«Լրագրողական հետաքննությունը՝ տիեզերքից»

19.03.2019, vox populi

2018-ի օգոստոսին շրջանառության մեջ դրվեց «ստվերային այգիներ» ձևակերպումը, որով վարչապետը բնորոշեց այն ջրօգտագործողների գյուղատնտեսական հողատարածքները, որոնց օգտագործած ջրի իրական ծավալների մասին տեղեկությունները դուրս են մնացել պետության տեսադաշտից։

Գյուղացիները ջրում են իրենց այգին, բայց չեն վճարում պատշաճ չափով, հնարավոր չի լինում կանխատեսել նրանց ջրապահանջարկը և, ի վերջո, համակարգը շարունակում է աշխատել գյուղատնտեսի համար որպես անարդյունավետ ու անկանխատեսելի գործընկեր։

Այս համակարգն ունի խորքային բարեփոխումների անհրաժեշտություն։

Ներկայումս քննարկվում է ջրօգտագործողների գործունեության վերահսկողության համար թափանցիկ համակարգեր ստեղծելու և վերահսկողական գործառույթների մի մեծ մասը քաղաքացիական հասարակությանն ու մամուլին հանձնելու հնարավորությունը։

Այս փուլում կարևոր եմ համարում լրագրողական համայնքին ներկայացնել այն հնարավորությունները, որոնք ընձեռում են նորագույն տեխնոլոգիաները: Օրինակ, ապօրինի ջրօգտագործողների բացահայտման և իրավիճակի մոնիթորինգը։

Այս հոդվածում զերծ կմնամ մեթոդաբանական և տեսական խորքային անդրադարձից, և կներկայացնեմ միայն կիրառական հնարավորությունները՝ հայտնելով նաև պատրաստակամությունս հետաքրքրված լրագրողների հետ առավել մանրամասն զրուցելու «ինչպե՞ս» հարցի վերաբերյալ։

Հիմա հաճախ գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ ջրօգտագործողների վերաբերյալ պաշտոնական տվյալների և իրականության միջև կա որոշակի անհամապատասխանություն, որին պայմանականորեն տրվել է «ստվերային այգիներ» անվանումը։

Այդ անհամապատասխանության ծավալները և բնույթը գնահատելու համար անհրաժեշտ է համադրել պաշտոնական տվյալները իրական տվյալների հետ։

Ընդ որում, քանի որ հողակտորները տարածականություն ունեցող (X և Y կոորդինատներով բնութագրելի) տվյալներ են, ապա պետք է տարածական համադրում իրականացնել։

Մինչ այդ՝ քննարկենք թե ինչպես են ձևավորվում այդ «պաշտոնական» և «իրական» տվյալները։

Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների կառավարման լիազոր մարմինը Ջրային կոմիտեն է, որն էլ իր կառուցվածքում գործող այլ մարմինների հետ համատեղ համագործակցում է Ջրօգտագործողների ընկերությունների հետ՝ առավել թափանցիկ և արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով (սա տեսականորեն)։

Ներկայումս այդ համագործակցության ձևերից մեկն էլ տվյալների փոխանակումն է մի համակարգի միջոցով, որը ընդունված է կոչել ջրերի կառավարման միասնական ծրագիր։

Այն ծրագրա-ապարատային ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս ջրօգտագործողների ընկերություններին վարել տվյալների բազա՝ բաղկացած գրաֆիկական (հողակտորների ուրվագծեր) և ոչ գրաֆիկական (հողակտորին վերաբերելի աղյուսակներ) տվյալներից։

Տեսականորեն ենթադրվում է, որ ամեն անգամ, երբ ջրօգտագործողի և ընկերության միջև ձեռք է բերվում «№» պայմանագրային պայմանավորվածությունը X մշակաբույսով բռնված, Y հողակտորին, Z քանակությամբ ջրով ապահովելու վերաբերյալ՝ Ընկերությունը պարտավոր է այդ №, X, Y, Z… տվյալները լրացնել ջրերի կառավարման միասնական ծրագրում՝ տվյալ հողակտորին համապատասխանող կադաստրային ուրվապատկերին կից աղյուսակում (Նկար 1), իսկ հետագայում պարտավորությունների կատարման շուրջ ձեռնարկված յուրաքանչյուր գործողությունից, կամ փաստացի տվյալների փոփոխությունից (օրինակ՝ մշակաբույսի փոփոխությունից) հետո թարմացնել աղյուսակի համապատասխան հողակտորի (ջրօգտագործողի) վերաբերյալ տողի տվյալները։

