Ցանցային լրատվամիջոցները կրկին հաղթում են հեռուստատեսությանը

02.11.2011, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Եղբայրս զանգահարեց: Ինտերնետի հետ տեխնիկական խնդիրներ ուներ եւ չէր կարողանում ստուգել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը: Ցանցային լրատվամիջոցները գրել էին խորհրդարանի խոսնակի հրաժարականի մասին, ներկայացրել էին ՀՀԿ մամուլի խոսնակի մեկնաբանությունը: 

Արդեն ժամը 23:30-ն անցել էր: Չեմպիոնների Լիգայում Բարսելոնայի հերթական հանդիպումն էր, մեկ էլ Google չաթով գործընկերս՝ Արթուր Պապյանն է գրում: Հարցնում է՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին լուր հեռուստատեսային եթերում տեսե՞լ ես: 

Թերթում եմ ալիքները. Ֆուտբոլ, գեղարվեստական ֆիլմերի փունջ, սերիալներ, երաժշտություն... Արմնյուզով վազող տողով կարդում եմ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մտադրության մասին լուրը: Էլի վատ չէ: Վազող տողը փրկություն է, փաստորեն:

Հեռուստատեսային լրատվական հիմնական թողարկումները եթեր են հեռարձակվում 20:30-ից 22:00 սահմաններում. Հովիկ Աբրահամյանի մասին լուրը ստացվել է այն պահին, երբ արդեն եթերում սերիալների ժամն է եղել: Տեսականորեն միայն հ2-ի Լրաբերն էր, որ հեռարձակվում է 23:00-ին եւ կարող էր հաղորդել Սահմանադրությամբ երկրի երկրորդ պաշտոնյայի հրաժարականի լուրը: 

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դեպքում էլ, ինչպես Վանի երկրաշարժի ժամանակ էր, հեռուստատեսային լուրերը պարտվեցին ցանցային լրատվամիջոցներին: Երկրաշարժը կիրակի էր, Աբրահամյանի հրաժարականը՝ ուշ երեկոյան: Երկու դեպքում էլ լուրը պետք էր հաղորդել այն պահին, երբ հեռուստեսային լրատվականի լրագրողները, սովորաբար, աշխատանքի վայրում չեն լինում: 

Քիչ թե շատ արտակարգ պայմանների համար հեռուստատեսային լուրերի խմբագրությունների աշխատանքը հարմարեցված չէ: Իսկ ցանցային լրատվամիջոցները իրար հետ խիստ մրցակցության մեջ են եւ շատ դեպքերում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: 

Եթե թերթի կամ օնլայն լրատվամիջոցի լրագրողը կարող է ժամերով սպասել իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի ավարտին եւ ԱԺ խոսնակի լուրը հաղորդել իր սպառողին, ինչու՞ նույնը չեն կարող անել հեռուստալրագրողները: 

Գեղամ Վարդանյան
P.S. Հոդվածը տեղադրել էի, երբ սկսվեց 2:15 հեռարձակվող Հայլուրի թողարկումը: Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին ոչ մի խոսք...

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?