպե տևած հարցազրույցի ժամանակ: Լրագրող Արամ Աբրահամյանն իր հյուրին հարցնում է. «Դուք պատրա՞ստ եք նրան, որ եթե ստանձնեք նախագահի պաշտոնը, ձեր մասին գրվելու են շատ ծանր, շատ բացասական, շատ խայթող նյութեր: Նեղանալու՞ եք, արդյոք, արձագանքելու՞ եք, թե՞ չէ»:

Սարգսյանը նախ կատակում է. «Ինչու՞ եք կարծում, որ իմ մասին գրվելու են շատ ծանր ու խայթող լուրեր», հետո՝ պատասխանում հարցին. «Ես կարծում եմ և հույս ունեմ, որ իմ մասին գրեն այն, ինչ որ իրականություն է: Եթե ես որևէ սխալ քայլ անեմ, կամ սխալ որոշում ընդունեմ, կամ խախտեմ Սահմանադրությունը, ապա պատրաստ եմ լսել քննադատություն: Սակայն եթե ես կամ որևէ պետական պաշտոնյա լավ բան է անում, ապա այդ լավ բանը նույնպես պետք է գնահատվի: Որովհետև առաջընթացի ճանապարհը միայն քարկոծելը չէ, այլ՝ նաև դրականը ճանաչելը: Քանի որ ապրում ենք 21-րդ դարում, լրատվության դերը շատ է մեծացել: Բոլորս գիտենք, որ սա չորրորդ իշխանություն է, և եթե սա իշխանություն է, ապա հասարակության մեջ այդ իշխանությունը պետք է իր ճիշտ տեղում լինի: Եվ պետք է նրա նկատմամբ պահանջները լինեն ճիշտ նույնը, ինչ որ հասարակական կյանքի մյուս օղակների նկատմամբ»:

Արմեն Սարգսյանը նաև բրիտանական Daily Mail օրաթերթի մասին է խոսում, պարզաբանելով, թե ինչու է իր կինը թերթին տված հարցազրույցում ասել՝ որդիներս իրենց բրիտանացի են զգում:

«Ես հայ եմ, բայց հպարտ բրիտանացի եմ»,- ասել է Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն Արամ Աբրահամյանին ասում է, որ Daily Mail-ը կիսով չափ դեղին մամուլ է, և լրագրողն իր կնոջը հարցազրույցի ժամանակ «հրել է այն ուղղությամբ, որի կարիքն ուներ»:

Լրագրողների «հրելու» կարիքը առավել հետաքրքիր է դառնում, երբ հարցազրույց է տալիս ճկուն ու համբերատար անձը: Հասարակությունը դրանից միայն շահում է:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?