Նկար 1. Ջրօգտագործողների հողակտորները և դրան կից աղյուսակը, որտեղ արտացոլված է պայմանագրի կոդը։ Նշված օբյեկտին համապատասխանում է աղյուսակային մեկ տող և տողն ու պատկերը կապակցված են։

Այսպիսով ջրօգտագործողների ընկերությունների և պետական լիազոր մարմնի համար ձևավորվում է ջրօգտագործողների ընկերություններից օրինական կարգով ջուր ստացող բաժանորդների և սպառած ջրի ծավալների մասին պաշտոնական տվյալների ամբողջությունը։

Ինչ վերաբերում է փաստացի տվյալների ստացմանը, ապա այն իրականացվում է հեռազննման (Remote Sensing) մեթոդով՝ արբանյակային լուսանկարների վերլուծությամբ։

Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր օբյեկտ՝ կախված իր ֆիզիկական հատկանիշներից, տարբեր չափով է անդրադարձնում լույսի այս կամ այն ալիքի երկարությամբ ճառագայթները։

Եվ արբանյակի վրա տեղադրված տարբեր սենսորներ գրանցում են անդրադարձված ալիքների ցուցանիշները։ Օրինակ, մերձակա ինֆրակարմիր (NIR) ալիքները առավել շատ են անդրադառնում բույսերում պարունակվող քլորոֆիլի հատիկից և գրեթե չեն անդրադառնում մաքուր ջրային մակերևույթից։

Կարճալիք ինֆրակարմիր ալիքները (SWIR) առավել շատ են անդրադառնում չոր մակերևույթից և առավել շատ կլանվում են խոնավ մակերևույթի կողմից։

Այսպիսով մենք կարող ենք անել երկու պնդում․

  1. Գոյություն ունի անդրադարձված մերձակա ինֆրակարմիր ալիքի այնպիսի արժեք, որի դեպքում կարելի է տարբերակել քլորոֆիլ պարունակող օբյեկտները (բույսերը)։

  2. Գոյություն ունի անդրադարձված կարճալիք ինֆրակարմիր ալիքի այնպիսի արժեք, որի դեպքում կարելի է տարբերակել խոնավություն պարունակող օբեկտները։

Այս երկու արժեքների համադրմամբ էլ ստացվում է պատկեր (նկար 2), որի վրա արտացոլված են խոնավություն և քլորոֆիլի հատիկ պարունակող, այսինքն ոռոգված և բուսածածկ մակերևույթները։

Այդ պատկերը Խոնավության գործակիցների նորմալացված տարբերությունների մոդելն է (NDMI: Normalized Difference Moisture (Water) Index):

Նկար 2․ NDMI մոդելով ստացված պատկերը, որում կապույտի երանգներով նշված են ոռոգման ջուր ստացած, իսկ նարնջագույնի երանգներով չոր տարածքները (30.08.2018 դրությամբ)։

Վերևում ցուցադրված պատկերը ստացված է Sentinel 2 արբանյակից արված լուսանկարների հիման վրա, որը (ի թիվս այլ արբանյակներից արված լուսանկարների) հասանելի է մի շարք բաց ռեսուրսներում, որոնցից մեկն, օրինակ, ԱՄՆ Երկրաբանական հետախուզության (United States Geological Survey) կայքն է։

Արբանյակը կարող է տրամադրել յուրաքանչյուր տասնօրյակի պատկերը (հետևաբար իրավիճակի մշտադիրտարկման հնարավորություն)։

Այսպիսով, մենք ունենք պաշտոնական և իրական տվյալների բազմություն և «ստվերը» պարզելու համար մեզ մնում է միայն համադրել այդ երկու տվյալների բազմությունները դրանց տարբերությունները ի հայտ բերելու նպատակով։

Համադրումը իրականացրել ենք ArcGIS ծրագրային միջավայրում ArcMap ծրագրային հավելվածում (Նկար 3)։

Նկար 3. Պայմանագիր ունեցող ոռոգելի հողակտորների ուրվագծերն արտահայտող թվային շերտը նույն տարածքի արբանյակային պատկերի հետ համադրված։

Համադրված պատկերը դիտելիս կարելի է տեսնել, որ կան պայմանագիր ունեցող ջրօգտագործողներ, որոնց հողերը օգոստոսի 30-ի դրությամբ բուսածածկ են և ոռոգված (դա է վկայում կապույտ գույնը), կան պայմանագիր ունեցող ջրօգտագործողներ, որոնց հողերը ոռոգում չեն ստացել (դա է վկայում նարնջագույն-դեղինի երանգը), սակայն կան նաև բուսածածկ և ոռոգելի հողակտորներ, որոնք երիզված չեն պայմանագրային հողակտորների ուրվագծերով և հենց այստեղ է ի հայտ գալիս կասկածանքի հատկանիշը։

