Հայկական թեմայի վերակենդանացումը ռուսական մեդիայում

30.11.2015, Քննադատ

Մասնագիտությամբ՝ բանասեր, Աշխատել է «Անկախություն», «ԱՐ»,  «Շրջան», «Այժմ» շաբաթաթերթերում:

Պատասխան է պետք, բայց պատասխան չկա, որովհետև չկա քաղաքագիտական, դիվանագիտական ներուժ, որը կգտնի միակ ճիշտ վարքագիծն ու պատասխանը: Հայկական կողմը լուռ է

Մեկ կյանքի ընթացքում մի անգամ հասցնում ենք իմանալ պատմությունը: Պատահում է նաև այնպես, որ հասցնում ենք տեսնել, թե ինչպես է դա պատահել:

Մենք մեծացանք՝ հայ-թուրքական հարցը որպես կյանքի բաղկացուցիչ ունենալով: Կյանքի վաղ շրջանում մենք իմանում էինք, որ կատարվել է սարսափելին, հետո մեզ սովորեցնում էին, որ ռուսները մեր բարեկամներն էին ու մեզ փրկեցին, ապա հասկանում ենք, որ ինչ-որ տեղ լուրջ սխալվել ենք, ինչից հետո բացահայտում ենք, որ մեր ոխերիմ բարեկամը՝ եղբայրական ռուս ժողովուրդը, մեր հանդեպ անպարկեշտ է գտնվել:

Վերջին պատմական իրողությունը հայերի մեծ մասը հերքում է, ինչպես մարդու ուղեղը հերքում է ծանր լուրը առաջին մի քանի րոպեն:

Տարիներ շարունակ ապրիլի քսանչորսին հայ ժողովրդի գիտակից հատվածը հեռուստացույցից աղերսում էր մի բառ, մի կես բառ մեր մասին: «Վրեմյա»-ն լռում էր: Լռում էր դաժանորեն: Հետո խոսքի ազատության ակնթարթներում ռուսական լուրերը մեզ շնորհեցին աղերսվող երկու տողը: Մենք արդեն ուրիշ աղետ ունեինք ու դրանով չէինք ուրախանում:

Նոյեմբերի քսանվեցին ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» թոք շոուն նվիրված էր ռուս-թուրքական հարաբերություններին: Մասնակիցներից մեկը, որը հանրահայտ դեմք չէր, բայց մերձքաղաքագիտական էր, մեծ ապրումակցումով ասաց, որ Թուրքիան հարյուր տարվա ընթացքում հայերից ներողություն չի խնդրել դեռ, ուր մնաց՝ ռազմական ինքնաթիռի համար Ռուսաստանից ներողություն խնդրի:

Այն, որ թուրքերը հայերի առաջ մեղք ունեն գործած, ռուսական ալիքները հիշեցին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո: Հիշելուց բացի՝ ռուսական ալիքները ուղերձ են հղում Հայաստանին, որ չարժե մոռանալ այդ ողբերգական փաստը: Նրանք, հավանաբար, լավ տեղյակ չեն, որ դա միակ աղետն է, որի մասին հայերը ցանկության դեպքում անգամ մոռանալ չեն կարողանում:

Սակայն ռուսական լրատվամիջոցների այս հետևողական հիշեցումները ու Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների մեջ ներքաշելու փորձը հայ հեռուստադիտողի համար ոչ միանշանակ է ընդունվում: Պարզ պատճառով. հայերը Խորհրդային շրջանում տասնամյակներ երազել են, որ ռուսական կայսրության լրատվամիջոցները այս կամ այն առիթով հիշեն ու նկատեն իրենց, իրենց խնդիրներն ու ողբերգությունները:

Խորհրդային հայ ժողովրդի համար ամենաբաղձալի պահերից մեկը հայի անուն, հայի թեմա, հայկական հարցի որևէ` հեռվից, աննշան, ոչ ուղղակի հիշատակումն էր: Այս բաղձալի պահի ասոցիացիաները մնում են մինչ այսօր: Եվ լսելով ռուսական քաղաքական-հասարակական հաղորդումների ընթացքում իրենց մասին որևէ հիշատակում՝ առ այսօր հայ ոչ լուսավորված հեռուստադիտողը առաջին պահին բավարարված հպարտության վտանգավոր զգացում է ունենում:

Կախված գիտելիքների ու տեղեկացվածության աստիճանից ու այստեղից բխող արժանապատվության ունակությունից` հեռուստադիտողները բաժանվում են մի քանի մասի.

