2019.07.02,

Ստուգված է

Հունիսի 15-30 շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Հունիսի երկրորդ կեսին լրատվամիջոցները հրապարակեցին ու վերատպեցին կեղծ լուրեր ամենատարբեր թեմաներով՝ Համահայկական խաղերից մինչև եկեղեցում սգո արարողություններ։ 

Կեղծ պնդումներ արդարադատության նախարարի բիզնեսի մասին

 «Ժամանակ» թերթը Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի բիզնես կապերի մասին լուր հրապարակեց, պնդելով, որ Բադասյանը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է»: 

Թերթը նաև հավելեց, որ «արդարադատության նախարարությունը մշտապես համագործակցել է «Կոնցեռն դիալոգ»-ի հետ և «ամենայուղոտ» գործերը «պաս» տվել հենց Քոչարյանի փաստաբանի ընկերությանը»:

Պնդումներից ոչ մեկը չէին ուղեկցվում ապացուցող որևէ փաստաթղթով կամ տեղեկության աղբյուրով։ 

Արդարադատության նախարարությունից հերքեցին․ Բադասյանի բաժնեմասը «Կոնցեռն դիալոգ» ընկերությունում վաճառված էր դեռ 2018-ի մայիսին։ Հերքվեց նաև «յուղոտ» գործերը «պաս» տալու մասին պնդումը․ ընկերությունը ոչ թե ուղղակիորեն համագործակցում է նախարարության հետ, այլ հանդիսանում է դատական գործերից մեկում Հայաստանի շահերը պաշտպանող միջազգային ընկերության՝ դրա իսկ կողմից ընտրված տեղական ենթախորհրդատու։   

Զորաց քարերը աստղադիտարան չեն

Հունիսի 20-ին Livenews.am կայքը գրեց, որ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող պեղումների ընթացքում «ոտնձգություն» է արվել հնավայրի դեմ՝ այն ներկայացվել է ոչ որպես աստղադիտարան։ Հոդվածի հեղինակը վկայակոչել էր Քարահունջը որպես աստղադիտարան դիտարկող կառավարության որոշումը, որը, սակայն, ուժը կորցրել է 2017 թվականին։  

Զորաց քարերի՝ աստղադիտարան լինելու վարկածը հերքվել է դեռ մի քանի տարի առաջ։ Media.am-ն ուսումնասիրել է թե ինչպես է առաջ քաշվել և ինչու չի հաստատվել հուշարձանի աստղադիտարան լինելու պնդումը։

Livenews.am-ը նաև գրել էր, որ պեղումների ընթացքում օրենքներ են խախտվել, բայց չէր մանրամասնել, թե ինչպես և ինչ օրենսդրական դրույթներ են խախտվել։ 

Տեխնոգեն աղետ չի սպասվում

Հունիսի 22-ին «Ժամանակ» թերթը զգուշացրել էր․ Երևանին սպասվում է «տեխնոգեն աղետ»։ Թերթը պնդում էր․ «Ըստ մասնագիտական գնահատականների՝ յուրաքանչյուր պահի մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որեւէ հատվածի ասֆալտի միջից»: Պատճառը, ըստ հեղինակի, չնորոգված ռելսերն են։

Թերթը չէր մեջբերել մանրամասներ «մասնագիտական գնահատականների» վերաբերյալ։ 

Նույն օրը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն տարածեց, հորդորելով խուճապ չառաջացնել․ ռելսերը ստուգվում են և վերանորոգվում նույնիսկ ամենափոքր խնդիրների դեպքում։ Մետրոպոլիտենից նաև նշեցին, որ գնածքները երթևեկում են 70 մետր խորության վրա և դժվար թե դուրս գան ասֆալտի միջից։ 

Երեք կեղծ լուր Համահայկական խաղերի մասին

«Ժամանակ» թերթը միանգամից երեք կեղծ լուր հրապարակեց օգոստոսի 6-ին Արցախում մեկնարկող Համահայկական 7-րդ խաղերի մասին։ Թերթը գրեց, որ Վրաստանը և Թուրքիան արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել Արցախ, բայց չբերեց որևէ ապացույց կամ աղբյուր։ Երկու շաբաթ անց, թերթը նոր լուր հրապարակեց, ըստ որի Իրանը նույնպես հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Արցախ Ադրբեջանի հարաբերությունները չփչացնելու համար։ 

Այս լուրը հերքեց Համահայկական խաղերի լրատվական ծառայությունը, նշելով, որ Իրանի պատվիրակությունը ամենամեծերից մեկն է։ 

