Բաց տվյալների դերը լրագրողական հետաքննություններում

17.05.2016, Ռեինֆորմացիա

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Զանազան պետական գերատեսչությունների կուտակած ու հրապարակած բաց տվյալները (Open Data) Հայաստանում այսօր բավական մեծ զանգվածներ են կազմում: Արդեն իսկ կան մի քանի ցայտուն օրինակներ, երբ բաց տվյալների օգտագործումն ունեցել է դրական ազդեցություն:

Տվյալների մի շարք շտեմարաններ լրագրողական հակակոռուպցիոն և քաղաքացիական հետաքննությունների մեծ ներուժ ունեն, օրինակ՝ «Մեկ անձից կատարվող գնումներ», «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում», «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրեր»: Սրանք օրինակներ են, երբ տվյալների շտեմարանները հետազոտողին թույլ են տալիս որոնողական ինքնուրույն աշխատանք կատարելու:

Սակայն կարևոր է նաև , որպեսզի տվյալները հնարավոր լինի ավտոմատացված մշակման ենթարկել, ինչպես նաև վիզուալ կերպով ներկայացնել: Այսպես, օրինակ, Շվեդիայի կառավարությունը հատուկ API է տրամադրում վիճակագրական տվյալները ավտոմատացված եղանակով ստանալու և մշակելու համար: Իսկ ամերիկյան կառավարությունը՝ առանձին մեծ գործիք, որի միջոցով հնարավոր է բաց տվյալների վիզուալիզացիան:

Հայաստանի դեպքում գոյություն ունի տվյալների վիզուալիզացիայի մեկ գործիք. դա ինտերակտիվ բյուջեն է, որը օգտվողին ձևափոխումների մեծ հնարավորություններ չի տալիս:

Ինչ վերաբերում է տվյալների մշակման հնարավորություններին, ապա այս հարցում Հայաստանը մեծ հաջողությունների դեռ չի հասել: Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալների շտեմարաններ է տրամադրում բավական մինիմալիստական գործիքներով: Բացի դրանից՝ վիճակագրական տվյալները մշակելու համար գոյություն ունի ևս երկու հարթակ՝ Armstatbank և Armdevinfo: Երկուսն էլ բավական բարդ և անհարմար են աշխատելու համար, արդիական չեն:

Մյուս կողմից՝ կան մասնավոր դեպքեր, երբ պետական տվյալները ավտոմատացված մշակումից հետո տրամադրվում են շատ ավելի մատչելի տեսքով: Կարելի է համեմատել պաշտոնական հարկային տվյալների շտեմարանները և դրանց մշակման համար մասնավոր կազմակերպության ստեղծած «Հարկատու» հարթակը:

Գոյություն ունի շատ ավելի մեծ ազդեցություն ունեցած դեպք՝ կապված արտարժույթի փոխանակման հետ: Rate.am կայքը, մի տեղ հավաքելով բոլոր բանկերի կողմից հայտարարվող արտարժույթի փոխարժեքները, ազդեցություն ունեցավ ողջ շուկայի վրա՝ մոտավորապես նույն մակարդակի բերելով փոխարժեքները երկրով մեկ:

Բաց տվյալների դեպքում կարևոր են միանգամից մի քանի բաղադրիչներ: Տվյալները պետք է լինեն.

  • Հասանելի
  • Լիարժեք
  • Հասանելի արխիվներով
  • Միևնույն ֆորմատով
  • Մշակելու համար պատրաստ ֆորմատով

Սակայն կարելի է տեսնել, որ Հայաստանի դեպքում արխիվների հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջանում: Կայքերի թարմացումից, վերազինումից հետո պատահում են դեպքեր, երբ արխիվներն անհետանում են: Այսպես, օրինակ, ՀՀ նախագահի կայքում արդեն հնարավոր չէ գտնել նախորդ ադմինիստրացիաների հետ կապված տեղեկատվություն:

Տվյալների տրամադրման միատարրության վերաբերյալ գոյություն ունի Կառավարության՝ «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» որոշումը: Ըստ այդ որոշման՝ կայքերը պետք է համապատասխանեն ընդհանուր նորմերին: Սակայն իրականությունն այն է, որ համացանցի պետական հատվածը չափից ավելի բազմազան է, խճճված և որոշ հատվածներում ունի ոչ տրամաբանական, դժվար ընկալվող կառուցվածք:

Տվյալների տրամադրման վերաբերյալ նույնպես կան տարբեր մոտեցումներ: Տվյալ որոշման 5-րդ կետի համաձայն՝ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և անվճար: Ամբողջականության հարցը միշտ կարող է լինել վիճելի:

Սակայն Էլեկտրոնային ռեգիստրի կայքը ՍՊԸ-ների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության համար պահանջում է երեք հազար դրամ վճար: Յուրաքանչյուր հարցման համար: Այսինքն՝ տվյալ դեպքում տվյալները դիտվում են ոչ թե տեղեկատվության ազատության տեսանկյունից, այլ որպես մատուցվող ծառայություն:

Բաց տվյալների շտեմարանների մատուցման ձևերի խիստ բազմազանությունը, դրանց ապակենտրոնացված լինելն այսօր խոչընդոտ է տվյալների վերլուծության, մշակման համար, ինչն էլ դժվարացնում է կիրառական մոտեցումները:

Սամվել Մարտիրոսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?