Հարկերի թեման մեդիայում շրջանառելը ևս բեռ է

19.11.2018, Քննադատ

Լրագրող

Արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկումն օրվա թեման էր: Առավոտյան տարածվեց կայքերում, քննարկվեց սոցիալական մեդիայում, սուր արձանգանքներ ստացավ, իսկ օրվա ավարտին համարվեց փակված: Առնվազն ժամանակավորապես։

Օրվա թեմա դարձավ ուրբաթ օրվա՝ նոյեմբերի 16-ի հոդվածը։ Ռադիոլուրի հետ զրույցում ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանն ասել էր, որ գաղափար կա, որ 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիները եկամուտների պարտադիր հայտարարագիր ներկայացնեն: Սակայն հոդվածը սոցիալական մեդիայի քննարկումների հիմնական թեմա դարձավ նոյեմբերի 19-ին։

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,- ասել էր Անանյանը։

Կայքերը, հղում անելով սկզբնաղբյուրին, այսօր առավոտյան տարածեցին նորությունը: Տնտեսական թեմաներով մասնագիտացած կայքերը կամ չարձագանքեցին կամ ավելի ուշ արձագանքեցին, երբ թեման արդեն պաշտոնական աղբյուրներից պարզաբանվել էր:

Ծուխը կայքերից անցավ ֆեյսբուք և կրակ դարձավ: Oգտատերերը գրեցին, որ անհեթություն է կրկնակի հարկել մարդկանց և հարկել հատկապես այն եկամուտները, որոնց ծագման համար Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի արել:

Թեման միգուցե մի քանի օր քննարկվեր և այլ զարգացում ունենար, եթե Անանյանը չշտապեր անձամբ ճեպազրույցով պարզաբանել իր խոսքերը:

Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում Անանյանը կրկին պնդում էր, որ դա ընդամենը գաղափար է և պետք չի գոյություն չունեցող հարցի շուրջ լուրջ հանրային քննարկում ծավալել։ Ավելին, համոզված էր, որ իր ասածներն աղավաղել են:

Դրսում աշխատած գումարները օրենքով հարկելու քննարկումները նոր չեն: Անանյանն ասում է, որ 20 տարի է օրենքը տալիս է հնարավորություն հարկելու այս եկամուտը, սակայն գործնականում այն չի կիրառվում։ Ընդ որում, ոչ թե արտագնա աշխատողներն են հայտարարագրելու իրենց եկամուտը, այլ ինքնաշխատ համակարգերն են դա անելու:

Ամեն տարի հարկային մարմինը հայտարարագրով գնալու է ֆիզիկական անձանց մոտ՝ պարզելու նա ստանում է այդ եկամուտը, թե՝ ոչ: Ֆիզիկական անձը կարող է և բացասական պատասխան տալ: Այստեղ պետք կգան ID քարտերը, որոնք կօգնեն թափանցիկացնել մարդկանց կողմից տնօրինվող եկամուտները: Այսինքն, գնումների ժամանակ պարզ կդառնա, թե քաղաքացին ինչքան գումար ունի և այս անկեղծության համար իր կատարած առևտրի 1-3 տոկոսի չափով կստանա հետվերադարձ: 

Ապագայի այս գաղափարը, որը կարող է և կյանքի չկոչվել կամ մի քանի անգամ ձևափոխվել, քննարկման զգայուն և վտանգավոր թեմա է դառնում մի իրավիճակում, երբ նոր կառավարությունը գնում է ընտրությունների և մարդկանցից տնտեսական բարեփոխումների համար քվե ակնկալում:

Դավիթ Անանյանը կառավարությունում նորեկ չէ և փորձով գիտի շփոթվելու գինը, այն էլ նման իրավիճակում, երբ տրանսֆերտը երկրի տնտեսության քաշող անիվներից մեկն է: Թիրախում մեծամասամբ միջին և միջինից ցածր խավն է:

Նա, հավանաբար, հետևելով նախկին գործընկերների գործելաոճին, ուզում է հասարակության տրամադրությունները ստուգել: Կարիք կա պարզելու ու ստուգելու մարդկանց արձագանքը, երբ խոսքը ռեֆորմների, այս դեպքում՝ ցավոտ հարկային փոփոխությունների մասին է:

Ընտրություններից առաջ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը շատ կարևոր են, որպես կանոն, ընտրության արդյունքների համար որոշիչ: Պարզ է, որ ծրագրերը կարող են իրականանալ այն դեպքում, երբ կա հարկային մուտքերը ավելացնելու մեխանիզմ:  

Երբ արդեն ամեն ինչ պարզ դարձավ ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում, մեկ այլ պաշտոնյա՝ նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, ֆեսյբուքում գրառում արեց՝ ըստ էության փակելով թեման․ հայտարարագրման համակարգը կարող է Հայաստանի համար արդյունավետ գործիք դառնալ, սակայն այս պահին նման առաջարկ ներկայացնելն առնվազն ժամանակավրեպ է:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հետևում էր թեմային. «Ես տեղեկացա, որ հանրությունը մանրամասն քննարկում է այսպես ասած «խոպանչիներին հարկելու» նախաձեռնությունը։ Ես ուզում եմ ընդգծել, որ առանց լայն համաձայնության՝ որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու, ես դա բացառում եմ»։ 

Անանյանն անձամբ խոստովանեց, որ բեռն իր վրա է վերցրել: Թեման մեդիայով շրջանառելու պատասխանատվությունը ևս բեռ է:

Գայանե Ասրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?