Թերթի՝ Համահայկական խաղերի մասին հրապարակումներում շահարկվեց նաև Ռոբերտ Քոչարյանի անունը։ Ըստ թերթի՝ Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն կոչ էր արել, որպեսզի երեք նախագահներն էլ մասնակցել խաղերի բացմանը Ստեփանակերտում։ Թերթը եզրակացնում էր, որ ամեն ինչ արվում է «Քոչարյանին միջոցառմանը բերելու» համար: 

Այս անգամ ևս պնդումը ապացուցող որևէ տեղեկություն չէր ներկայացվել։ Լուրը նորից հերքեցին, պարզաբանելով, որ որևէ նման կոչ չէր արվել։  

Մեկ ֆեյսբուքյան գրառում՝ մի քանի կեղծ հաղորդումներ

Միանգամից մի քանի լրատվականներ հաղորդեցին, որ «այս տարվա հոկտեմբերին ազատության մեջ կհայտնվի մարդասպան Նաիրի Հունանյանը»։ Լուրի միակ աղբյուրը ֆեյսբուքյան գրառումն էր, որը օգտատեր Նարեկ Մալյանը արել էր, սխալ մեկնաբանելով քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ 

Մալյանը գրել էր, որ «ազատազրկված մարդասպանները կարողանան բաց ռեժիմի անցնեն, այսինքն դուրս գան բանտերից»: Նրա միտքը նույնությամբ վերատպվել էր լրատվամիջոցներում, մինչդեռ այն կեղծ տեղեկություն էր հայտնում․ բաց ռեժիմի անցնելը բոլորովին չի նշանակում ազատ արձակվել։ Նոր օրենքը սահմանում է, որ պատիժը կրելուց առնվազն 20 տարի անց դատապարտյալը կարող է անցնել բաց ուղղիչ հիմնարկ, ինչը ենթադրում է ավելի ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ ուղղիչ հիմնարկի տարածքում։ 

Media.am-ը մանրամասն անդրադարձել է թեմային։ 

«Սահմռկեցուցիչ» I love Abovyan ցուցանակը

Մի քանի լրատվականներ վերատպեցին նույն կեղծ լուրը այն մասին, որ Կոտայքի մարզպետը քրեական գործ է հարուցել Աբովյանի քաղաքապետի դեմ՝ քաղաքում դրված I love Abovyan ցուցանակի պատճառով: Հրապարակումներում խոսվում էր «Լեզվի մասին» օրենքի խախտումից, իսկ նշված ցուցանակը անվանվում էր «սահմռկեցուցիչ»։

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվականներից պահանջեց հերքել լուրը․ որևէ նման քրեական գործ Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված չէր։ 

Չհիմնավորված պնդումներ «Զվարթնոց-Թբիլիսի» ավտոբուսի մասին

Հունիսի 26-ին միանգամից մի շարք լրատվականներ հաղորդեցին, որ Զվարթնոց օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի կկիրառվի՝ Վրաստանի իշխանությունների կողմից։ 

Բոլոր լուրերը հիմնված էին «Ժամանակ» թերթի «Անվճար ավտոբուսային երթուղի՝ «Զվարթնոց»-ից մինչև Թբիլիսի» հրապարակման վրա, որը տեղեկության ոչ մի աղբյուր չէր նշում։ 

Հրապարկումից մեկ շաբաթ անց չհայտնվեց ոչ մի պաշտոնական հաղորդում կամ որևէ հավելյալ տեղեկություն։ 

Սգո արարողությունները չեն արգելվի

Հուլիսի 18-ին լրատվամիջոցները հայտնեցին, որ կաթողիկոսը համաձայնվել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողությունները՝ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ հանդիպման արդյունքում։

Լուրը տարբեր կայքերում հայտնվեց նույն վերնագրով՝ «Վահե Էնֆիաջյանը Գարեգին Բ-ին առաջարկել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողությունները. Կաթողիկոսը համաձայնել է»։ 

Մայր Աթոռից հերքեցին լուրը․ սգո արարողությունները չեն արգելվի, դրանք ծիսակարգի կարևոր մաս են։ 

Էնֆիաջյանը հանդիպման ժամանակ կաթողիկոսին հայտնել էր եկեղեցիների մոտակայքում բնակվողների կողմից բարձրաձայնվող խնդիրը։ Էնֆիաջյանի խոսքով, կաթողիկոսը «տեղեկացված էր այդ խնդիրներից և ունի ցանկություն դրանց լուծումներ տալու»։ Սակայն որևէ արգելք կամ այլ որոշում չկա։ Էնֆիաջյանը նշել էր նաև, որ լրատվամիջոցները փորձել են ենթատեքստից դուրս «շատ սուր վերնագիր ընտրել»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *