3 թարմ հեռուստասերիալ՝ ըմբոշխնելու համար

28.11.2017, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստասերիալների քանակն ու որակն անընդհատ աճում է: Աշխարհում ամենապահանջվածը կինոնովելներն են, որոնք արդեն ոչ թե կապվում են հեռուստատեսության ցանցի հետ, այլ տարածվում ու վաճառվում են որպես ինքնուրույն ու ինքնաբավ միավորներ:

Արդեն կարիք չկա սպասել յուրաքանչյուր սերիային ու ուղորդվել ալիքների գովազդային քաղաքականությամբ: Սերիալները դիտվում են փաթեթով ու միանգամից՝ ցանկացած էկրանին:

Սերիալները վեպերի պես ամբողջական վիզուալ պատմություններն են, որի կանոններով էլ ծնվում, զարգանում ու ճյուղավորվում են:

Առաջարկում ենք կարճ ընտրանի այն սերիալների, որոնք նկարահանվել են 2017 թվականին ու անկախ իրենց ժանրից, աստղային կազմից ու ծախսված գումարից, կարելի է ըմբոշխնել:

Առաջնայինն այս ընտրանու մեջ պատմության կառուցվածքն է: Նաև այն փաստը, որ շատերը ստեղծվել են ոչ հեռուստատեսության պատվերով, ինչն արդեն ավելի ճկուն է դարձնում հեռուստանովելի ձևաչափը:

«Սպասուհու պատմությունը»  (Handmaid` s Tale , արտադրությունը Hulu-ի):

«Մենք ուզում ենք աշխարհն ավելի լավը դարձնել, բայց «լավ» չի նշանակում բոլորի համար լավ»,- այս խոսքերն ասում է ԱՄՆ-ի տարածքում ծնված տոտալիտար պետության հիմնասյուներից մեկը:

Եվ այդ խոսքերը շատ հետաքրքիր տեղավորվում են մեր ժամանակում, երբ իշխելու համար մանիպուլյացիայի են ենթարկվում բազային բնազդները՝  սեքսը, զենքը, կրոնը...

«Սպասուհու պատմությունը»  8-մասանոց դրամա է, որը ստեղծում է բոլորովին նոր ու անճանաչելի էմոցիոնալ ու ինտելեկտուալ իրականություն: Այդ պատմության-հեքիաթի հիմքում կնոջ մարմինն է, կեղծ բարեպաշտությունը ու պետության միլիտարիստական կառուցվածքը:

Այդ պետությունում արգելված են գրքերը (և ոչ միայն), իսկ կինը միայն «քայլող արգանդ» է (միայն ու միայն): Բնականաբար, բոլորը բոլորին հսկում ու վերահսկում են, քանի որ ցանկացած տոտալիտար համակարգ հենվում է վախի վրա:

Եվ ինչպես ցույց են տալիս թե՛ պատմությունը, թե՛ լավագույն գրական նմուշները, պետությունը ուզում է վերահսկել նաև անձնական կյանքն ու կառավարել սեռական հարաբերությունները:

Այդ մասին Ջորջ Օրուելը ակնարկել է «1984»-ում, երբ ամեն գնով աշխատում են սերն ու սեքսը բաժանել իրարից ու հստակ դասակարգել: Իսկ Օլդոս Հաքսլիի «Նոր չքնաղ աշխարհում» (1931) մեկ զուգընկեր ունենալը (սիրելը) հանցագործություն է: Սեքսն ընդունելի ու խրախուսելի է, սերը՝ ոչ:

Շատ հետաքրքիր «Մենք» հակաուտոպիայում, որը գրվել է Սովետական Միության արշալույսին (1920), բայց սովետական տարիներին այդպես էլ չի հրապարակվել, սեռական հարաբերությունները խստիվ վերահսկվում են: Կան հատուկ «սեքսուալ» ժամեր, երբ հատուկ կտրոններով ու համարներով պարտավոր ես կատարել նաև այդ պարտականությունը:

Եվգենի Զամյատինի այս վեպը առաջինն էր, որը անսխալ հոտառությամբ համարակալեց ոչ միայն մարդուն ու նրա երևակայությունը, այլև սեռական կյանքը:

Սերը մարդուն դարձնում է անկանխատեսելի ու երազող, իսկ տոտալիտար համակարգը ջանում է վերացնել այն ամենը, ինչը կանխատեսելի չէ:

