Պապիկյան շաբաթօրյակ

23.03.2019, Քննադատ

Արձակագիր, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ

Նիկոլի թիվն է, #Թումանյան150, գարուն է, պահք, տերտերները տոնս էլի մեռելոցի են վերածում, թանգարանում մեծ լոռեցու հոգին են կանչում, «Հոգեհանգստյան աղոթք» է կոչվում սաստիկ թանգարանային, հույժ կարևոր թումանյանագիտական, ազգանվեր էս միջոցառումը։ Բա ի՞նչ անեն, հո չեն ընկնի ժողովրդի հետ չոլերը, զիբիլ հավաքեն։ Խաղող, ծիրան, բերք ու բարիք՝ բերեք օրհնենք, բայց աղբը՝ չէ, հարամ բան է։ Ինչևիցե, էսօր մեզ մոտ համապետական մաքրության օր է։ Եկեղեցին աղոթում է, սարեցին հազիվ դռան ձյունը մաքրի, իսկ մյուսներս հրավիրված ենք շաբաթօրյակի։

Շաբաթօրյակը միավորում է, ու պետական քարոզն ու լրատվամիջոցի լուսաբանումն այլևս նույնական են։ Ոչ մեկ չի խնդրականացնում բուն միջոցառումը, հարցնի թվեր, կամ իմաստը, երկրորդ կողմը ընդհանրապես չկա, ով չրթում թքում է գետնին, կամ քնթուկը գցում մայթին ազգի դավաճան է, իսկ հենց էդ նույն քնթուկը գետնից վերցնող պաշտոնյան՝ օրինակելի վարքաբանակության նմուշ։

Էս միաձայնությունն ու միօրինակությունը հենց Սովետն է, որ կա, և տխրեցնող է լրատվամիջոցների «նվիրումը» շաբաթօրյակի լուսաբանմանը, որովհետև էստեղ հին ու բարի քարացած ավանդույթը շարունակում է գործել։  

Թիվ էիք ուզո՞ւմ, ահավասիկ լիքը թվեր․ 10 մարզ, 500 համայնք, գումարած 1 մայրաքաղաք, տակավին հպարտ քաղաքացիների մի ամբողջ բանակ՝ 120 -ից 150 հազար, ասենք, 2019 թվի գիժ ամիս մարտի 23-ին ձեռնոց կնետեն, չէ, համենայն դեպս, նախընտրելի է՝ ձեռնոցը հագնեն, ձեռքերը քշտեն, ու նոր միայն հին ու բարի պարտադիր-կամավոր հիմունքներով իրենց նետեն անհավասար մարտի մի դաշտ՝ պայքարելու հայաստանյայց աղբ անվանյալ անշնչացած, համատարած ոսոխի դեմ, զի բիլ է երկինքը, և զիբիլ երկրիս երեսին ամենայն հայոց, ամեն։ Էս ինքս ինձ մեջբերեցի, որովհետև Երևանյան աղբի երգը շարունակվում է, իսկ կենացները՝ քաղցրանում։

Կամավոր-պարտադիրը սովետական կատեգորիա է։ Իրականում, թե գլխանց գիտես քանիսն են գալու, ուրեմն սխալ ես հասկացել կամավորության արժեքն ու սկզբունքը, ու վերևից պարտադրում ես։ Էդ են հուշում նաև Facebook-յան event-ի անկապ թվերը։

Սա ամենը չի, էլի կան թվեր․ հազար 777 «գոլդըն» թվով զին․․․ , չէ, ի՞նչ եմ ասում, պետ-տեխնիկա պիտ բանեցվի, ուրիշ ինչ կա՞. Հա, հիշեցի, 6 աղբանոց ու 447 զիբիլանոց, ասել է թե՝ աբղի կույտեր, պիտի փակվեն։ Վայ, ոնց որ թե էլ թիվ չկա, բայց արի ու տես, որ էական՝ աղբի քանակն արտահայտող թիվը չկա, որովհետև դեռ չենք պարզել։

Պապիկյանն ասաց՝ բրիտանացիք կհաշվեն կասեն, մեկ էլ տեսար պարզվի՝ աղբը մեր ազգային հարստությունն է, ավելի քան ջերմուկն ու բջնին, իսկ քարից հաց քամողի համար զիբիլից փող շինելը մեկից մեկ է։ Ասում են, թե թանկ հաճույքը տեսակավորումն է, հենց էդ արվի, աղբով լիքը տուն կպահվի։

