Զսպել գրագողերի ախորժակը

07.10.2015, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 26-ին հրապարակվեց «Արփի Ոսկանյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի» («1in.am» լրատվամիջոցի հիմնադրի - Մ. Հ.) գործով վճիռը:

Դատարանը որոշեց հայցը մասնակի բավարարել. «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ Արփի Ոսկանյանի կբռնագանձվի հարյուր հազար դրամ:

Խնդիրը բավականին հայտնի է լրագրողական եւ գրողական միջավայրում. 2012 թվականի դեկտեմբերին Արփի Ոսկանյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Այն ով է, այն ով» քաղաքական հանելուկը «1in.am» լրատվական կայքն արտատպել էր առանց հեղինակի հետ համաձայնեցնելու, ավելին` հայտարարել էր այդ հանելուկի բառերով երգ ստեղծելու մրցույթ:

Արփի Ոսկանյանը փորձել էր հարցը լուծել արտադատական կարգով. այս հարցով եղել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ եզրակացությունը, որում ասված էր, որ, չնայած բանաստեղծությունն արտատպվել է աղբյուրին հղում կատարելով, սակայն դա արվել է հեղինակային իրավունքի սուբյեկտի՝ ակնհայտորեն արտահայտված կամքին հակառակ եւ այդ առումով հանդիսանում է լրագրողական էթիկայի նորմերի խախտում։

Բանաստեղծության նկատմամբ հեղինակային իրավունքը պաշտպանված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, հետեւաբար դրա օրինական օգտագործման դեպքում անհրաժեշտ էր նաեւ հեղինակի թույլտվությունը։ Ավելին՝ Դիտորդ մարմինը պատրաստ էր միջնորդ հանդես գալ՝ խնդիրն արտադատական կարգով լուծելու համար, սակայն կայքը ոչ մի զիջման չէր ուզում գնալ:

Այստեղ զարմանալին հենց սա է. կայքն ինքը խախտել է հեղինակային իրավունքը, ուրիշի ստեղծագործությունը հրապարակել է, բնականաբար, ավելացնելով իր այցելուների թիվը, այսինքն՝ շահ ստանալով, ու մի բան էլ չէր ուզում բավարարել հեղինակի օրինական պահանջը:

Եվ հարկ եղավ մեկուկես տարվա դատական գործընթաց, որպեսզի դատարանի վճռով հաստատվի հեղինակային իրավունքի խախտման եւ վնաս պատճառելու փաստը: Խելքի կգա՞ սրանից հետո այդ կայքը, խելքի կգա՞ն սրանից հետո նման կայքերը:

Դժվարանում եմ ասել, մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ սա այդ կայքի՝ դատարանում պարտված նմանատիպ երկրորդ գործն է. առաջինը «Հետք» էլեկտրոնային հրատարակության հայցն էր ընդդեմ նույն՝ «1in.am» կայքի: Արդյունքը դարձյալ 100 հազար դրամի փոխհատուցման պարտադրանքն էր:

Պետք է նշեմ, որ այս երկու դեպքերում էլ փոխհատուցման գումարի չափը (օրենքով առավելագույնը 200 հազար դրամ կարող է սահմանվել) կարեւոր չէր: Կարեւոր էին հենց բուն նախադեպերը, կարեւոր էր դատարանի վճիռը:

Եվ այս ամբողջ պատմությունը մենք նորից շարադրում ենք, որովհետեւ վերջերս տեղի ունեցավ հեղինակային իրավունքի խախտման եւ գրագողության առավել արտառոց դեպք. Blognews.am կայքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ազատ լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարները՝ առանց հղումների ու հեղինակի անունը նշելու, եւ ըստ Գերման Ավագյանի՝ տեխնիկական միջամտություններով:

Այդ լուսանկարների շարքի վրա Գերմանը ծախսել էր երեք տարի եւ հսկայական նյութական միջոցներ: Իսկ գրագողը մի րոպեում յուրացրել էր դա: Ըստ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն»։

Հիշյալ կայքը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարները արտատպելով եւ ձեռքբերման աղբյուրը չնշելով, փաստորեն դա ներկայացրել էր իբրեւ սեփական: Այսինքն՝ գրագողություն էր արել: Եվ մի՞թե անպայման դատարանի վճիռ է պետք, որ մենք ԳՈՂԻՆ ԳՈՂ ասենք: Կարծում եմ` ոչ: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է:

Գերմանը որոշել է եւ գնալու է մինչեւ վերջ` ընդհուպ դատական կարգով հարցը լուծելու: Իսկ մինչ այդ, եղել է արդեն ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացությունը, ըստ որի` այդ հրապարակմամբ խախտվել են եւ՛ օրենքի, եւ՛ էթիկայի պահանջները:

Արդեն չենք էլ զարմանում, որ այս կայքը բացարձակապես չի արձագանքում հեղինակի օրինական պահանջներին (այլ դեպքերում եւ այլ առիթներով եւս այդ կայքի ղեկավարությունը չի արձագանքել, ասենք՝ պատասխան կամ հերքում պահանջողներին): Սակայն մեզ զարմացնում է «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի (որի կազմում ընդգրկված է Blognews.am կայքը) ղեկավարության պահվածքը:

Այս՝ իրեն հեղինակավոր համարող մեդիա կազմակերպությունն ինչպե՞ս է իր շարքերում հանդուրժում ակնհայտ գրագողին եւ անգամ դիտողություն չի անում՝ պարտադրելով աշխատել օրինականության եւ էթիկայի սկզբուքներով: Հոլդինգի ղեկավարությունը համաձա՞յն է նման գործելակերպին:

Հարցերս հռետորական են:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?