Որքան և ինչու է լռում լրագրողը հարցազրույցի ընթացքում

20.01.2016, Քննադատ

Մասնագիտությամբ՝ բանասեր, Աշխատել է «Անկախություն», «ԱՐ»,  «Շրջան», «Այժմ» շաբաթաթերթերում:

Եթե հաղորդումը ժամանցային է, ուրեմն հարցերը ևս պետք է լինեն այդ տրամագծի մեջ ու լրագրողների ուժերից ոչ վեր: Եթե հաղորդոմը մասնագիտական է, ապա լրագրողը պետք է գիտելիք ունենա՝ զրույց վարելու համար

Հարցազրույցի դժվարությունը այն հետաքրքիր դարձնելն է: Կան հարցազրույցներ, երբ հարցվողն ինքնին այնքան հետաքրքիր է կամ էկրանին քիչ հայտնվող մեկը, կամ ուղղակի ծանոթ մարդ, որ, անկախ հարցազրույցի որակից, նայվում է: Հայկական եթերի ոչ քաղաքական ուղղվածության հարցազրույցները վստահված են գեղեցիկ սեռի տարբեր գեղեցկության ներկայացուցիչների:

Հարցազրույցների մեծ մասի առաջին րոպեներից ակնհայտ դիսբալանսը հարցվողի ու հարցազրույց վարողի կամ վարողների ինտելեկտի մեծ տարբերության մեջ է: Այնքան մեծ, որ «զրույցը» դառնում է զավեշտ: Չխոսենք հարցազրույցի կանոնների մասին, որոնց տիրապետում է պրոֆեսիոնալ լրագրողը: Խոսենք միայն մի կետի մասին, որին հետևելը, թերևս, այնքան էլ անհնար չէ. հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց հետ կարելի է խոսել դեսից -դենից ու խուսափել մեծ հարցերից, որոնց ժամանակ ասելիք չի ունենալու զրույցի հրավիրած կողմը:

Մանրակրկիտ լսելով գեղեցիկ սեռի մոտ տասը հարցազրույց, որտեղ հարցազրույցի հրավիրվածները կշիռ ունեցող, ինտելեկտուալ մարդիկ են, բերեմ մի քանի օրինակ. հրավիրված է Միջագային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Սնահավա՞տ եք, թե՞ ոչ», «Առավոտյան ի՞նչն է կանխորոշում Ձեր օրը» և այս շարքից տրվող հարցերից հետո լրագրողը հարցնում է՝ ունե՞նք արդյոք մենք տնտեսական աճ: Հարցին հաջորդում է Վաչե Գաբրիելյանի տնտեսագիտական վերլուծությունը, որն ինձ համար հետաքրքրիր էր որպես դասախոսություն մի բնագավառից, որից շատ հեռու եմ: Հարցը հնչելուց հետո նա ուղիղ վեց րոպե առանց լրագրողի որևէ միջամտության պատասխանում է հարցին: Վեց րոպե լրագրողները լուռ են:

Լռության պատճառը ակնհայտորեն ոչ միայն հարգանքն է լուրջ մարդու և պրոֆեսիոնալի հանդեպ, այլև ասելիքի բացառիկ բացակայությունը, քանի որ հայկական բանասիրականն ավարտած լրագրողները տնտեսագիտական որևէ գիտելիք չունեն:

Եթե հաղորդումը ժամանցային է, ուրեմն հարցերը ևս պետք է լինեն այդ տրամագծի մեջ ու լրագրողների ուժերից ոչ վեր: Եթե հաղորդումը մասնագիտական է, ապա լրագրողը պետք է տիրապետի տնտեսագիտական գիտելիքների՝ զրույց վարելու համար: Առաջին դեպքում լրագրողների վեց րոպե լռությունը մի պահից զվարճալի է, և, գուցե, այս առումով ժամանցային ծրագիրը հասնում է իր նպատակին:

