«Շանթ»-ն ու «Արմենիա»-ն չեզոք են․ մշտադիտարկում

04.12.2018, Ընտրություններ 2018

Լրագրող

Քաղաքական դաշտն ամենաինտենսիվը լուսաբանել է Հանրային հեռուստաընկերությունը, ամենահազվադեպը՝ «Շանթը»։ Այս մասին ասվում է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) ՝  նոյեմբերի 9-25-ն ընկած ժամանակահատվածի հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության մեջ։

ԵՄԱ-ն շարունակում է մշտադիտարկել վեց վերգետնյա հեռուստաալիքների՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք (Հ1), «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական Երկրորդ հեռուստաալիք (Հ2) և «Շանթ», լրատվական և քաղաքական ուղղվածության հիմնական հաղորդումները, ինչպես նաև պարբերաբար ռեյտինգային բարձր տեղեր զբաղեցնող երկու առցանց լրատվամիջոցների՝ News.am-ի բոլոր նյութերը և 1in.am-ի՝ պրայմ-թայմի բանավիճային քաղաքական տեսահաղորդումները։

Հետազոտված հեռուստաալիքների անդրադարձներում ամենամեծ ուշադրությանն արժանացել են վարչապետի պաշտոնակատարը և կառավարությունը: Պատկերը նույն է News.am-ի դեպքում:

Միայն 1in.am-ում է լուսաբանման ինտենսիվությամբ առաջին տեղում եղել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):

Բոլոր քաղաքական ուժերից ՀՀԿ-ն ամենաշատն է լուսաբանվել թե՛ հեռուստաեթերում՝ հանրագումարով, թե՛ առցանց ԶԼՄ-ներում:

Ամենաքիչը հեռուստաեթերում եղել են «Ազգային առաջընթաց», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական և «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները։

«Ազգային առաջընթացը» նույն ցուցանիշով վերջին տեղում է եղել առցանց լրատվամիջոցներում:

ՀՀԿ-ն լուսաբանման ինտենսիվությամբ առաջատար չի եղել միայն «Կենտրոնում» և «Երկիր Մեդիայում»։ Այստեղ առաջատարներն էին համապատասխանաբար՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն (ԲՀԿ) ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ):

Ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից և 2 դաշինքներից լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ ամենաշատն անդրադառնում են ՀՀԿ-ին, «Իմ քայլը»-ին, որոնց մեծ տարբերությամբ հաջորդում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացնում է մշտադիտարկված  լրատվամիջոցների նշանային բնութագրիչներ՝ դրական և բացասական անդրադարձները։ «Երկիր Մեդիայի» եթերում բացարձակ դրական անդրադարձներ են եղել ՀՅԴ-ին, իսկ «Կենտրոնի» եթերում՝ ԲՀԿ-ն։

Լուսաբանման չեզոքության առումով առաջատարներն են «Շանթ»-ն ու «Արմենիա»-ն։

Առցանց լրատվամիջոցներից չեզոք անդրադարձների ամենափոքր տոկոսը՝ 60.5%, արձանագրվել է 1in.am-ում և 87.9%՝ News.am-ում:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ եթե մինչև պաշտոնական քարոզարշավը լրատվամիջոցներում առկա էր քաղաքական կուսակցությունների լուսաբանման տարբերություն, ապա նոյեմբերի 26-ից սկսած հեռուստաընկերությունները աշխատում են հավասարություն պահել։

Նավասարդյանը եթերում ՀՀԿ-ի ակտիվ լուսաբանումը չի պայմանավորում այդ կուսակցության ֆինանսկան հնարավորություններով ու լրատվամիջոցների սեփականատերերի հետ կապերով։

«Որոշ ֆինանսական հոսքեր կարող են դերակատարություն ունենալ, սակայն ՀՀԿ-ի ակտիվ լուսաբանման վրա ազդեցություն է թողել նախ այն, որ հայտնի դեմքեր են, որոնց նկատմամբ ամեն դեպքում հետաքրքրությունը բնական է: Եվ երկրորդ՝ այն բովանդակությունը, որն իրենք այս քարոզարշավի ժամանակ առաջարկում են՝ սուր, ագրեսիվ։ Սա միշտ էլ լրատվամիջոցներին գրավում է»,-ասում է նա։

Ինչ վերաբերում է Հանրայինի աշխատանքին, ապա, ըստ Նավասարդյանի, եթե մայիսի 8-ից հետո Հանրայինի եթերից ոչինչ չէր հասկացվում, բացի այն, որ իշխանություն է փոխվել, նախընտրական շրջանը ցույց տվեց, որ որոշակի փոփոխություն կա նաև այդ պատկերացումների մեջ։

«Պաշտոնական քարոզչության շրջանում կարելի է ասել, որ Հ1-ի համար իշխանություն չկա։ Կան քաղաքական ուժեր, որոնք մրցակցում են հավասար դաշտում»,-ասում է նա։

Մամուլի ակումբը նոյեմբերի 26-ից մշտադիտարկման է ենթարկում նաև մարզային 7 հեռուստաալիքներ։

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?