2019.07.21,

Ստուգված է

Երբ «ԻՄ ՔԱՅԼԸ» «Իմ Քայլը» չէ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Լուրը, թե «Իմ Քայլը» դաշինքի ֆեյսբուքյան էջում հարցում է անցկացվում Երևանում հանրային տրանսպորտի գնի հնարավոր բարձրացման հետ կապված, ոչ այնքան ճշմարիտ է: Ասել է թե, հարցումը կա, էջն էլ, բայց էջը պաշտոնականը չէ:

Լուրի աղբյուրը

ֆեյսբուքյան «ԻՄ ՔԱՅԼԸ»-ը անունով էջը հուլիսի 19-ից սկսած հարցում է իրականացնում Երևանի հանրային տրանսպորտի գնի թանկացման հետ կապված:

«Որքան ե՞ք պատրաստ վճարել նոր բարելաված երթուղայիններից օգտվելու համար» հարցին ի պատասխան տրված է 2 տարբերակ` 150 դրամ ու 200 և ավել:

Հարցմանը, այս հոդվածը գրելու պահին (16:00, 21 հուլիսի, 2019թ.) մասնակցել է մոտ 1700 օգտատեր, որոնցից 78%-ը կողմ է եղել 150 դրամ տարբերակին: Գրառումը ունի 191 արձագանք, 422 մեկանաբանություն, որոնցում օգտատերերը հիշեցնում են քաղաքապետ Հայկ Մարությանին, որ ինքն անձամբ է պայքարել տրանսպորտի գնի թանկացման դեմ: 

Քաղաքապետին սրա մասին միայն օգտատերերը չէին հիշեցնում: Ոչ պաշտոնական էջի խայծը կուլ էին տվել նաև մի քանի լրատվամիջոցներ. 

Տարածողները

Հուլիսի 20-ին հարցման մասին գրեց hraparak.am-ը` «Հարցման արդյունքներով 80%֊ից ավելին կողմ է 150 դրամին»: Նյութի հեղինակը անդրադառնում է նաև հարցման մեկնաբանություններին. «Օգտատերերն այսօր արդեն քաղապետ Հայկ Մարությանին հիշեցնում են, որ ժամանակին ինքն է պայքարել տրանսպորտի թանկացման դեմ, ապա մի շարք օգտատերեր նշել են, որ նոր երթուղայինների համար ցանկանում են վճարել 100 դրամ»։

Լուրն ամբողջությամբ` առանց հեղինակած կայքին հղում տալու վերատպում են slaq.am-ը, imedia.am-ը:

Նույն էջի նաև նախորդ օրը` հուլիսի 18-ին սկսած հարցմանն էլ անդրադառնում է panorama.am-ը. «Ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջը, որն ակտիվորեն տարածում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, երբեմն նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին դրական ու պաշտոնական տեղեկատվություն, վերջին օրերին օգտատերերի շրջանում հարցումներ է անցկացնում հասարակական տրանսպորտի բարելավման ու դրա թանկացման մասին։ Ըստ երևույթին, հասարակության տրամադրություններն  են ստուգում։ Իսկ դրանք թանկացնելու մտադրություն ունեցողների համար հուսադրող չեն, սթափեցնող են»։

Այս լուրը վերատպել է top-news.am-ը։

Լուրի մասին գրառում է անում նաև Հանրային Ռադիոյի նախկին փոխտնօրեն, «Քառյակ Մեդիա»-ի թիմի անդամ ու «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը: Գրառման մեկնաբանություններում Հարութ Ղուկասյան օգտատերը գրում է, թե չարժե «ֆեյք էջի կատարած գրառմանը սենց լուրջ վերաբերվելը», ինչին գրառման հեղինակը այսպես է պատասխանում` «շատ հարմար հնարք է կիրառվում. հարցում դնենք, ֆբ էջով պտտենք, վատ արձագանք լինի՝ կասենք ֆեյք ա, լավ արձագանք լինի՝ կասենք տեսեք հարցման ինչ լավ արդյունքներ են։ Ձեռի հետ էլ մարդկանց ամոթանք կտանք՝ թե բա ֆեյք էջ ա, ինչ եք տարածում..»: 

Նաև նա հարց է բարձրացնում, թե ինչպես կարող են ապացուցել, որ ֆեյք էջ է, ավելին, ասում է, որ իրական էջը պետք է verified լինի և ունենա կապույտ տարբերակիչ նշանը:

Արձագանքը

Հարցումը սկսելուց 2 օր անց` հուլիսի 21-ին ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ` Լիլիթ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է հարցումը տարածող,  «Իմ Քայլը» դաշինքի անունից հանդես եկող էջի մասին.

