Նախընտրական շրջանի քննարկվող թեմաները

16.11.2018, Ընտրություններ 2018

Լրագրող

Նախընտրական շրջանում լրատվամիջոցները հիմնականում լուսաբանել են նոր կառավարության և նրա ղեկավարի գործունեությունն ու նախաձեռնությունները, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Վարչապետի և կառավարության մասին հրապարակումները հիմնականում դրական են եղել «Առաջին ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստաընկերությունների եթերում և «1in.am» կայքում:

Բացասական անդրադարձերը գերակշռող են եղել «Երկիր մեդիա» հեռուստաալիքի եթերում և «News.am» կայքում: Ավելին, «Երկիր մեդիայի» դեպքում բացասական հաշվեկշիռը ձևավորվել է հենց լրագրողների քննադատական արտահայտությունների հաշվին:

Այս արդյունքներն արձանագրվել են Երևանի մամուլի ակումբի նախընտրական շրջանում հայաստանյան ԶԼՄ-ների` հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 1-ը ժամանակահատվածի մշտադիտարկման ընթացքում:

Դիտարկվել են 6 հեռուստաընկերությունների լրատվական և քաղաքական ուղղվածության հաղորդումները և «News.am» -ի բոլոր նյութերը, «1in.am» -ի պրայմ-թայմի տեսահաղորդումները:

Հետազոտվել են հեռուստաընկերությունների 18:00-00:00 ընկած ժամանակահատվածի հաղորդումները:

Այս թեմաներին առավել հաճախ է անդրադարձել «Հ1»-ը, հազվադեպ՝ «Շանթը»: «News.am»-ի բարձր և «1in.am»-ի համեմատաբար ցածր ցուցանիշները պայմանավորված են եղել ոչ թե հետաքրքրությունների տարբերությամբ, այլ հետազոտված նյութերի ընդհանուր ծավալով:

Ի տարբերություն «News.am»-ի, որը առավել հաճախ լուսաբանել է վարչապետին և կառավարությանը, «1in.am»-ի բանավիճային հաղորդումներում առավել շատ անդրադարձ է արվել արտահերթ ընտրություններին և ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Ինֆորմացիայի աղբյուրներ են եղել կառավարության, նախագահի աշխատակազմի, ՏԻՄ ներկայացուցիչները: Նրանց տրամադրած ինֆորմացիան առավել պահանջված է եղել նշված բոլոր ալիքների և «News.am»-ի համար:

Միայն «1in.am»-ն է անդրադարձել փորձագիտական հանրության տեսակետներին, ինչն էլ առանձնացրել է այս լրատվամիջոցը հետազոտության համար:

Նշված ժամանակահատվածում լրատվամիջոցները լուսաբանել են նաև համաներման թեման ու կառավարության վարած կադրային քաղաքականությունը:

Այս թեմաներով եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական անդրադարձներ, մասնավորապես ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետ:

Գրաֆիկի մեջ ներկայացնում ենք այն նյութերի քանակը, որը վերաբերում է նոր կառավարության անդամների և նրա ղեկավարի գործունեությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու ընտրական օրենսգրքի փոփոխություններին: 

Նշված թեմաներով բոլոր հրապարակումներն իրենց հերթին առանձնացել են դրական, բացասական և զեչոք բնութագրիչներով:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?