Բայց նախքան վստահորեն պնդելը, որ վերջիններս ապօրինի ջրօգտագործողներ են, պետք է հասկանալ` ո՞ր դեպքերում է հնարավոր, որ տնտեսվարողը ոռոգման ջուր օգտագործի, բայց դա չարտածվի մեր կողմից օգտագործվող (ջրերի կառավարման միասնական ծրագրի) թվային շերտի վրա, որպես ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագիր։

Դա հնարավոր է, եթե․

Ա) Ջրօգտագործողը օգտվում է այնպիսի ջրաղբյուրից, որը ՋՕԸ-ին չի պատկանում (օրինակ՝ խորքային հորից)։

Բ) Ջրօգտագործողը ունի պայմանագիր, բայց այդ մասին տվյալները, որևէ պատճառով արտածված չեն համակարգում։

Գ) Ջրօգտագործողն իսկապես ապօրինի ջրօգտագործում է իրականացնում

Անդրադառնանք այս խնդիրներին՝ առանձին-առանձին։

Այլ ջրաղբյուրից օգտվող ջրօգտագործողներ․

Այդպիսի ջրաղբյուրները մեծամասամբ խորքային հորերն են։ Յուրաքանչյուր ոք կարող է օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն դիմել և ստանալ խորքային հոր հորատելու իրավունք։ Այդպիսի հորերի մի մասը քարտեզագրված է և դա ևս կարող ենք կցել այս քարտեզին (Նկար 4)։  

Նկար 4. Այլ ջրաղբյուրից օգտվող ջրօգտագործողի հողատարածքներ։ Աղյուսակում առկա են մանրամասն անձնական տվյալները շահագործողի մասին, որոնք, սակայն, մեր կողմից փակվել են։

Ինչպես երևում է նկարից տվյալ հողակտորը օգտագործող տնտեսվարողը պայմանագիր չի կնքել ՋՕԸ-ի հետ։ Բայց դա օրինաչափ է, որովհետև քարտեզում նշված կանաչ կետը և կից աղյուսակը վկայում են, որ տնտեսվարողը օրինական կարգով խորքային հոր է շահագործում։

Կարող են լինել դեպքեր, երբ տնտեսվարողն օգտվելիս լինի խորքային հորից, որը քարտեզագրված չլինի և դա ռազմավարական մի կարևոր ուղղություն է, որը պետք է առաջ մղի Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը՝ ամբողջությամբ բացահայտելու և քարտեզագրելու այդպիսի ջրաղբյուրները։

Համակարգ մուտք չարված պայմանագրային տվյալներ

Երկրորդ պատճառը, որի բերումով մենք կարող ենք օրինապահ ջրօգտագործողին նույնականացնել իբրև ապօրինի ջրօգտագործող՝ տվյալների ոչ պատշաճ մուտքագրումն է համակարգում։

Կարեն Կարապետյանի կառավարման շրջանում Ջրօգտագործողների ընկերությունների ապօրինի և չհիմնավորված «խոշորացումից» հետո յուրաքանչյուր ՋՕԸ միավորում է տասնյակ հազարավոր ջրօգտագործողների, ընդգրկում է տասնյակ հազարավոր հեկտարների տարածքներ, մինչդեռ միջազգային լավագույն փորձը հուշում է, որ ՋՕԸ-երի տարածքները պետք է չանցնեն 5000-6000 հեկտարը (ամենակայացած համակարգն ունեցող Մեքսիկայում այդ ցուցանիշը միջինում 2000-3000 հեկտար է)։

Պայմանագրերի կնքման, մշակաբույսի տեսակի և ջրի պահանջարկի մասին տվյալների հավաքագրման հիմնական «սևագործ բանվորները» չնչին աշխատավարձ ստացող ջրբաշխներն են, որոնցից յուրաքանչյուրը ոռոգման սեզոնի մեկնարկին սկսում է հավաքագրել մի քանի հարյուր կամ մի քանի հազար ջրօգտագործողի վերաբերյալ այդպիսի տվյալներ։

Բայց համակարգիչը, որի միջոցով այդ տվյալները պետք է մուտքագրվեն համակարգ, գտնվում է ՋՕԸ գրասենյակում, որոնք երբեմն 30-50 կիլոմետր հեռու են ջրբաշխի բնակության և սպասարկման տարածքից։