  • նրանք, ովքեր դեռ ուրախանում են՝ իրենց մասին հիշատակում լսելով,
  • նրանք, ովքեր գրագիտության բերումով տեղյակ են պատմական իրողություններին ու հասկանում են՝ ուր է տանում այս «սերն ու կարոտը» տասնհինգ եղբայրներից ամենաանտեսվողներից մեկի հանդեպ,
  • նրանք, ովքեր, ուղղակի վախենալով պատերազմական որևէ գործողության մեջ ներքաշվելուց, գերադասում են, որ իրենց մասին առհասարակ չխոսվի՝ մոռացումը որպես ապահովության երաշխիք համարելով:

Solovev-BagdasarovՎլադիմիր Սոլովյովը եւ Սեմյոն Բաղդասարովը
Կադր «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումից

Ռուսական «Россия 1» ալիքով «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումը, որը ամենադիտվող քաղաքական թոք շոուներից է, վերջին երկու հաղորդումների ընթացքում, մասնավորապես նոյեմբերի 26-ի երկմասանոց հաղորդման, մի քանի անգամ անդրադառնում է Հայաստանին, սիրիական կոնֆլիկտում հայերին ներգրավելուն և ղարաբաղյան հարցին:

Հաղորդման ընթացքում Սոլովյովը, շարունակելով Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի միտքը ռուսներին օգնելու ցանկության բացակայության մասին, ասում է. «Մենք պետք է ստեղծենք մեր կոալիացիան…կարծում եմ՝ հայերն ուրախությամբ կմասնակցեն»: Ինչին Բաղդասարովը պատասխանում է. «Հայերը պարտավոր են մասնակցել, Սիրիայի բնակչության 2,7 տոկոսը հայ են, ի՞նչ է, Հայաստանը չի՞ կարող այնտեղ ուղարկել մի բրիգադ, խորհրդատուների մի խումբ»:

Որին ի պատասխան Սոլովյովը շարունակում է. «Երբ «գորշ գայլերը» խցկվեցին Ղարաբաղ, այդ ժամանակ այնպիսի հակահարված ստացան, որ արագ հետ փախան»: Սոլովյովը գովաբանում է հայ զինվորի ուժը, կամքը, քաջությունը ու ասում այնպիսի չլսված մի նախադասություն, որը լսելու համար խորհրդային հայը կտար կյանքի մի մասը: Սոլովյովն ասում է. «Հռոմում պահպանված Մեծ Հայքի քարտեզը շատ երկրների կստիպի ծանր հոգոց հանել և մտածել»: Հայկական լսարանի մի հատվածին այս փառաբանումը կարող է իրականում շոյել: Սակայն տեղյակ ու գիտակից լսարանի համար այս գովաբանության վեկտորը հասկանալի է:

Նույն հաղորդման ընթացքում Ս.Բաղդասարովը առաջ է քաշում Ղարաբաղի թեման ու ասում. «Սիրիան Ղարաբաղի պատերազմի ժամանակ ռազմական օգնություն է ցույց տվել: Այնտեղ կռվում էին սիրիացի օդաչուներ, ոչ թե Սիրիայում ապրող էթնիկ հայեր, այլ սիրիացիներ»:

Այդ պահին հրավիրյալներից մեկն ընդհատում է՝ ասելով, որ Հայաստանը Ղարաբաղի խնդիր ունի, ու չարժե նրան ներքաշել այս կոնֆլիկտի մեջ, ինչին էթնիկ հայ Ս.Բաղդասարովը պատասխանում է չափազանց զայրացած. «Եթե մեկը քեզ օգնել է, դու պարտավոր ես օգնել, ոչ թե նստել ապահով ու ասել՝ «ես Ղարաբաղի խնդիր ունեմ», ու դադարեք խառնակչություն անել»:

Հերթական անգամ ձևավորվում է մեր կյանքի ճակատագրական եռանկյունին՝ Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան:

Պատասխան է պետք, բայց պատասխան չկա, որովհետև չկա քաղաքագիտական, դիվանագիտական ներուժ, որը կգտնի միակ ճիշտ վարքագիծն ու պատասխանը: Հայկական կողմը լուռ է:

Լուսինե Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?