Արի տուն, գործ կա։ 339 աղբանոց, ամեն մեկը՝ մի մի աղետ։

Ու քանի դեռ բրիտանացի գիտնականները պարզում են մեր աղբի կազմաբանությունը, մենք մերոնցով, շաբաթ օրով հավաքվում ենք, որ հավաքենք մեր թափածը, որ մյուս շաբաթ նորից թափենք, հետո կրկին կհավաքվենք, քանի որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, և հավաքարար ուժն է, որ ծնում է իրավունք։ Ուռա՜, ընկերներ։  

Ախր, Սուրեն ջան, դու պատմաբան ես, բոլորից լավ քաղել գիտես դասն անցյալի։ Մի պատմական թիվ էլ հուշեմ. շաբաթօրյակի 100-ամյակն է էս տարի, Լենինի ականջը կանչի։ Աչքիս են գալիս 15 պրոլետար՝ 13-ը կոմունիստ, մյուս երկուսն էլ՝ հավանաբար մազոխիստ, 1919 թվի, չորրորդ ամսի 12-ին, ամբողջ գիշեր աշխատեցին, վերջում «Ինտերնացիոնալ» երգեցին, հետո տներով ցրվեցին։ Էդ էր ու էդ, շաբաթօրյակ (երբեմն էլ՝ կիրակնօրյակ) հասկացությունը մոգոնվեց, 70 տարի շարունակ զահլահան արեց, մինչև Սովետը փլվեց,  բայց մարդկանց ձրի աշխատացնելու ադաթը մնաց անսասան։

Շաբաթօրյակը չի կարող լինել պետական, առավել ևս՝  համապետական։ Էն պահից սկսած, երբ պետությունը կամավոր է զինվորագրում իր առաջ ծառացած խնդրի լուծման համար, դառնում է Սովետ։

Փաստ է՝ կարիքավոր ենք։ Աստված մի արասցե, պատերազմ կամ բնական աղետ լինի՝ կամավորին «չէ» չենք ասի, բայց դա ժողովրդի շնորքն է, ոչ թե կառավարության։ Հզոր պետությանը վայել չէ մարդկանց ձրի գործի դնել, թող հոգատար հանրությունն ինքն իր օրակարգը սահմանի, երջանիկ անհատն էլ վայելի իր սրբության սրբոց հանգստյան օրը։

Ստացվում է, որ աղքատությունը մեր գլուխներում է, Սովետը՝ ձեր։

Թարս նստենք՝ շիտակ խոսենք, շաբաթօրյակների՝ իբրև պետական միջոցառումների դարն անցել է։ Մարդիկ, խմբեր, հարևաններ, թաղ ու համայնք, ՀԿ-ներ ու ակտիվիստներ թող բարով ինքնակազմակերպվեն, բարով լծվեն ու նվիրվեն հազար ու մի հանրօգուտ գործի, պետությունն էլ ինչով կարա՝ աջակցի ու խրախուսի։ Իսկ եթե իր աշխատողին ոչ աշխատանքային օրով գործի է դնում, թող արտաժամը վճարի։ Թե էդպես է, ասեք՝ իմանանք։ Հեռու չգնանք, հենց էս պահին Ազգային ժողովում 60 մաքրուհի (և ոչ մի տղամարդ հավաքարար) օրը երկու ժամ գործ չի ուզում անել ամիսը 40 հազարով։

Տեղն եկել է՝ էս էլ ասեմ․ ՀՀԿ-ի ժառանգած «Մաքուր Հայաստան» ծրագիրը հեչ հեղափոխական չի։ Կա՞ն նոր լուծումներ, թե՞ շարունակելու ենք դիտարկել շաբաթօրյակներն իբրև ուղղիչ գործողություն ու նահապետական ոգով խրատել ժողովրդին՝ «մաքրությունը հայրենասիրություն է», «երկիրը քո տունն է, տանդ մեջ չես թ(ր)քում, փողոցում էլ մի թ(ր)քի» տիպի տափակություններով։ Պարզ է, չէ՞, որ արդիական աղբահանության համակարգի ինսիտիտուցիոնալ հենքն ավելն ու գոգաթիակը չեն, ոչ էլ մուրճն ու մանգաղը։ Ոլ-ո-լորտների վրչո Տիգրան Սարգսյանն էլ էր մաքրասեր, համ էլ հայեցակարգերի մեծ սիրահար էր, դրանցից մեկն էլ կոչել էր «Մաքուր հայրենիք»։