Կանադացի գրող Մարգարեթ Էթվուդի «Սպասուհու պատմությունը» (1985) այդ հակաուտոպիաների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում: Այն գրված է որպես կնոջ օրագիր ու առաջարկում է ոչ թե սուզվել արդեն պատրաստի տոտալիտար պետության կառուցվածքի մեջ, այլ՝ քայլ առ քայլ վերլուծել սկզբում երկյուղած, բայց վերջում՝ անկասելի ճակատագրական փոփոխությունները:

Օրինակ, ինչպես է սովորական կյանք ներխուժում արտակարգ իրավիճակը, կասեցվում սահմանադրությունն ու իշխանությունը հանձնվում զինվորականներին:

Հետո արդեն հերթը հասնում է կնոջը:

Կնոջը միայն ծննդաբերելու ֆունկցիային հանգեցնելը, ընդ որում՝ դա հիմնավորելը Աստծո պատվիրաններով, նույնպես արվում է օգտագործելով վախն ու պսևդո-քրիստոնեությունը: Վախենում ես թե՛ Աստծուց, թե՛ զենքից: Ինչը մեծ հաշվով կարևոր չէ, կարևորը, որ վախենաս:

Մարգարեթ Էթվուդի վեպը էկրանավորվել է շատ նրբանկատորեն, ստացել արդիական հնչեղություն ու ձեռք բերել հավելյալ սյուժետային գծեր: Վեպում, օրինակ, բացակայում է փրկության ու ելքի մասին հուշումները, այնտեղ ամեն ինչ անզգայացած է: Իսկ հեռուստանովելում կա ելք ...

Արժի դիտել այս սերիալը ոչ միայն հետաքրքիր կառուցվածքի ու սեփական վախերը ընդունելու, այլև դերասանուհի Էլիզաբեթ Մոսսին տեսնելու համար:

«Ավելի տարօրինակ բաներ» (Stranger things,  արտադրությունը Netflix-ի)

«Ավելի տարօրինակ բաները» հետաքրքիր են առաջին հերթին որպես կոնցեպտ: Հեղինակները՝ Դաֆֆներ երկվորյակ եղբայրները, միտումնավոր որոշել են ստեղծել ոչ թե օրիգինալ բան, այլ օգտագործելով արդեն հայտնի իրավիճակները, ժանրերն ու տիպարները, համեղ ու հյութալի պատմություն պատմել:

Այս ռետրո-սերիալում թեմայի երկրորդականությունը ոչ թե կոծկվում է, այլ հպարտությամբ ու սիրով ընդգծվում:

Սա օմաժ է (ֆրանսերեն՝ homage) 1980-ականների մշակութային շերտին, կենցաղին, խաղերին ու սարսափներին: Այսինքն, այնպիսի արվեստի գործ է, որի հիմքում նմանակումն է, բայց նմանակումը՝ ամենայն հարգանքով ու բոլոր օրիգինալների հեղինակների նշումով:

1980-ականները սերիալի ամեն կադրում են՝ որպես հագուստ ու սանրվածք, ավտոմեքենաներ, կապի միջոցներ, երաժշտություն (Police, Bon Jovi, տարբեր սիրուն ռոքերներ), և իհարկե, գրականություն ու կինո (Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինից» մինչև Սթիվեն Քինգի գրեթե բոլոր վեպերն ու դրանց էկրանավորումները):

Սովորական ամերիկյան գավառական քաղաքում տեղի են ունենում տարօրինակ բաներ՝ գիտնականները գաղտնի փորձեր են դնում, երեխա է կորում, մռայլ շերիֆը անցնում է որոնումների, հայտնվում է գերբնական ուժով օժտված ճաղատ աղջիկը, հետո բացվում են զուգահեռ աշխարհի դարպասներն ու ներխուժում են զզվելի արարածները:

Եվ այդ ամենը տեղի է ունենում ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի պայմաններում, ընտանեկան նյարդային հարաբերությունների ֆոնին ու պատանեկության մաքսիմալիզմի հիացմունքով:

«Ավելի տարօրինակ բաները» պետք է դիտել ընտանիքով, հատկապես դեռահաս երեխաների հետ: Նախ՝ որովհետև հեռուստանովելում նրանց ծնողների պատանեկության նշաններ են, և հետո էլ՝ դա հիանալի օրինակ է ընկերության ու իրար նեցուկ կանգնելու:

Գլխավոր հերոսները չորս տղաներ են, որոնք այնքան տարօրինակ ու միայնակ են ընդհանուր ամերիկյան ստանդարտների ֆոնին, որ օրինակելի են միշտ: Իսկ երբ նրանց միանում է նաև գերաղջիկ Տասնմեկը, պատմությունն ընդհանրապես ստացվում է համեղագույն:

Պատանիներն այնքան լավն են ու ճանաչելի, որ նրանց գաղտնի հավաքները, խելացի զրույցները, սերը՝ կոմիքսների, ռադիոկապի ու գիտության հանդեպ, նրանց ունակությունը՝ բաց լինելու աշխարհի առջև, ավելի կարևոր են, քան սարսափազդու հրեշները, անպարկեշտ գիտնականները, զուգահեռ իրականություններն ու տարբեր այլ զզվելի բաները:

Երեխաները երեխաներ են խաղում, առանց ջղաձգումների ու ավելորդությունների (որոնցով, ի դեպ՝ լեցուն է սերիալի հիմնական աստղ, դերասանուհի Վայնոնա Ռայդերի կատարումը):

Իրականում, սերիալում ոչ մի տարօրինակ բան չկա, թեև հրեշների ու մուտանտների պակաս չի զգացվում: Հասկանում ես, որ սյուժեն թարմ չէ, պտույտները կանխատեսելի են, բայց նայում ես մեծ հաճույքով:

Շնորհիվ այն բանի, որ շտամպների ու իմիտացիայի հետևում անկեղծ հիացմունքն ու երախտագիտությունն է՝ տարօրինակ (բայց օրինակելի) պատանեկություն ունենալու շանսի համար:

«Տաբու», Taboo ( 2017, արտադրությունը BBC-ի)

Այս բրիտանական արկածային սերիալը առաջին հերթին հետաքրքիր է որպես հայացք՝ նետված պատմությանը: Սովոր ենք, որ դեպի դարերի խորքեր գնացող պատմությունը էկրանին ներկայացվում է կա՛մ ճշգրիտ լինելու ջանքերով, կա՛մ որպես թեթև ֆոն:

«Տաբուն» այլ ուղի է ընտրել: Դերասան ու պրոդյուսեր Թոմ Հարդին իր պատմական հեռուստանովելի հիմք է դարձրել մի մեծ խառնարան, որտեղ եփվում է կիրքը, համարձակությունը, միստիկան ու կեղտը: 1800- ականների սկզբին Անգլիան պարզապես ներծծված է կեղտով (թե՛ փոխաբերական, թե՛ բառի բուն իմաստով):

Գլխավոր հերոսը, որը համարվում էր կորած աֆրիկյան հեռուներում, վերադառնում է Անգլիա՝ ադամանդների թասակով, ծայրաստիճան սրված հոգեբանությամբ ու Արևելահնդկական ընկերությունից վրեժ լուծելու մոլուցքով:

Ինտրիգներ, կոռուպցիա, ժառանգության բաժանում, ընտանեկան ամոթալի գաղտնիքներ, վառոդի հայթայթում ու ստրուկների վաճառք . ահա այս պայթյունավտանգ խառնուրդին գումարվում է մանրամասն ցուցադրվող հակասանիտարական կենցաղը:

Հեռուստապատմության մեջ այնքան կեղտ (արյուն, քրտինք, աղբ, կղկղանք, ցեխ, թրիք) կա, որ դա այլևս գեղեցիկ է:

«Տաբուն» անգլիական թագավորության փայլին ու շքեղությանը հակադրում է նույնքան շքեղ աղքատությունը, թշվառությունը, մարգինալ կեցությունն ու տաբուացված կրքերը: Եվ դա անում է այնքան լավ ու համոզիչ, որ մի քանի մասերը դիտելուց հետո՝ դիտողը սուզվում է կախարդանքի մեջ:

Սյուժետային որոշ գծեր հիշեցում են հալյուցիացիաներ, մանավանդ, որ Թոմ Հարդիի հերոսը նաև կապված է ամերիկյան բնիկների ծեսերի հետ, իսկ որոշ գծեր ու հերոսներ՝ ուռճացված են երգիծանքով:

Բայց ամեն կադր այնքան գեղեցիկ ու մանրամասն է աշխատում, մշատապես քրտնած ու ցեխով պատված հերոսներն այնքան կոլորիտային ու առօրեկան են միմյանց սպանում, պայքարում, ծուղակներ սարքում ու ծուղակների մեջ ընկնում, որ տպավորություն է ստեղծվում, որ լրիվ նոր միջավայրում ես:

Եվ կարևոր է հիշել, որ այդ միջավայրը չի հավակնում լինել պատմականորեն ճշմարիտ, դա հիմքն է այն տեսակի վիզուալ պատմության, որը խարսխված է ռոմանտիզմի վրա:

Մարդկային թափոններով ու աղբով լեզուն միջավայրը կրկնակի ռոմանտիկ է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?