«Դեռ սեպտեմբեր ամսից անընդմեջ փորձել ենք էջի օգտատիրոջ հետ բանակցել, որպեսզի էջի անվանումը փոխի, կամ գոնե ավելացնի, որ ոչ պաշտոնական ինֆորմացիա է տարածում, բայց Arman Hambardzumyanը (էջի ադմինը) ոչ մի տարբերակում չհամաձայնեց, և շարունակում է պարբերաբար հանրության մեջ թյուր կարծիք ձևավորել՝ էջում հրապարակելով կասկածելի հարցումներ, ոչ օրակարգային հարցեր, կեղծ լուրեր, որից իհարկե օգտվում են մի քանի լրատվամիջոց և կեղծիքի սիրահարները»:

Ինչպես տարբերակել կեղծ և իրական էջերը

Իմ քայլը անունն ունեցող պաշտոնական` «Իմ Քայլը» և ոչ պաշտոնական` «ԻՄ ՔԱՅԼԸ» էջերի օրինակով դիտարկենք, թե ինչպես կարելի է տարբերակել պաշտոնական և ոչ պաշտոնական էջերը Ֆեյսբուքում.

  1. Verified նշանը սոցցանցերում թույլ է տալիս հեշտ ու արագ հասկանալ, որ գործ ունենք որևէ անձի, ընկերության, մեդիա ներկայացուցչի պաշտոնական էջի հետ: Այս դեպքում գործը բարդանում է. երկու էջերն էլ չունեն կապույտ տարբերակիչ նշանը:

  1. Անվան գրությունը. իրական և կեղծ էջերը հնարավոր է ունենան նույն անվանումը, սական երբեմն կեղծ էջի դեպքում հնարավոր է լինի գրության, մեկ տառի տարբերություն: Նման կեղծ կայքի օրինակը ունեցանք այս տարվա ապրիլին: Իսկ այս էջերի դեպքում անվանումը նույնն է, գրության ձևը` տարբեր:

  1. Էջի հետևողների թիվը կարող է հուշող լինել:  Այս դեպքում ակնհայտ մեծ տարբերություն կա երկու էջերի միջև. «Իմ Քայլը» պաշտոնականն ունի շուրջ 37.000, «ԻՄ ՔԱՅԼԸ»  ոչ պաշտոնականը` շուրջ 16.000 հետևող։

  1. Էջի թափանցիկությունը. Ֆեյսբուքի Տեղեկություն` About բաժինը շատ բան կհուշի.

  • եթե բացակայում են կոնտակտային տվյալները` հեռախոսահամար, հասցե, էլ. հասցե, կայք, իսկ առկայության դեպքում կասկածելի են թվում,
  • եթե բացակայում է կազմակերպության և դրա գործունեության նկարագրությունը,

ապա հավանականությունը մեծ է, որ էջը պաշտոնական չէ: 

Այս դեպքում «ԻՄ ՔԱՅԼԸ» էջը, ի տարբերություն մյուսի, չունի կոնտակտային տվյալներ, իսկ Story բաժնում նշված է` «Իմ Քայլը Դաշինքի Համակիր Էջ»: 

  1. Ստեղծած և տարածած բովանդակությանը ևս պետք է ուշադրություն դարձնել, հասկանալ, թե ինչքանով է ակտիվ, ինչքանով է տարածվող բովանդակությունը արժանահավատ, գործունեությանը համապատասխան: «ԻՄ ՔԱՅԼ»-ի դեպքում բովանդակությունը բավական խայտաբղետ է, այստեղ կարող ես գտնել օրինակ օրվա կադր, սոցիալական գովազդ-ակցիա, սև հումոր և այլն: Նույնը չենք կարող ասել մյուս էջի մասին, որտեղ ամբողջությամբ դաշինքին առնչվող  պաշտոնական տեղեկատվություն է:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *