Նոր կուսակցությունները քիչ են լուսաբանվում. մշտադիտարկում

26.11.2018, Ընտրություններ 2018

Լրագրող

Երևանի մամուլի ակումբը շարունակում է նախընտրական շրջանում հետևել 6 հեռուստաընկերությունների և երկու առցանց լրատվական կայքերի աշխատանքին:

Մշտադիտարկման երկրորդ փուլում՝ նոյեմբերի 9-18-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքական դաշտն ամենաինտենսիվն է լուսաբանում Հ1-ը, ամենահազվադեպը՝ «Շանթը»: Նույն պատկերն էր գրանցել նաև մշտադիտարման նախորդ փուլը։ 

«Առաջին ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստաընկերությունների եթերում և «News.am» կայքում ամենամեծ ուշադրությունը եղել է վարչապետի պաշտոնակատարի և կառավարության հանդեպ:

Սակայն դրական է լուսաբանվել միայն Հ1-ի եթերում, զրոյական՝ «Շանթ»-ում, բացասական՝ մնացած բոլոր ԶԼՄ-ներում:

Նիկոլ Փաշինյանի և կառավարության գործունեության լուսաբանումն այս մշտադիտարկման ժամանակ շարունակում է մնալ առանձին թեմա, որը որոշակիորեն փոխկապակցված է քաղաքական ուժերի լուսաբանման հետ:

Իսկ քաղաքական ուժերից, թե՛ հեռուստաեթերում, թե՛ առցանց լրատվամիջոցներում, ամենաշատ ուշադրությանն արժանացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ամենաքիչը՝ նոր ձևավորված «Ազգային առաջընթացը», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը» և «Քաղաքացու որոշումը»: Ընդ որում, այս երեք քաղաքական ուժերի մասին հրապարակումները չեզոք են:

Միայն 1in.am-ի քաղաքական բանավիճային հաղորդումներում է ՀՀԿ-ն ավելի շատ լուսաբանվել, քան վարչապետի պաշտոնակատարը և կառավարությունը:

Ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների և 2 դաշինքների լուսաբանման հաճախականությունը կարելի է բաժանել 3 պայմանական խմբի․

  1. ՀՀԿ, «Իմ քայլը», ԲՀԿ, ՀՅԴ

  2. «Լուսավոր Հայաստան», «Մենք», «Սասնա ծռեր»,

  3. «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Քաղաքացու որոշում», ՕԵԿ

Հետազոտված ԶԼՄ-ների մեծ մասն առանձին վերցրած, բոլոր քաղաքական ուժերից ամենաշատը ՀՀԿ-ին են անդրադարձել, բացառությամբ «Երկիր մեդիայի» և «Կենտրոնի», որտեղ առավել հաճախ են լսելի եղել համապատասխանաբար ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն:

«Ընդ որում՝ քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության ամենափոքր տարբերությունն արձանագրվել է «Արմենիա»-ի եթերում, ամենամեծ տարբերությունը News.am-ում և «Կենտրոն» հեռուստաալիքում»,- ասում է Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, մեդիադաշտում բացասական և դրական լուսաբանման տեսանկյունից ակտիվ են ՀՀԿ-ն և «Իմ քայլը», քանի որ ՀՀԿ-ն ընտրել է հստակ ռազմավարություն՝ հակադրվելու նոր իշխանություններին:

«Քարոզարշավն ակտիվ է լինելու, քաղաքական ուժերը շռայլորեն գումարներ են ծախսելու, օլիգարխները քաղաքական փողերը լցնելու են մեդիադաշտ: Սա մեդիային որոշակի ֆինանսական կուտակումների հնարավորություն կտա, որովհետև հետո կարող է և նման առիթ չլինել»,-ասում է Մամուլի ակումբի նախագահը:

Չեզոք լուսաբանման ամենափոքր տոկոսն արձանագրվել է առցանց լրատվական կայքերում՝ մոտ 63.9%-ը 1in.am-ում (բանավիճային հաղորդումներ) և 85.5%-ը News.am-ում:

Բորիս Նավասարդյանը նշում է, որ մոնիթորինգի արդյունքները շատ կարևոր են, քանի որ կան հեռուստաընկերություններ, որոնք ուզում են պարկեշտ և հավասարակշռված լուսաբանում ապահովել.  

«Իսկ բուն քարոզարշավի ժամանակ դա կարող է ապահովագրել իրենց աշխատանքը հնարավոր սանկցիաներից, որովհետև հետագայում կարող է լինել նախազգուշացում, զգուշացում, իսկ հետո կարող է առաջանալ արտոնագրից զրկման հանգամանք»:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?