Փոփոխվող հեռուստատեսային դաշտ

26.01.2012, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Արդեն կարելի է ասել, որ Հանրային հեռուստատեսությունը Հայաստանում ամենաազդեցիկը չէ: 

«Հ1»-ը վերանվանվեց «Առաջին ալիքի» ու սահուն կորցրեց առաջատարի դիրքերը: Հանրային հեռուստատեսության հին ու նոր աշխատակիցները խմբով կամ հատիկ-հատիկ տեղափոխվում են այլ ալիքներ՝ գերազանցապես  Panarmenian Media Holding վերանվանված CS Media Holding: 

Panarmenian Media Holding-ում ընդգրկված է երեք հեռուստաընկերություն՝ «Արմենիա TV», «Արմնյուզ» եւ ATV: 

«Արմնյուզ»-ում հավաքվել են Հ1-ի եթերից ծանոթ շատ դեմքեր՝ Արտակ Ալեքսանյանի «Բանաձեւը» գրեթե ամբողջ կազմով, «Հայլուրը» վարող Սոնա Թորոսյանը: «Արմենիա TV»-ում է «Հայլուրի» մեկ այլ վետերան՝ Արտակ Հերիքյանը: Panarmenian Media Holding-ում են Հ1-ից հայտնի եւ տարբեր տարիների այնտեղից հեռացած մենեջերներ ու պրոդյուսերներ՝ Դավիթ Ավետիսյանը, Հրաչ Քեշիշյանը, Ռուբեն Մուրադյանը: 

«Առաջին ալիքը» մնում է «Երգ երգոցի», նորաստեղծ «Ազատ գոտու», թուլացած «Հայլուրի» եւ հեռուստասերիալների հույսին: 

Նորացված միավորման անվանումը՝ Panarmenian, ինքնին խոսում է հավակնությունների մասին (հոլդինգի կազմում ռադիոն էլ վերանվանվել է ArmRadio, ճիշտ այնպես, ինչպես ինտերնետում Հանրային ռադիոյի հասցեն է):

Ընդ որում՝ Panarmenian Media Holding-ի դրոշի տակ միայն «Առաջին ալիքի» կադրերը չէ, որ հավաքվում են: Փորձ է արվում մեդիա դաշտում հայտնիներին ու հեռանկարայիններին, երիտասարդներին, տաղանդավորներին ու աշխատասերներին հավաքել հոլդինգի միավորներում: 

Ըստ երեւույթին, խնդիրը Հանրայինը թուլացնելը չէ: Խնդիրը հեռուստադիտողին նոր սերնդի, տիպի հեռուստատեսություն հրամցնելն է: Այնպիսի հեռուստատեսություն, որն առնվազն ավելի դուրեկան լրատվություն կունենա, քան արդեն կանխատեսելի ու անվստահելի դարձած «Հայլուրը»: 

Ենթադրում եմ, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունները կլինեն փորձարկում, երբ հեռուստատեսությամբ նախապես հաստատված ռազմավարությամբ, մարտավարությամբ, ձեւերով ու չափաբաժնով տեղեկատվություն հաղորդելու պարտականությունը կատարող ծանր հրետանին Հանրային հեռուստստեսությունը չի լինի: Panarmenian Media Holding-ը եւ իհարկե «Շանթ TV»-ն պատրաստ են այդ դերը վերցնել: 

Ընդ որում՝ տեղեկատվությունն էլ Հայաստանի հեռուստադիտողին սովոր հայլուրական ծանր քարոզչության կանոններով չի լինի: Ասենք՝ «Արմնյուզ»-ը, ինչպես «Բանաձեւ»-ի ժամանակ սովոր էր աշխատել ինֆոթեյմենթի ժանրում, այդպես էլ աշխատում է: Եթերում է այն, ինչ կատարվում է եւ հետաքրքիր է մարդկանց: Այդ ամենը որոշակի ձեւի, ձեւավորման մեջ է: Այս ալիքը դեռ նոր է սկսում աշխատել ամբողջական լրատվական ռիթմով եւ կայուն լսարան հավաքելու խնդիր ունի:

Սպասվում է, որ «Արմենիա TV»-ի լուրերը կուժեղանան: Մի քիչ դժվար գործ է, քանի որ  տարիներ շարունակ փորձում են «Ժամ»-ից ուժեղ լրատվական ստեղծել, բայց առանձնապես հաջողություն չկա (եթե, իհարկե, չհաշվենք Գագիկ Շամշյանի ֆենոմենը): 

«Շանթ TV»-ն ավանդաբար ուժեղ լրատվական ունի, որին նոր թափ են հաղորդել Արմեն Դուլյանն ու Արամ Աբրահամյանը: 

Ընդհանուր ուղղվածությունն այն է, որ Հանրային հեռուստաընկերության դերը կնվազի: Սա բնական է: Շատ հետխորհրդային երկրներում Հանրայինը ամենազդեցիկը չէ: 

Պատկերը այս փոփակերպումներից առանձնապես չի փոխվի: Հեռուստատեսային եթերը առաջվա նման հնարավոր կլինի կառավարել մեկ կենտրոնից: Սա անփոփոխ է: 

Կուսակցական-օլիգարխիկ հեռուստատեսությունները՝ «Երկիր մեդիա»-ն, «Կենտրոն TV»-ն, «ԱՐ»-ը, հաշվից դուրս են: Նրանց լսարանը, գովազդային տորթից բաժին հասնող չափաբաժինը շատ փոքր է «Արմենիա TV»-ի, Հ1-ի ու «Շանթ TV»-ի համեմատ: Ավանդաբար ու շարունակաբար:

Գեղամ Վարդանյան

Հ.Գ. Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) պաշտոնապես հերքել էր «Արմենիա TV»-ի, «Արմնյուզ»-ի եւ ATV-ի՝ Panarmenian Media Holding-ում միավորված լինելը: Սպասելի էր: Նույն հեռուստատեսությունները, դեռ TV5-ն էլ հետը մի քանի տարի շարունակ CS Media Holding էին: Ուղղակի ՀՌԱՀ-ականներին գուց հետարքրի՞ Panarmenian Media Holding-ի 2012-ի ամանորյա հավաքույթի ֆոտոռեպորտաժներն այստեղ եւ այստեղ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?