Բայց պարզվում է՝ տնտեսագիտական գիտելիքներին տիրապետելու ու չտիրապետելու խնդիրը չի միայն, որովհետև տնտեսագիտական «ծանր լուծը» թոթափելուց հետո լրագրողները խրոխտ մտնում են սեփական դաշտ՝ գրականության ոլորտ, ու հնչում է հետաքրիր ու ծավալուն հարց՝ «Ինչպիսի՞ն է գրականության ազդեցությունը ձեր կյանքում»: Հարցից հետո Վաչե Գաբրիելյանը շատ հանգիստ անցնում է այս ոլորտից մի ծավալուն ու շատ ինֆորմատիվ դասախոսության գրականության ոլորտից, որին տիրապետում է փայլուն:

Այդ ընթացքում (իսկ ընթացքը ուղիղ հինգ րոպե և քսան վայրկյան էր) Վաչե Գաբրիելյանը խոսում է գիտաֆանտաստիկ համաշխարհային գրականության մասին, խոսում է Բրեդբերիից, սովետական և սովետահայ գիտաֆանտաստիկ գրողներից, ավելի ծավալուն մենազրուցում պատմում Ստրուգացկի եղբայրների, ապա գիտաֆանտաստիկ գրականության՝ կինոյում արտացոլման մասին, մասնավորապես, Ստրուգացկի եղբայրների «Խնջույք ճամփեզրին» գործի մասին, որի հիման վրա Տարկովսկին ստեղծեց «Ստալկեր»-ը և թե ինչպես Ստրուգացկիները չէին հավանել ֆիլմը, որովհետև իրենց պատմությունն այլ բանի մասին էր և այլն:

Ապա Վաչե Գաբրիելյանը խոսում է Իլֆ ու Պետրովի «Ոսկե հորթի» ու դրա փառահեղ կրկնօրինակման մասին, և թե ինչպես կարող է գրական ստեղծագործությունը կլանված լինել մշակույթի կողմից՝ նկատի ունենալով այն, որ մի քանի սերունդ խոսում էր այդ ստեղծագործություններից անգիր հիշվող արտահայտություններով:

Այս ողջ հինգ րոպե քսան վայրկյանում բանասիրական կրթությամբ լրագրողները լռում էին տարրական դասարանների աշակերտի պարտաճանաչությամբ: Իսկ զրույցը մաքուր գրականագիտական էր...Կարելի էր և պարտադիր էր տեսակետ ու հարց ունենալ:

Այս շարքից մեկ այլ հարցազրույցի սկզբներում Վազգեն Մանուկյանին տրվում է հարց. «Ամուսնությունը ոչ դրախտ է, ոչ էլ դժոխք, այն քավարան է». Աբրահամ Լինկոլնն է ասել»,- ասում է լրագրողը՝ դրանով շեշտելով երկու բան, նախ, որ ինքը չի ասել և, երկրորդ, որ «մենք էլ թեքումով ինտելեկտուալ ենք ու կարդում ենք Լինկոլնին»: Ինչին Մանուկյանը պատասխանում է. «Սխալ է ասել»:

Մեկ այլ հարցազրույցի ժամանակ Հենրիկ Հովհաննիսյանին հարց է ուղղվում իր բանաստեղծությունների ժողովածուի, ապա Լոռվա բանահյուսության իր հավաքած նմուշների մասին և առաջարկվում պատմել դրանցից որևէ մեկը: Ու երբ Հենրիկ Հովհաննիսյանը հարցնում է՝ «Իսկ դուք այն կարդացե՞լ եք», հնչում է մի պատասխան, որով իրականացվում է հաղորդման բուն նպատակը՝ զվարճալի-ժամանցային, լրագրողը պատասխանում է՝ «Մի քիչ»:

Ծանր տնտեսական, կրթական և մնացած բոլոր ճգնաժամերի ընթացքում ըմբռնելով դրա հետևանքով ստեղծված լուրջ թերությունները, այնուամենայնիվ, կարելի է խուսափել ակնհայտ «բախումներից» և հարցարզույցի հրավիրել սեփական կալիբրի մարդկանց: Հարցազրույցի ընթացքում էլ՝ զրուցել հորոսկոպից, նորաձևությունից, անձնական կյանքից ու ցրվել…

Խորհուրդն ընկերական է,կարելի է չընդունել…

Լուսինե Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?