Թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի ավարտը չի երեւում

09.09.2015, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Այս տարվա հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ անալոգայինից եթերային թվային հեռարձակմանն անցնելու վերջնաժամկետը հետաձգվեց մինչև 2016 թ. հունվարի 1-ը: 

Ինչպես հայտնի է, ամբողջական եթերային թվային հեռարձակման անցնելու գործընթացը պետք է ավարտվեր 2015 թվականի հունվարի 1-ին, սակայն հետաձվել էր մինչեւ հուլիսի 1-ը: Եվ ահա՝ նոր հետաձգում:

Կավարտվի՞, արդյոք, նոր ժամկետում անցումը թվային հեռարձակմանը: Խիստ կասկածում եմ:

Հուլիսի 30-ին` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած քննարկման ժամանակ, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանն ասաց, որ  հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի ամբողջ տարածքում ավարտվել են թվային հեռարձակման անցնելու համար անհրաժեշտ 211 հեռուստակայանի մոնտաժման աշխատանքները։

Նա վստահեցրեց, որ հաղորդիչ ցանցն ամբողջությամբ պատրաստ է, որակը գերազանց է, տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա: Իսկապես էլ, բոլոր նրանք, ովքեր թվային ազդանշաններն ընդունելու հնարավորություն ունեն (թվային հեռուստացույց կամ ապակոդավորող սարք), երեւի, արդեն հեռուստահաղորդումները դիտում են ավելի լավ որակով:

Արդ, եթե երկիրը տեխնիկապես պատրաստ է, ի՞նչն է, ապա, հերթական հետաձգման պատճառը:

Թվային հեռարձակման անցումը ունի ոչ միայն տեխնիկական բաղադրիչ, այլեւ օրենսդրական եւ սոցիալական:

Նախ՝ անցումը պիտի ապահովվի համապատասխան օրենսդրական բազայով, այնպես, որ գործընթացից չտուժեն թվային հեռարձակման ցանցով եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզիա չստացած հեռուստաընկերությունները: Այսօր դրանց թիվը մեկ տասնյակի է հասնում, բոլորն էլ տեղական հեռուստակայաններ են:

Ցավոք, Ազգային ժողովն առայսօր չի ցանկանում քննարկել լրագրողական մի քանի կազմակերպությունների (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որն ընդունվելու դեպքում հեռուստաընկերությունները եթերում մնալու հնարավորություն կստանային:

Ճիշտ է, այս ուղղությամբ հետաքրքիր առաջարկ է արել նաեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն (հնարավորություն կտա նրանց հեռարձակվել շահագործման պատրաստ հանրային թվային ցանցով՝ որոշակի վճարի դիմաց), սակայն այս առաջարկն էլ միանշանակ չի ընդունվել հեռուստաըկերությունների ղեկավարների կողմից:

Ապա՝ ամբողջությամբ թվային հեռարձակմանն անցնելու մեծագույն խոչընդոտը մնում է գործընթացի սոցիալական բաղադրիչը. այն է՝ բնակչության պատրաստ չլինելը այդ անցմանը: Սոցիալականը ամենակարեւորն է, որովհետեւ, անալոգային հեռարձակումն անջատելը եւ ամբողջությամբ թվայինին անցնելը պիտի կատարվի միայն այն ժամանակ, երբ երկրում չի մնա թվային ազդանշանն ընդունելուց զրկված թեկուզ մեկ ընտանիք:

Եվ եթե քիչ թե շատ ապահովված խավերը նոր հեռուստացույց կամ ապակոդավորող սարքեր ինքնուրույն կարող են ձեռք բերել (եւ ձեռք են բերում), ապա անապահովները սպասում են պետությանը: Իսկ դրանք փոքր թիվ չեն կազմում. ավելի քան 100 հազար ընտանիք: Խնդիրը նրանց համապատասխան ապակոդավորող թվային ընդունիչ սարքերով (Set-Top-Box (STB) անվճար ապահովելն է: Գործառույթ, որն իր վրա է վերցրել պետությունը:

Սակայն այս ուղղությամբ արվածը նվազագույնն է. միայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների պաշտոնական կայքում մի քանի անգամ ապակոդավորող սարքերը ձեռք բերելու հայտարարություն է տարածվել, սակայն դրանք ներկրելու ցանկություն ունեցող, երեւում է, չկա: Ընդսմին, հայտնի չէ նաեւ, թե այդ սարքերը ձեռք բերելուց հետո ո՛ր նախարարությունը կամ կազմակերպությունը պիտի բաշխի:

Ավելին՝ նույնիսկ ճշտված չեն անապահով ընտանիքների վերջնական թիվը, ընտանիքներին այդ ապակոդավորող թվային ընդունիչ սարքերը տրամադրելու եղանակը, տեղերում դրանք բաշխողները եւ այլն: Եվ մինչեւ չավարտվի այս ընտանիքներին ապակոդավորող սարքերով ապահովելը, անալոգային հեռարձակումն անջատելը եւ միայն թվային ունենալը իմաստ չի ունենա եւ անգամ չի էլ կարելի, քանզի դա կնշանակի բնակչության մի զգալի մասին զրկել հեռուստացույց դիտելու հնարավորությունից:

Ահա՝ ինչու ենք ասում, որ խիստ կասկածում ենք, թե 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի թվային հեռարձակման. համոզված չենք, որ մնացած երեքուկես ամսում պետությունը կկարողանա ներկրել ու բաժանել անապահովների կարիքների համար նախատեսված ապակոդավորող սարքերը:

Եվ երկրորդ, համոզված չենք, թե այնպիսի օրենսդրական եւ այլ պայմաններ կստեղծի, որ ներկայումս հեռարձակվող, սակայն թվային հեռարձակման լիցենզիա չունեցող հեռուստաընկերությունները մնան եթերում, եթե ցանկանում են:

... Եվ երբ կգա 2015-ի դեկտեմբերը, կառավարությունը ձեռուոտ ընկած դարձյալ հապշտապ կնախաձեռնի օրենքի փոփոխություն՝ թվային հեռարձակմանն անցնելը հետաձգելով եւս վեց ամսով:

Ուր էր, թե սխալվեինք...

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?