«Հասարակությունը իրավունք ունի իմանալ ումից է ստանում իր համար կարևոր տեղեկությունը»

15.04.2019, Նյուսրում

Լրագրող

Հայաստանում լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկության և իրական սեփականատերերին բացահայտելու մասին քննարկումները հատկապես ակտիվ են անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։

«Եթե ուզում ենք, որ լրատվամիջոցները արդար խաղի կանոններով աշխատեն, ապա այդ թափանցիկությունը ուղղակի կարևորագույն պայմաններից մեկն է։ Շատ կարևոր է, որ լսարանը տեղյակ լինի, թե որտեղից ինչ ինֆորմացիա է ստանում»,- «Մեդիա կենտրոնում» թեմայի քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Հասարակությունը իրավունք ունի իմանալ ումից է ստանում իր համար կարևոր տեղեկությունը, որպեսզի կարողանա որոշել՝ որքանով վստահել, սրբագրել ինֆորմացիան, որքանով տարբեր աղբյուրներից նույն ինֆորմացիան ճշտել և այլն։ Պետք է իմանա ով է կանգնած լրատվամիջոցի հետևում։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ իր դեմ կկիրառվեն պատժիչ միջոցներ»,- թեման կարևորեց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Լրատվական դաշտը Հայաստանում միակ ոլորտը չէ, որտեղ թափանցիկության կարիք կա։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ կառավարությունը քաղհասարակության հետ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում։ Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակներում հաստատված գործողությունների 4-րդ ծրագրով առաջիկա 2 տարիներին կմշակվի և կընդունվի բիզնեսի իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի վերաբերյալ ողջ օրենսդրական դաշտը, կգործարկվի էլեկտրոնային ծրագիրը։

Հանրային ռեգիստրը պետք է ներառի բիզնեսի բոլոր ճյուղերի ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ ԶԼՄ-ների։ Սակայն, ըստ Շուշան Դոյդոյանի, պիլոտային ծրագիրը առայժմ վերաբերում է  հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին, այնուհետև կընդգրկվեն մնացած ճյուղերը։ «Բիզնեսը կդառնա թափանցիկ ու վերահսկելի քաղհասարակության համար»։

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի, եթե ԶԼՄ-ները հանդես են գալիս որպես չորրորդ իշխանություն, ապա ինչպես բոլոր իշխանություններից ենք պահանջում թափանցիկ և հաշվետու աշխատել, հասարակությունը նույն պահանջները կարող է ունենալ նաև լրատվամիջոցների նկատմամբ։ Եվ լրատվամիջոցները պետք է առաջինը թափանցիկ լինեն։

Լրատվամիջոցների սեփականատերերի ու ֆինանսավորման թափանցիկության ապահովման համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ստեղծված աշխատանքային խումբը հիմա մշակում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի նախագիծ, որտեղ առանձին գլուխ նվիրված է լինելու թափանցիկությանը։ Զուգահեռաբար կանցնեն նաև Զանգվածային լրատվության մասին օրենքի նախագծի մշակմանը։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնց փոփոխությունից հետո լրատվադաշտում վերաբաշխում էր տեղի ունենում և լրատվամիջոցները մի քաղաքական ուժի վերահսկողությունից անցնում էին մյուսին, նոր իշխանության օրոք նույն գործընթացը չկա։

«Ավելին՝ այն լրատվամիջոցը, որը կարծես թե բոլոր մեխանիզմներով կարող էր դառնալ պրոիշխանական՝ խոսքս Հանրային հեռուստառադիոընկերության մասին է, այդպիսին չի դարձել, և մենք այսօր կարող ենք տեսնել ընդդիմության լայն ներկայացվածություն։ Դա նշանակում է, որ մեր ոլորտի կարգավորումը գնալով առավել քաղաքակիրթ բնույթ պետք է ստանա»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?