Այդպիսով տվյալների մուտքագրման որակը մեծապես տուժում է, տվյալները մուտք են արվում տարեվերջին՝ բազան ամփոփելիս (մինչ այդ մեզ զրկելով մոնիթորինգի հնարավորությունից), իսկ մինչև տարեվերջ հիմք են ընդունվում հիմնականում նախորդ տարվա տվյալները, ինչը էական ազդեցություն է թողնում որակի վրա։

Այս և կառավարման որակի հետ կապված այլ խնդիրներ լուծելու համար կարևոր է անցնել առավել կոմպակտ տարածքով ՋՕԸ-երի, իսկ մինչ այդ կարելի է օգտագործել համայնքապետարանների հնարավորությունները՝ գոնե 3-4 համայնքի հաշվով ունենալով մեկ կետ, որտեղ հնարավոր կլինի այդ տվյալները մուտքագրել, պահպանելով ամենամսյա թարմացման մոտեցումը։

Բացի այդ պետք է ՋՕԸ-երի ֆինանսական կայունության հրատապ քայլեր ձեռնարկել, որովհետև լավ կառավարումը փող արժե։

Երկրորդ պատճառը տվյալների միջգերատեսչական փոխանակման խնդիրն է։

Համակարգը գործում է իր հիմքում ունենալով Կադաստրի պետական կոմիտեի կողմից դեռևս նախորդ հազարամյակում տրամադրված քարտեզները։

Ակնհայտ է, որ այս 20 տարում այդ հողակտորների սահմանները առք ու վաճառքի, նշանակության փոփոխության և այլ պատճառներով էապես փոփոխվել են, սակայն ՋՕԸ-երը նոր տվյալները ձեռք բերելու համար բավականաչափ ֆինանսական հնարավորություն չունեն (ծառայությունը վճարովի է), ուստի այս խնդիրը պետք է լուծի Կառավարությունը։*

Այստեղ պարզապես քաղաքական որոշման անհրաժեշտություն կա՝ հանձնարարել Կադաստրի կոմիտեին յուրաքանչյուր տարվա ոռոգման սեզոնից առաջ տալ տվյալ տարվա պատկերը։

Վերոշարադրյալ խնդիրների լուծման ուղղությամբ չափազանց կարևոր կարող է լինել մամուլի՝ հանրային վերահսկողության այդ հսկայի շարունակական աջակցությունը և պահանջատիրությունը առ պետական կառույցներ։

Իսկապես ապօրինի ջրօգտագործողներ

Վերևում նշված երկու խումբ խնդիրները լուծելու դեպքում այն հողակտորները, որոնք կշարունակեն մեր տեսադաշտում հայտնվել որպես ջրաղբյուրը չպարզված ջրօգտագործողներ՝ արժանի են «հատուկ վերաբերմունքի»։

Որակյալ և համակողմանի տվյալներ ունենալու պարագայում հնարավոր կլինի հատ-հատ թակել այդ մարդկանց դռները և բացատրություն պահանջել շրջապատի մարդկանց հանդեպ հնարավոր անբարեխիղճ վերաբերմունքի համար։

Կարծում եմ, որ հնարավորություն կստեղծվի յուրաքանչյուր հողակտորի վերաբերյալ անուն-ազգանունով, մշակաբույսով, վճարումներով, պարտքերով․․․ ողջ տեղեկատվությունը հասանելի դարձնել հանրությանը, ինչից հետո հնչեղ անուններով արտոնյալ շրջանակները կհայտնվեն հետաքննող լրագրողների «բռի մեջ»։

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ GIS համակարգը Հայաստանի կառավարման ոլորտում ահռելի չիրացված ներուժ ունի։

Ես փորձեցի շարժել լրագրողական համայնքի հետաքրքրությունը և առաջարկել օգտագործել այս գործիքակազմերը իրենց աշխատանքում։

Միքայել Նահապետյան
աշխարհագրագետ

* Հոդվածի այս հատվածը փոփոխվել է 2019թ․ մարտի 22-ին, ժամը 17:53-ին։
Սկզբնական տարբերակում գրված էր «յուրաքանչյուր հողակտորի համար տվյալների տրամադրման գինը ինչպես մասնավորին, այնպես էլ պետական կառույցներին կազմում է 5000 դրամ»։ Թյուրըմբռնման պատճառ էր հանդիսացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 11.3 մասի ոչ ճիշտ մեկնաբանությունը ՋՕԸ որոշ պաշտոնյաների կողմից։ Տվյալ մասը սահմանում է, որ «անշարժ գույքի միավորի նկատմամբ բոլոր գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, բացառությամբ սույն մասի 11.4-րդ կետով սահմանված դեպքերի` 5000 դրամ»։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?