Էսօրվա պես հիշում եմ, «Երեք կամուրջ»-ով մեկնարկեց, է՛լ երիտթև, է՛լ մանուկներ, է՛լ ՀԿ-ներ հավքեց գլխին, բահ ու ավել ձեռներն առած իջան ձոր և ի՞նչ, քյարփի՛նջ, արի գնանք Հրազդանի կիրճ, կրկին փորձիր #մեկնիր ձեռքդ, #վերցրու աղբը ու համոզվիր։

Բոլորս էլ հասկանում ենք, այլընտրանք չունենք, աղբը պիտի օր առաջ տեսակավորենք, նույնիսկ եթե շատ ծախսատար է, այլապես վերամշակում չի լինելու։ Սպասենք տեսնենք՝ բրիտանացիք ինչ են ասում։ Իսկ էս պահին ասածս էն էր, որ Սովետի գեշ հոտ է գալիս համապետական շաբաթօրյակից։  

Թեմայից շեղվեմ, քանի հիշել եմ, էս էլ պատմեմ։ Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովն էր։ Ձանձրույթ։ Բարերարներից մեկը դպրոցական գարշահոտ զուգարանների հարցը բարձրացրեց։ Դրսեցիք աշխուժացան, վրա տվին։ Ֆրանսահայն ասաց՝ «սիվիլիզասիոնին խնդիր», շվեյցարահայը հիշեց, որ մի գյուղապետի տուն հյուր է գնացել, տուն մի ասա՝ մի պալատ, բայց արտաքնոցն այգու ծերին մի հորատանցք։ Ու գնա՜ց, իրար հերթ չտալով, ամենքը կիսվեցին զուգարանային փորձառությամբ, մինչև պախան Սերխինյոն մռթնեց, բռբռաց ու թեման փակեց։ Ասեց՝ ամոթ է, էս ինչեր եք խոսում։ Հակոբյան Հրանուշի դեմքից չասեմ, թե ինչ էր թափվում։ Վերջ։ Վարագույր։  

Գարուն է, պահք, շաբաթօրյակ, Թումանյանի մահվան տարելից՝ 96 երկիմաստ թվով․․․ Պապիկյան Սուրենն ասուլիսին խոսում է ԱԳԼՃԿ զուգարանների մասին, ու ես հիշում եմ էս ժողովը, պախանի մուննաթը, Հրանուշի դեմքը, հետո շարժական զուգարանների տխրահռչակ պատմությունը, քաղքենու ձեռառնոցին ու փողերի գցոցին, հետո բանակում զուգարանի թեման, իմ մանկական անսասան հավատը, որ Ռեգինա Զախարովնան չիշ ու քխիկ չի անում,  ինքնաշխատ ջրթողմամբ զուգարանակոնքից վախեցած վեր թռչելս, շատ տարիներ առաջ, ինչ-որ տեղ «սիվիլիզասիոնին» ծիրին մեջ, երևի միջազգային օդանավակայանում, ոնց էի հուզվել, առայսօր հուզվում, ուզում եմ, որ էս կեղտից շուտ դուրս գանք, որ պետությունն ինձ չասի՝ ջուրը քաշի, որ դրա կարիքը չլինի, որ ինքնաշխատ լինի լիքը բան, պարզ, հարմար, մարդավայել ու մտածում եմ՝ ոչինչ, որ մի քիչ էլ սովետիկուս են թավշյա տղերքը, հիմա շատ խառն են, իներցիան կանցնի, քիչ-քիչ կփոխեն, մեկ է՝ կյանքի կտոր են, անգամ էն ազնիվ քյարփինջ պատգամավոր թրաշամանուկները, որոնց մի մազը չեմ փոխի նախորդների հետ, որ մեզ թողեցին ապականված, կեղտի մեջ կորած Հայաստանը, թռան ու ջուրն էլ չքաշեցին։

Ամեն դեպքում մաքուր պահենք մեր սրտերն ու միջավայրը, և հեռանալիս չմոռանաք․․․

Արմեն Օհանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?